Գյումրու «OLIMPIC» մարզամշակութային համալիրում այսօր տեղի է ունեցել գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Բագրատ Օհանյանի անվան հուշամրցաշարի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Մեկնարկին Շիրակի մարզպետի օգնական Հակոբ Գևորգյանն ընթերցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշվում է ․«Անչափ գնահատելի և կարևոր է այսօրինակ միջոցառումների անցկացումը, քանզի մարզական այս հրաշալի մրցաշարը նախ յուրատիպ հարգանքի տուրք և խնկարկում է հրաշալի մարզիկի` Բագրատ Օհանյանի հիշատակին, հետո մարզական գեղեցիկ մրցումներ, որոնց շնորհիվ մեր պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան միմյանց հետ չափելու ուժերը, մրցվելու և փորձ ձեռք բերելու։ Իսկ մարզական դարբնոց Շիրակում ցանկացած սպորտային միջոցառում յուրատիպ տոն է, քանի որ մեզ մոտ գիտեն գնահատել մարզիկներին, գիտեն ինչ է տքնաջան աշխատել, ձգտել և հաղթել ու հաղթական դափնիներով վերադառնալ հայրենի մարզ։
Հուշամրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթում եմ առողջ ու ազնիվ պայքար և հաղթանակ։ Վստահ ենք` այս մրցաշարը կդառնա ավանդական և տարեցտարի կընդլայնի աշխարհագրությունն ու մասնակիցների թիվն էլ կավելանա։ Բարի երթ ձեզ»։
Կարդացեք նաև
Բռնցքամարտիկը տևական ժամանակ պայքարել է հազվադեպ հանդիպող հիվանդության դեմ, մահացել է 2021 թվականի դեկտեմբերին՝ 39 տարեկան հասակում։
Նշենք, որ հուշամրցաշարի մասնակիցները ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից են, այլ նաև Ջավախքից։
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ