«Այս սահմանազատում կոչված ամբողջ կեղծիքը, որն իր բնույթով, էությամբ հակասահմանադրական է, միեւնույն ժամանակ տեղի է ունեցել ճնշումների ներքո ու այս շարժման պատճառով տվեցին, պատը քաշեցին ցանկապատը, ասեցինք սուտ է խոսել, մեր հետեւից վազեց ցանկապատը քաշելու»,- այսօր Աբովյանում աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Նա նշեց, որ սահմանազատման գործընթացը անում են առանց կանոնակարգումների, թելադրանքների հիման վրա. «Մեր մեծ մայրիկներից մեկն առանձին ինձ հուզված, թաց աչքերով ասում էր՝ խնդրում եմ, որ հանկարծ այս շարժումը միայն այսպես ասած երեւութապես ժամանակ վատնելու չտանես, պետք է հասցնես հաղթական ավարտին: Էդ ամենամեծ ուղերձն է: Ինձ մի կյանք կա ընդամենը, էն էլ չգիտենք երբ է ընդհատվելու եւ ուխտ կա, որ մեր երկիրը պետք է ազատագրվի այս չարիքից, ուրիշ ճանապարհ չկա, մայրիկ ջան, թաց աչքերի պատասխանը պետք է լինի»:
Նա նաեւ անդրադարձավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ հունիսի 12-ի բախումներին. «Հունիսի 12-ը եղել է այն կարմիր կետը, որը մեզ համոզեց, որ գործ ունենք հանցագործ խմբի հետ, որն ամեն ինչի ընդունակ է, իրենց սիրտը արյուն է ուզում: Ուրիշ ուժերի սիրտը ուզում էր կրակի միջից մենք շագանակներ հանեինք ձեռքերով, իրենք կարողանան օգտվել եւ հունիսի 12-ին այն, ինչ տեղի ունեցավ, մեր միջամտությունն էր՝ կանխելու այդ ամենը: Ես կարծում եմ, այն կարեւոր ջրբաժան էր, որ մեզ վերստին դրել է մտածումի առջեւ, թե մենք ինչ ճանապարհով ենք առաջ գնալու: Մենք առաջ ենք գնալու, ուղղակի մեր ճանապարհները մի քիչ այլ ոլորաններով կգնան, բայց դա չի նշանակում, որ ոլորաններով ճանապարհ գոյություն չունի»:
Նա ներկայացրեց, թե ինչ են անելու առաջիկայում՝ մարզերում հանդիպումներ են ունենալու. «Կլինեն տարբեր գործողություններ, հիմնական թիրախը մնալու է մեկը՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը նաեւ պատասխանեց աբովյանցիների հարցերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ