Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմն Իտալիայի Տրասիմենոյի փառատոնում արժանացել է «Հատուկ հիշատակում» մրցանակին։ Նշենք, որ ֆիլմն անցյալ տարի է նկարահանվել։
Ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանը, սցենարիստը՝ Լիանա Ասատրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, օպերատորները՝ Ստեփան Խաչատրյանը և Սվետլանա Սարգսյանը։ Նրանք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ են։
Մեզ հետ զրույցում պրոդյուսեր Դավիթ Ջինանյանը նշեց, որ ֆիլմը ստեղծելիս մի շարք նպատակներ են ունեցել, որոնցից մեկն էլ միջազգային փառատոնային հարթակ հասնելն է։
Կարդացեք նաև
«Ֆիլմում ամեն ինչ անկեղծ է ստացվել։ Նրա մասին պատմող վերջին ֆիլմն է, որ անձամբ է տեսել։ Մենք կարողացանք վավերագրել նրա երկրային կյանքի վերջին ամիսները։ Ցավալի է նման մարդու կորուստը,-ասաց Դավիթ Ջինանյանը՝ հավելելով,- Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Իտալիայի Տրասիմենոյի փառատոնի կայացմանը մեծապես նպաստած մի մարդու՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Ձեպպին և «Ֆաբիո և Սիմոնա Կանչելոնիների» հիմնադրամին։ Առանց նրանց ջանքերի ոչինչ այսչափ հրաշալի չէր լինի»:
Վ. Ա.