Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Հակոբյանի հետ նույն տարածքում նույն օդը չէի շնչի, ո՞նց կարող ես էդ տիկնոջ հետ նույն տեղում լինես, բաժակ բարձրացնես». Զոհվածի մայր

Հուլիս 14,2024 13:50

«Որոշ զոհվածների ծնողներ իրենց որդու արյունը ծախել են», «փողը տեսել են՝ դարձել նիկոլական», «Աննա Հակոբյանի հետ գնում են փարթիների»… Համացանցում զոհված զինծառայողների ծնողների հասցեին այս եւ այլ անզգույշ մեկնաբանությունները տակնուվրա են անում որոշ ծնողների ներաշխարհը, անասելի ցավ են պատճառում:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում նեղսրտեց. «Մեր տղաները թքած ունեին բոլոր այդ քաղաքական հայացքների վրա: Նրանք 44 օր պայքարեցին, որ մի միլիմետր, մի սանտիմետր հող չզիջեին թշնամուն, նրանք չկռվեցին, ինչ է թե սերժական էին, քոչարյանական կամ նիկոլական, թքած ունեին: Իրենց համար միայն մի հայրենիք էր, մի հող, մի սրբություն, մի ընտանիք, էդ հասկացողությունն էր, դա էր իրենց նպատակը: Հիմա մեզ որ բաժանել են՝ եթե դու Նիկոլի դեմ ես, ուրեմն դու ծախված ես, պիցցայակեր ես, քոչարյանական ես, կամ եթե դու նիկոլական ես, ուրեմն քո տղային կարմիր խաչ մեդալ կտան: Ինձ էդ մեդալն ընդհանրապես հաշիվ չէ, թող իմ տղեն տուն գար, որովհետեւ ես 18 տարեկան տղա եմ տվել՝ առողջ, մեծ հպարտությամբ: Ես մտածում էի՝ բա տղեն էլ չծառայի՞: Տվել էի ծառայելու, չէի տվել, որ տանեին պատերազմի դաշտ իմ որդուն ու մասունք բերեին՝ 9 ամիս հետո: 9 ամիս խաբված էի, իմ երեխեն՝ մորգում: Գիտե՞ք ինչքան դաժան է մոր համար, երբ երազներումդ տեսնում ես, որ երեխեդ քեզ գալիս է երազում, ասում է՝ հոգնած եմ, քնել եմ ուզում, հանգստանալ եմ ուզում ու չես կարողանում գտնել երեխուդ՝ իրենց անփութության պատճառով: Իրենք ընդհանրապես թքած ունեին մեր ցավի, մեր տանջանքի վրա»:

Հարցրեցինք՝ ձեզ վրդովվեցնո՞ւմ են վատ մեկնաբանությունները՝ նա պատասխանեց. «Բոլոր մայրերին էլ վրդովեցնում են: Օրինակ, եթե Աննա Հակոբյանը տանում է սեւ ու սպիտակ փարթիի, Վաչիկ-Հրաչիկի պարը ի՞նչ կարիք կա գցել, դա ռեկլամ անել ու չհետեւել, որ էդ զոհվածի մորը կարող են քննադատել: Խանութ չեն կարողանում գնան հերոսների մամաները: Քննադատում են, որ նիկոլական են, կամ սերժական են, ծախված են»:

Դիտարկմանը, որ ծնողների շրջանում էլ կան տարանջատումներ, մեկը որդու գերեզմանի մոտ համբուրում է Նիկոլ Փաշինյանին, շնորհակալություն է հայտնում, անհասկանալի է դառնում, թե ինչու՝ Նաիրա Մարգարյանը պատասխանեց. «Դա իր խնդիրն է: Ես, օրինակ, Աննայի հետ նույն տարածքում նույն օդը չէի շնչի, քանի որ ինքն ասում էր՝ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, ո՞նց կարող ես էդ տիկնոջ հետ նույն տեղում, նույն վայրում լինես, նրա հետ բաժակ բարձրացնես, կամ սուրճ խմես, կամ շփվես ընդհանրապես»: Հարցին՝ բայց նորմա՞լ եք գտնում, երբ որոշ ծնողներ դա անում են՝ տիկին Նաիրան պատասխանեց. «Նորմալ չեմ ընդունում, բայց դա իրենց ընտրությունն է»:

Հարցին՝ ինչպե՞ս է պետությունը ձեր կողքին կանգնում, 10 մլն-ը տվել ու քաշվել է մի կո՞ղմ, թե՞ ձեր թիկունքին է՝ նա պատասխանեց. «Մենք, իմ նման ծնողները հաստատ էդ հաշվարկով չէինք տվել մեր տղային, որ տանեին մասունքի վերածած բերեին, վերջին անգամ համբուրելու հնարավորությունից էլ զրկված լինեինք: Թող իրանց մնար իրանց 10 մլն-ը, իմ երեխեն իմ կողքին լիներ, ես այսքան թեւաթափ չլինեի: Իմ միակ սփոփանքը կլիներ, որ այս իշխանությունը պատասխան տար… Ես նորից մնացել եմ իմ վարձով, իմ 6 երեխով, իմ աշխատանքով: Ես որ գնում եմ երեխու գումարը ստանալու, կոպիտ ասած միսս ոսկորս վեր է տալիս, արցունքներս աչքերիս եմ հեռանում, որ ինքը չկա: Իր սիրած մի բանը որ սարքում եմ, աչքերիցս արցունքը գնում է, չեմ կարողանում կուլ տալ: Ես մնացել եմ 2020 թվում: Իմ թոռների ծնունդն է, ես ծնունդի արարողությանը մենակ գնում եմ, շնորհավորում ու հետ եմ գալիս… Մենակ մի խնդրանք՝ չքննադատեն, որ 10 մլն-ը… Ախր գիտեք ինչ դժվար է մեր համար, որ մեր երեխեն զոհվի ու հողերը տանք: Բա էլ ինչի զոհվեց իմ երեխեն, եթե այնտեղ հայի մանկական ճիչ պիտի չլսվի, եթե այդտեղ հայը պիտի չապրի: Հիմա էլ Արցախը չկա, որ ասեն 30 տարի Արցախը պահեցինք, թող հիմա գոնե բանակը շենացնեն, որ ամեն զինվորին ոնց ուրախությամբ ճանապարհ ես դնում, այդպիսի ուրախությամբ էլ դիմավորես: Որ դրսում 21-րդ դարն է, բայց բանակում վառարանը չվառվի բենզինով, մեքենա լինելու պատճառով երեխան չմնա ձյան հոսքի տակ: Անվտանգ լինեն: Երեխան ծառայի ոչ թե խրճիթում, այլ նորմալ զորամասում: Էդ իրենց քեֆ-ուրախություն, պարգեւավճարները հանեն, մտածեն զուտ բանակի համար»:

Առաջարկում ենք զրույցի մանրամասները լսել ձայնագրությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031