Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը խճճվել, մնացել է ադրբեջանական մուրճի եւ հայ հասարակության ու ընդդիմության սալի արանքում. «Հայացք Երևանից»

Հուլիս 14,2024 12:43

Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը՝ տոն տալով Ադրբեջանի ղեկավարի նախորդ դատողություններին, հայտարարեց, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, ապա եւ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ընդգծեց «Հռչակագրի հետ մեր հարաբերությունները կարգավորելու» կարեւորությունը: Նրա խոսքով` «եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ ԼՂՀ Ազգային խորհրդի ու Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը՝ նշանակում է խաղաղություն երբեք չենք ունենա»։

Նույն օրը՝ փետրվարի 1-ին, զարմանալիորեն համաժամանակյա ներդաշնակությամբ գրեթե նույն միտքը փոխանցեց Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով, որ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Ավելի ուշ Ալիեւը ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջը կրկնեց թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Բաքվի բռնապետը մեր Հիմնական օրենքի նախաբանում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներ է տեսնում եւ գտնում է, որ այն պետք է փոխվի:

Այս անգամ եւս չուշացավ հայկական կողմի համահունչ արձագանքը: Սահմանադրության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հուլիսի 5-ին դարձյալ շեշտեց, որ «մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն», որը, նրա բնորոշմամբ, ժողովուրդը կհամարի իր ստեղծածը, իր ընդունածը: Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Փաշինյանը՝ Ալիեւի պահանջին ականջալուր, հրահանգել էր նոր Սահմանադրություն գրել ու դրա նախագիծ ներկայացնելու համար տվել էր 2 տարի ժամանակ, ինչից եւս կես տարի անց՝ 2026 թվականի դեկտեմբերի 30-ին, այն արդեն պետք է հաստատված լինի: Իսկ ի՞նչ կարծիքի են այս առնչությամբ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող հետազոտողները:

Հայաստանի անկախ մասնագիտական շրջանակները համարում են, որ մեր պետությունը, այո, կարիք ունի որակապես նոր Սահմանադրության, բայց ոչ թե իշխանությունների առաջարկած տրամաբանությամբ, այլ ճիշտ հակառակը: «Եթե մեր Սահմանադրությունը պետք է շեղենք այնպես, որ ինչ-որ մեկին դուր գա, ապա պետք է առհավետ մոռանանք ինքնիշխանության ու արժանապատվության մասին։ Սահմանադրությունն, առաջին հերթին, գրվում է տվյալ ժողովրդի շահերի համար եւ ոչ թե ինչ-որ մեկին հաճոյանալու կամ որեւէ պետությունից վախերը չեզոքացնելու համար»,- «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում նշել է սահմանադրագետ, Երեւանի պետհամալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որն այսօր ձեւավորված է, հազիվ թե ի վիճակի կլինի մեզ տալ որակյալ Սահմանադրություն: Գիտնական-սահմանագետի մտահոգությունը կիսում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, իրավաբան Գոհար Մելոյանը. «Եթե սահմանադրական փոփոխություններն իրականություն դառնան, ապա դրան հաջորդելու են Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու եւ Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցերը»,- ասել է նա: Մելոյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակ ունի՝ հասնել Անկախության հռչակագրի առոչնչության եւ, դրանով, իրավական հիմքից զրկել հայոց պետականությանը:

Ալիեւը, ըստ էության, Փաշինյանին անելանելի կացության մեջ է դրել, եթե, իհարկե, վերջինս ինքնակամ չի ընդունել նրա պայմանը, որը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Սահմանի տավուշյան հատվածի ապօրինի սահմանազատումը, ժողովրդի թուքումուրը, միակողմանի զիջումները դեռ չմարսած՝ Փաշինյանը դեմ է առել ադրբեջանական կողմի հերթական պահանջների պատին՝ Սահմանադրության փոփոխություն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, 300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձ նախկին բնակության վայրեր, Մեծամորի ատոմակայանի փակում եւ այլն:

Փաշինյանը խճճվել, մնացել է ադրբեջանական մուրճի եւ հայ հասարակության ու ընդդիմության սալի արանքում: Իշխող թիմի ներսում իրավիճակն անհանգիստ է, խուճապային, իշխանությունը ձեռքից գնում է, անվստահությունը՝ խորանում: «ԳԵԼԱՊ»-ի հուլիսի 3-6-ն անցկացված հարցման արդյունքում Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել քաղաքացիների ընդամենը 13.4 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 40.7 տոկոսը: ՔՊ-ի նավը, կարծես թե, խորտակվում է: Ցույց տալու համար, թե ամեն ինչ OK է, Փաշինյանը ձեւը գտել է՝ հեծանիվ է քշում: Բայց քանի որ վախերի մեջ է, հեծանվային երթուղում ոտքի է հանել ոստիկանությանը՝ քաղաքացիական հագուստով, իրեն էլ շրջապատել հեծանվորդ-թիկնապահներով:

 

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, նիկոլի խոփը դեմ է առել քարին: Հիմա նիկոլը հեծանիվ քշի կամ էլ ռազմական ինքնաթիռ նստի, միևնույնն է, իր երգը երգված է: Նա գիտի, որ իր տերերն իրեն ժամանակավոր են պահում և նա ողորմելիաբար կատարում է թշնամու բոլոր պահանջները, դավաճանելով հայոց պետականությանը՝ հիմարաբար հույս ունենալով, որ թուրքերն իր մեջքին կկանգնեն: Նա չի հասկանում, որ գավառական շուստրիությունը քաղաքականության մեջ չի գործում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031