«Մեր հայ բարեկամները եւս քիչ Բաստիլներ չեն տապալել… Ազգային տոների ժամանակ ընդունված է, որ դեսպաններն իրենց հյուրերին ներկայացնեն, թե ինչ է անում իրենց երկիրը Հայաստանի համար: Բայց ես կցանկանայի նախ հիշել, թե ինչ է արել հայ ժողովուրդը մեզ համար: Նա հարստացրել է մեր մշակութային ակունքները, իր բարեկամությամբ եւ հավատարմությամբ պատվել մեր երկիրը, մեզ տվել է դուստեր եւ որդիներ, որոնք նպաստել են Ֆրանսիայի կերտմանը»,- Բաստիլի գրավման օրվա՝ Ֆրանսիայի ազգայի տոնի առիթով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Դեսպանը հիշեց Շառլ Ազնավուրին, Միսաք եւ Մելինե Մանուշյաններին եւ այլ նշանավոր հայերի: Անդրադառնալով Հայաստանին ուղղված իր երկրի աջակցությանը՝ դեսպան Դըկոտինյին ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարությանը կոնսենսուսի առարկա են, ինչի մասին են վկայում ֆրանսիացի տարբեր պաշտոնյաների բազմաթիվ այցերը Հայաստան:
Կարդացեք նաև
«Ֆրանսիան եղել է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին այս վճռորոշ ժամանակաշրջանում՝ նախեւառաջ մարդասիրական մակարդակով ցուցաբերելով իր օգնությունն ի նպաստ իրենց տներից Ադրբեջանի կողմից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի՝ չզիջելով արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքը»,- ասել է դեսպանը:
Իր ելույթում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խոսել է նաեւ Հայաստանին ռազմական աջակցության եւ խորհրդատվության մասին, առանձնահատուկ շնորհավորել բոլոր այն զինվորներին, որոնք պաշտպանում են Հայաստանի սահմանները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ