Այսօր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի՝ Բաթլեր ավանում նախկին հանրապետական նախագահ և 2024թ. նախագահական ընտրապայքարում թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել` նրա ելույթի ժամանակ:
Միջազգային առաջատար լրատվականները հաղորդում են, որ Դոնալդ Թրամփը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Հաղորդվում է նաև, որ միջադեպի արդյունքում զոհվել է մեկ անձ, ևս երկուսը վիրավորվել են:
Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովող աշխատակիցները նրան դուրս են բերել բեմից, տեսախցիկներն արձանագրել են, որ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է հոսում:
Կարդացեք նաև
Թիկնապահները Թրամփին հեռացրել են միջոցառման հարթակից, տարել են դեպի բեմահարթակի մոտ կայանված ավտոմեքենա: Այդ վայրկյաններին նա մի քանի անգամ բարձրացրել է ձեռքը, ողջունել հավաքի մասնակիցներին` ցույց տալով, որ ամեն ինչ կարգին է և որ ինքը մարտական է տրամադրված:
Հայտնի է, որ Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել: Ըստ անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունների` Թրամփը «լավ վիճակում է»: Նա արդեն շնորհակալություն է հայտնել իր թիկնապահներին և աջակիցներին: