Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող» վերնագրով հոդվածը:
Հանձնաժողովը պարզել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023թ. նոյեմբերի 7-ին գնման պայմանագրի կնքմամբ Կառլեն Մկրտչյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման: Մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին «Հանրային ծառայության» մասին օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով օրենքի առերևույթ խախտում:
«Հետքը» գրել էր, որ Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում: Համայնքապետարանում որևէ խնդիր չեն տեսնում, ուղղակի վկայակոչում են «Գնումների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գնումների մասնակիցները հավասար են:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում