Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․ «44-օրյա պատերազմից առաջ իշխանությունը զբաղված էր ապուշությամբ․ թշնամին պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանը՝ Հրայր Թովմասյանին հանելով էր զբաղված»

Հուլիս 13,2024 20:35

«2020 թվականը մեկնարկեց Իրանի գեներալի սպանությունով։ Տարածաշրջանն ամբողջովին ցնցվում էր, եւ արդեն հասկանալի էր, թե ինչ է կատարվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք որպես խորհրդարանական խմբակցություն, հայտարարեցինք, որ տարին սկսում ենք անվտանգային ոլորտի վերահսկողական մեր գործառույթներով եւ խմբակցություն հրավիրեցինք ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին։ Նրանց հետ քննարկում էինք՝ պլան ունե՞ն, արդյոք, մեր իշխանությունները, թե ինչ անվտանգային մարտահրավերներ մենք ունենք»,-ասաց վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի մասին պատմող իր հերթական եթերում։

«Այս շարքում շատ կարեւոր էր Տոնոյանի եւ ԱԽ քարտուղարի հետ մեր հանդիպումը։ Տոնոյանի հետ հանդիպման համար մենք տեղեկություններ էինք հավաքել, թե ինչ սուր հարցեր պետք է տանք։

1․ ՍՈԻ-երը ձեռք բերելու վերաբերյալ կար վեճ, որ դրանց ձեռքբերումը սխալ է եղել եւ այն պետք է վիճարկել։

2․Այդ ՍՈՒ-երը չունեն համապատասխան հրթիռները, դրանք ծրագրավորված չեն եկել եւ կիրառելի չեն մեզ համար։

Մենք այդ հարցերը տվեցինք Դավիթ Տոնոյանին եւ նրա պատասխանների պատճառով «ամոթից գետինը մտանք», որ նման հարցեր ենք բարձրացրել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սկսեց մեզ պատմել, որ դա շատ կարեւոր, ճիշտ գնում է, որ ՍՈՒ-ն բարձրանում է, օդում լուծում մի քանի հակաօդային պաշտպանության միջոցի խնդիր եւ այլն։ Մի խոսքով, նա ամբողջությամբ հերքեց մեր մտահոգությունները եւ ասաց, որ շատ ճիշտ գնում էր»,-ասաց Էդմոն Մարուքյանը եւ ՍՈՒ-երի ու ընդհանրապես ռազմական գնումների հետ կապված կարեւոր դիտարկումներ արեց։

«Սա շատ կարեւոր է, որովհետեւ հենց հիմա էլ նույն վիճակն է։ Ռազմական գնումներն իրականացվում են հրապարակային։ Այսինքն, Ֆրանսիայից գնում ենք այսինչ զենքը, Հնդկաստանից գնում ենք այնինչը․․․ Ամբողջ աշխարհով մեկ գոռում ենք, թե ինչ զենք ենք գնում։ Ռազմական գնումներն այդպես չեն արվում։ Դա քաղաքական PR-ի առարկա չի։ Բայց մեզ մոտ այդպես է։ Եվ մենք արդեն փորձ ունենք, որ մի ռազմական գնումը ներկայացվել է որպես հզոր ձեռքբերում, ինչը, կարող է, այդպես էլ կար, բայց որն այդպես չեղավ պատերազմի ժամանակ»,-ասաց Մարուքյանը եւ հրապարակեց մինչեւ 44-օրյա պատերազմը նույն այդ ՍՈՒ-երի  հետ  կապված Նիկոլ Փաշինյանի՝ իր պաշտոնական էջում հուլիս, սեպտեմբեր ամիսներին տեղադրած տեսանյութերը եւ արած գրառումները, որոնք նկարագրում են մարտական հերթափոխում կամ վարժական թռիչքներում այդ կործանիչների կատարած գործողությունները։ Եվ դրանց տակ գրառումներում հանրությանը հրամցվում է, թե մեզ հետ հնարավոր չէ խոսել ուժի լեզվով։

Մարուքյանը, անդրադառնալով խնդրին, թե մինչեւ պատերազմը իշխանությունները ինչով էին զբաղվում Հայաստանում, ասաց․ «Մինչեւ պատերազմը մեր օրակարգն էր Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Հիշում ե՞ք, թե ինչ էր կատարվում խորհրդարանում, ինչ կռիվներ էին մինչեւ կորոնավիրուսի համավարակը։ Թշնամին պատերազմի էր պատրաստվում, Հայաստանում քննարկում էին Հրայր Թովմասյանին հանելու ճանապարհները։ Ինչպե՞ս հանել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից՝ հանրաքվեի՞ ճանապարհով, ԱԺ քվեարկությա՞մբ։ Որ նա չի թողնում Քոչարյանին նստացնել։ Քոչարյանին նստացնելն էր թիվ մեկ օրակարգը, որ Քոչարյանն ուզում է գալ, նախկինները, ռեժիմը․․․ Ամբողջ այս քննարկումն է եղել Հայաստանում։ Ու մյուս կողմից բոլորը գոռում էին, որ եկել են հողերը տան, եկել են հողերը տան։ Սահմանադրությունը փոխեք, ճգնաժամ է, կործանվում ենք, եթե ՍԴ նախագահին փոխենք, ամեն ինչ տեղը կընկնի։ Ամբողջ երկիրը զբաղված է եղել ապուշությամբ։ Ուրիշ բառ չեմ գտնում»,-հիշեցրեց Էդմոն Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031