Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բանուկ փողոցներից մեկը՝ Շառլ Ազնավուրի անվամբ․ «Սև Բերդում» տեղի կունենա նրան նվիրված համերգ

Հուլիս 13,2024 18:26

Գյումրիում շարունակվում են աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ՝ նրա արձանի մոտ,  Գյումրու համայնքապետարանի  «Անի» փողային նվագախումբն արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական աշակերտական երգչախմբի հետ հնչեցրեց նրա երգերը։

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին նրա արձանին։

Արձանի հեղինակ, քանդակագործ Սամվել Պետրոսյանն ու սոչիաբնակ գյումրեցի  գործարար Գագիկ Պետրոսյանը, ով տարիներ առաջ հոգացել էր արձանի քանդակման ու տեղադրման բոլոր ծախսերը, ելույթ ունեցան՝ վառ հիշողություններ պատմելով Շառլ Ազնավուրից։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Անի» փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Ձամուկաշվիլին  Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական աշակերտական երգչախմբի համար հատուկ գործիքավորել է «Քեզ համար, Հայաստան» երգը, երեխաները պարապել են շուրջ մեկ տարի, անցել ձայնագրման հատուկ գործընթաց ու բարձրացել  են բեմ։

Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ «Անի» փողային նվագախումբն ունի շառլազնավուրյան ծրագիր, մեծ համերգ կունենա սեպտեմբերին։ Դրանցից հինգն այսօր հնչեցին Շառլ Ազնավուրի հրապարակում։

«Այս միջոցառմամբ ևս մեկ անգամ արձագանք ենք տալիս Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Ազնավուրյան միջոցառումները Գյումրիում մեկնարկել են դեռևս տարեսկզբին, բայց այսօր թերևս ամենամեծ ու մասշատաբային միջոցառումներ են, համերգային ծրագրից հետո ունենալու ենք նաև փողոցի անվանակոչություն, իսկ տոնական օրվա վերջին ակորդը կհնչի Գյումրու պատմական «Սև Բերդ» ամրոցում՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։  Տոնական միջոցառումներ ամենատարբեր ձևաչափերով կունենանք՝ մինչև տարեվերջ և աշակերտական ընթերցումներ,  ցուցահանդեսներ, գիտաժողովներ, փառատոներ, համերգային ծրագրեր», -ասաց Լիլիթ Թովմասյանը։

Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ելույթում նշեց, որ Գյումրիում ամեն ինչ ազնավուրյան է, և սա այն  փոքրիկ շնորհակալությունն է մեծ շանսիոնեին, ով ահռելի մեծ ներդրում ունի հետերկրաշարժյան Գյումրիի զարգացման գործում։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, թե ինչպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ գյումրեցիների համար ամենածանր օրերին մեծանուն հայորդին իր ձեռքը մեկնել։

«Գյումրին այն եզակի քաղաքն է, որտեղ 2001 թվականին տեղադրվեց մեծ շանսիոնեի արձանը։ Արձանի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա եղել։ Տեսնելով արձանը՝  նա ասել է, ես փոքրամարմին եմ , բայց հսկա արձանս ձեզ եմ թողնում», -ասաց Լուսինե Սանոյանը։

Քանդակի հեղինակ Սամվել Պետրոսյանն էլ հիշեց, թե ինչպես  քանդակելուց հետո արձանը ցույց է տվել Շառլ Ազնավուրին՝ կարծիք հարցնելով։«Հարցրեցի՝ ո՞նց է , ստացվե՞լ է, ասաց՝ հոյակապ է, հետաքրքրվեցի, թե իրո՞ք հոյակապ է, ասաց՝ ասիկա երիտասարդ  է», -պատմեց քանդակագործը։

Միջոցառումները շարունակվեցին Գյումու Մուսայելյան փողոցում, այն այսօր անվանափոխվեց՝ կրելով Շառլ Ազնավուրի անունը։ Նրա երգերի տակ բացվեց  անվանատախտակը։ Առաջարկն արել է  Գյումրու փոխքաղաքապետ Լուսիեն Սանոյանը, ավագանին հաստատել է։

Իսկ այսօր փողոցի՝ պաշտոնական  անվանափոխման ժամանակ Լիլիթ Թովմասյանը նշեց, թե գյումրեցիների համար մեծ պատիվ է ապրել շանսիոնեի անունը կրող փողոցում, կրել այդ հասցեն։ Անվանակոչությունը տեղի ունեցավ փողոցում՝ պարարվեստի դպրոցի սաների ելույթով։

Երեկոյան «Սև Բերդ» ամրոցում պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն շանսիոնեի երգերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031