Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պնդմանը, որ պատերազմը պետք է կանգնեցվի, Փաշինյանը հայտարարել է, որ սա Սարդարապատ է եւ պետք է շարունակենք, բայց, ոչ մի պլան չի ներկայացրել»․ Էդմոն Մարուքյան

Հուլիս 13,2024 15:55

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի մասին պատմությունների շարքի հերթական եթերում ցուցադրելով  2020 թ․ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ նիստում իր ելույթի տեսագրությունը՝ ասաց, որ պահանջել է Ազգային ժողովի փակ նիստ, որպեսզի չլինեն միայն ինքն ու Փաշինյանը կամ եւս մի քանի հոգի։

«Փակ նիստ, որովհետեւ հարցուպատասխանի ժամանակ հնարավոր չէ հրապարակային ասել, թե որն է մեր պլանը եւ որպեսզի մարտահրավերները հասկանանք»,-հիշեցրեց նա եւ տեղեկացրեց, որ ինքը տարբեր եղանակներով,  ռազմական դրության նորմերը չխախտելով, ասել է, որ վարչապետը, երկրի ղեկավարությունը պետք է կապվեն մեր գործընկերների հետ եւ բանակցությունների միջոցով կռիվը կանգնեցնելու ճանապարհներ գտնեն։ «Եվ այդ ընթացքում որեւէ բան տեղի չէր ունենում, բացի երկրում  էյֆորիայի տարածումից, իսկ Արցախից վատ լուրերի բազմապատկման պրոցեսից։ Ես անգամ իշխանական պատգամավորներին էի ասում, որ վիճակը վատ է, որոնք նույնպես մեծ հաշվով տեղեկություններ չունեին։

Հոկտեմբերի 11-ին գումարվեց ԱԺ խորհրդի նիստ։ Վարչապետը եկավ խորհրդարան։ Նրա հետ էր արտգործնախարարը։ Հիմնական պալեմիկան իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ էր։ Վարչապետը առաջին փակ ռեժիմում, որտեղ մենք էինք, խոսեց այն մասին, որ գործերը ռազմաճակատում շատ վատ են, ունենք կորուստներ եւ սկսեց թվարկել դրանք։ Այսինքն այն, ինչը մենք Ղարաբաղում իմացել ենք, նա այդտեղ ասում էր, թե ինչ տարածքային կորուստներ ունենք, զինուժը որտեղ է հետ քաշվել, որտեղ են նահանջում։

Եվ ես տեսա իշխանական պատգամավորների դեմքի զարմանքը։ Բոլոր նրանք, ովքեր այդ օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղ չէին եկել եւ Հ1-ով էին իմանում, թե այնտեղ ինչ է կատարվում, զարմացած դեմքով էին։

Սկսվեց մեր հարց ու պատասխանը։ Ես ունեմ մի շարք սղագրություններ, որոնք ժամանակին «Առավոտ» թերթում հրապարակել եմ։ Մասնավորապես, որ նիստի ընթացքում ասվել է, որ մեր վիճակը շատ վատ է եւ մենք փաստացի պարտվում ենք։ Սակայն ոչ մի գործողության կամ, այսպես կոչված, բեկում մտցնելու պլան չի ներկայացվել»,-տեղեկացնում է նախկին պաշտոնյան։

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ երեք անգամ  հրադադարի միջնորդություն է եղել Մոսկվայի, Փարիզի եւ ԱՄՆ-ի կողմից, սակայն երեքի ժամանակ էլ հրադադարի ռեժիմը չի պահպանվել։ «Այդ նիստում ի պատասխան մեր պնդումների, որ պատերազմը պետք է դադարեցվի ռուսական կողմի միջնորդությամբ, վարչապետը պատասխանեց, որ ինքը կարող է զանգել նախագահ Պուտինին եւ ասել, որ համաձայն է պատերազմը դադարեցնել եւ Ադրբեջանին զիջել այն, ինչի համար նրանք պատերազմում են։ Խոսքն այն մասին էր, իբր, Ադրբեջանը պատերազմում է յոթ շրջանների համար։ Բայց իրականում Ադրբեջանի հարձակումը, ագրեսիան ավելի մեծ նպատակ ունի։ Բնականաբար, խոսքը յոթ շրջանները զիջելու Լավրովի չարաբաստիկ պլանի մասին էր։ Հաջորդ բոլոր հարցերը վերաբերել են վարչապետի պլանին։

Նայեք, այս պլանը խաղաղ պայմաններում չեն իրականացնում նախկին իշխանությունները, այս պլանը խաղաղ պայմաններում չի իրականացնում գործող իշխանությունը։ Եվ այս պլանը դեռ հոկտեմբերի 11-ի դրությամբ քննարկվում է խորհրդարանում։ Այն, ինչը մենք պետք է խաղաղ պայմաններում տայինք, նրանք գալիս են, պատերազմով գրավում։ Իսկ մենք դեռ Հայաստանում քննարկում ենք, թե եթե ես զանգեմ Վլադիմիր Պուտինին, պիտի ասեմ, մենք պատրա՞ստ ենք այդ զիջումներին, թե պատրաստ չենք։

Ես վարչապետին հարցրել եմ․ լավ, ո՞րն է ձեր պլանը այս պահին։ Դե, ասեք։ Բայց ուզում եմ, որ ներկայացնեք ռացիոնալ պլան։ Ի պատասխան, ինքն ասում է, որ ռացիոնալ պլան գոյություն չունի, որ հոկտեմբերի 9-ի հրադադարը, որն, ի դեպ, արդեն խախտված էր, պետք է օգտագործենք, վերադասավորվենք եւ պատերազմենք մինչեւ վերջ։ Որ սա մեր Սարդարապատն է։ Սա է եղել այդ հանդիպման արդյունքը։

Ամփոփելով ԱԺ խորհրդի նիստի մասը՝ ուզում եմ ասել, որ իմ այն պնդմանը, որ  պատերազմը պետք է կանգնեցվի, Փաշինյանը հայտարարել է, որ սա Սարդարապատ է, որ պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը, համախմբվենք եւ շարունակենք։ Բայց, միեւնույն ժամանակ ոչ մի պլան չի ներկայացրել»։

Էդմոն Մարուքյանը այս համատեքստում անդրադարձավ, իր բնութագրմամբ, մի շատ կարեւոր հանգամանքի։ «Վարչապետը հայտարարում է, թե բոլորն այն ժամանակ խոսում էին կռիվը կանգնեցնելուց, բայց ոչ ոք իրեն չէր ասում՝ ինչ ես դու անում, որ կռիվը հաղթես։ Հոկտեմբերի 11-ի ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ես վարչապետին ասել եմ․ ո՞րն է ձեր պլանը, խնդրում եմ ասեք ռացիոնալ պլան։ Ու նա պատասխանեց, որ ռացիոնալ պլան չկա։ Այնպես որ, այդ խոսակցությունը եղել է»,-ասաց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031