«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, այսօր Կոտայքի մարզում են՝ մարզկենտրոն Հրազդանում:
Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ սրբազանն օրհնություն խնդրեց 90-ամյա թաղավարդցի Քնարիկ մայրիկից, ում միակ զավակն արցախյան առաջին պատերազմում է նահատակվել: «Մենք միասին տուն ենք վերադառնալու»,- նրան խոստացավ Բագրատ սրբազանը:
Կարդացեք նաև
«Ես տեսնում եմ հաղթանակը եւ այդ ժամանակը հեռու չէ»,- հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը: Նա կարծիք հայտնեց, որ պայքարի ամենակարեւոր ցուցանիշն այն է, որ դրան մասնակից կամ ինչ-որ կերպ ներգրավված անձանց հիմնական նպատակը կյանքը վերականգնելն է:
«Հեքիաթի մեջ կախարդը ցախավելով ու գորգով է ճամփորդում, իրականության մեջ՝ հեծանվով»,- հեգնեց սրբազանը՝ նկատելով, որ աշխարհը խառնվել է իրար, մարդիկ գնում-գալիս են հանդիպում են, անվտանգային խնդիրներ են լուծում, Հայաստանի իշխանությունը՝ հայոց պատմությունը փոխարինում է Հայաստանի պատմությամբ: Սրբազանը ներկայացրեց շարժման ծրագիրը, որ համերաշխության ծրագիր է, բայց ոչ առանց արդարադատության ու ճշմարտության: Ամփոփելով իր խոսքը՝ Բագրատ սրբազանը հորդորեց. «Բոլորդ այս պայքարը դարձրեք անձնական»:
«Ամենամեծ խնդիրը վախը հաղթահարելն է»,- հրազդանցիներին դիմեց Գառնիկ Դանիելյանը՝ հավաստիացնելով, որ չկա ավելի վառ նպատակ, քան հայրենիքի ազատագրում է օկուպացիոն ռեժիմից, որը ոստիկանական պետություն է ստեղծել եւ ամենուր վախ է տարածում: Ոստիկանությունն, ըստ նրա, այս իշխանության միակ հենարանն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ