Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ոչ մի գործ դարակում չի մնում, սիրվում ու կատարվում է». Նարինե Զարիֆյան

Հուլիս 13,2024 14:45

Հուլիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հոբելյանական երեկոն, որը նվիրված է նրա ստեղծագործական գործունեության 40-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում տիկին Զարիֆյանն ասաց, որ ծրագիրը բազմաժանր է, կհնչեն տարբեր տարիների եւ տարբեր ժանրերի իր լավագույն ստեղծագործությունները:

«Համագործակցում եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), ներկա կլինեն շատ մենակատարներ, մեներգիչներ, երաժիշտներ, հետաքրքիր ծրագիր է լինելու, մասնակցելու է նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Երեկոյի ընթացքում կհնչեն տարբեր ոճերի եւ ժանրերի ստեղծագործություններ»:

Նարինե Զարիֆյանը մեր զրույցի ընթացքում անդրադարձավ սիմֆո-պոպուլյար ժանրին, որը տարիներ շարունակ ինքը եւ իր մի քանի գործընկերներ փորձում են զարգացնել Հայաստանում. «Այդ ժանրը շատ տարածված է Եվրոպայում, ԱՄՆ-ում, մեծ դահլիճներ է լցնում, ափսոսում եմ, որ մեր երկրում այդ ժանրն այդքան տարածված չէ: Հիմքում դասական երաժշտությունն է, որը սինթեզվում է դասական երաժշտության հետ, փոփ երաժշտության հետ, ժողովրդականի հետ: Այն սինթեզ է տարբեր ժանրերի եւ տարբեր գործիքների, սիմֆոնիկ նվագախումբ եւ տարբեր գործիքներ: Այս համերգային ծրագիրը հիմնականում կազմված է սիմֆո-պոպուլյար ստեղծագործություններից»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Նարինե Զարիֆյանի մանկավարժական գործունեությանը եւս: Կոմպոզիտորը երկար տարիներ դասավանդում է Երեանի պետկոնսերվատորիայում, սիրված է ուսանողների կողմից, 6 տարի է՝ ղեկավարում է ջազ-փոփ երաժշտության ամբիոնը. «Մեր ամբիոնում բավականին աշխատանք է տարվում, ամբիոնի ներսում ստեղծվում են ջազային փոքրիկ անսամբլներ, աշխատում ենք այնպես անել, որ ուսանողները երգեն ջազային նվագախմբերի եւ անսամբլների հետ, ամենակարեւորը կենդանի հնչողությամբ՝ առանց ֆոնոգրամայի»:

Նարինե Զարիֆյանն ասաց, որ իր համար սիրելի են իր բոլոր ստեղծագործությունները, սակայն, այնուամենայնիվ, առանձնացրեց դրանցից մի քանիսը, որոնք կարելի է այցեքարտային համարել. «Դա «Վոկալիզն» է, որ երգում է Սոնա Շահգելդյանը, շատ պահանջված ստեղծագործություն է, այս համերգին նույնպես հնչելու է, «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» գործն է, որը մշակել եմ եւ շատ սիրվել է ունկնդրի կողմից, «Աշնանային պատկերներն» են, որ գրեթե բոլոր երաժշտական դպրոցներում, կամերային նվագախմբերում նվագում են եւ շատ են սիրում: Այս համերգային ծրագրում հնչելու է «Umore da Rapsodia»-ն, որը կնվագի միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Դիլբարյանը»:

Հավելեց, որ համերգային երեկոյին հանդես կգան հայտնի երաժիշտներ, ի թիվս այլոց՝ նրանց թվում են Ռուբեն Հախվերդյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, թառահար Հակոբ Խալաթյանը, նախատեսված է նաեւ հարվածային գործիքների կազմ:
Կոմպոզիտորն ասաց, որ իրեն հաջողակ եւ երջանիկ մարդ է համարում որպես կոմպոզիտոր, քանի որ իր ոչ մի գործ դարակում չի մնում, անմիջապես կատարվում է, սիրվում ունկնդրի կողմից ու շատ տարածվում, երջանիկ է իբրեւ դասախոս, գնահատված՝ գործընկերների կողմից եւ վերջապես՝ գեղեցիկ ընտանիք ունի, ինչը լիակատար ու ներդաշնակ է դարձնում իր կյանքը: Նարինե Զարիֆյանը հատուկ շեշտեց, որ ստեղծում է այնպիսի ստեղծագործություններ, որոնք չձանձրացնեն ունկնդրին, միեւնույն ժամանակ կարեւորում է պրոֆեսիոնալ նշաձողը բարձր պահելը;

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարները տրամադրել է ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031