Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է պատմել, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Հոկտեմբերի 4-ն էր։ Դեռ Արցախում էինք, եւ տեղի ունեցավ հայտնի ողբերգական դեպքը՝ հարձակումը Շուշիի մշակույթի տան վրա, որտեղ ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքված էին ինչ-որ խորհրդակցության։ Շատ պարզ էր, որ դրոններով օդային հսկողություն կա ամբողջ տարածքի նկատմամբ։ Եվ ոստիկանությանը հավաքում են մշակույթի տանը ինչ-որ խորհրդակցության համար։ Բնականաբար, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, հետեւելով այդ գործընթացին, երբ բոլոր ոստիկանները մտնում են ներս, ռմբակոծում է մշակույթի տունը։ Փլուզվում է դահլիճը եւ ունենում ենք բազմաթիվ զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։
Այդ կադրերը հայտնվեցին սոցցանցերում, մամուլում եւ բավականին խուճապային տրամադրություններ առաջացրին թե Ստեփանակերտում, թե Երեւանում։
Մենք մեր բոլոր հանդիպումներն ավարտեցինք հոկտեմբերի 5-ին եւ որոշեցինք վերադառնալ Երեւան, որովհետեւ հոկտեմբերի 6-ին Երեւանում պետք է տեղի ունենար Ազգային ժողովի նիստ։ Գոյություն ուներ ռազմական դրության իրավական ռեժիմի հետեւանքով ստեղծված տեղեկատվական վակուում եւ հրապարակայնորեն չէիր կարող ասել որեւէ բան, որը չի համապատասխանում պետական քարոզչությանը։ Օրինակ, ասել, որ մենք պարտվում ենք, որ խայտառակ վիճակ է ռազմաճակատում։
Կարդացեք նաև
Վերադարձել ենք գրեթե ռմբակոծության տակ․ հարվածներ էին հասցրել Ստեփանակերտից դուրս եկող ճանապարհներին։ Ինչ-որ կիսաանտառային գետի միջով դուրս եկանք Ստեփանակերտից։ Դեպի Երեւան ճանապարհին նորից զինուժի եւ շտապ օգնության մեքենաների արագ ընթացքն էր դեպի Հայաստանի տարբեր հոսպիտալներ եւ քաղաքացիական հիվանդանոցներ։
Երեւանում ես իմ ամենանեղ շրջապատում ասում էի, որ շատ վատ է վիճակը բոլոր առումներով։ Արցախից ասում էին՝ գնացեք, մի բան արեք, պատերազմը կանգնեցրեք։ Բայց այստեղ տեսնում էի շատ ոգեւորված մարդկանց։ Բոլորը խոսում էին հաղթանակի մասին․ հաղթում ենք, հաղթելու ենք։ Ոչ ադեկվատ իրավիճակ էր։ Անգամ իմ մտերիմ ընկերներից մարդու եմ պատմել իրավիճակի մասին։ Ու այդ օրվանից մինչեւ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 9-ը, իրար հետ չենք շփվել, որովհետեւ այդ ընկերս նեղացավ ինձանից։ Նա չէր ուզում լսել ինձանից որեւէ այլ լուր։ Ասում էր․ մենք հաղթում ենք, Աաա՜, դու երեւի ընդդիմությունից ես, դրա համար ես նման բան ասում։ Մենք հաղթում ենք, մենք հաղթելու ենք եւ մեր գլխում ոչ մի այլ միտք չպետք է լիներ։
Այս օրինակը բերում եմ, որովհետեւ հիմա էլ է նույն իրավիճակը։ Հենց հիմա մենք այդ իրավիճակի մեջ ենք ապրում։ Հիմա էլ են մարդիկ ուզում լսել լավ լուրեր, որ ասենք՝ մենք հաղթելու ենք, հեսա խաղաղության պայմանագիր ենք կնքում, որ բան չի մնացել, կնքում ենք, ինչո՞ւ ես ասում, որ այս կա, այն են ասում, որ նոր սահմանադրության պահանջ են դրել, որ խաղաղության պայմանագիրը սառույցին են գրում։ Այսինքն, մարդիկ հիմա էլ չեն ուզում ադեկվատ որեւէ բան լսել։
Եվ լսում են բոլոր նրանց, ովքեր հույս են վաճառում, ամեն օր հերոինի պես հույս են տալիս։ Մարդիկ չեն ուզում ադեկվատություն լսել, չեն ուզում բոլոր մարտահրավերները իմանալ, պատրաստ լինել այդ մարտահրավերներին, իմանալ, թե ինչ է իրենց սպասվում, ինչ է մեզ սպասվում ինչի է սպասվում, ինչ պետք է անենք, որ չսպասվի։
Պատերազմի ժամանակ կար պետական քարոզչություն։ Բայց այն ժամանակ ռազմական դրություն էր։ Հիմա էլ հո ռազմական դրություն չի՞։ Ժողովուրդ, դուք ուզում եք լսել միայն սուտ, ուզում եք անդադար ձեզ խաբեն, ուզում եք քաղաքական գործիչներին սիրել ականջներով։ այսօրվա վիճակն էլ այդ է»,-ասում է Էդմոն Մարուքյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ