Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան. «Այս թերակատարումների արդյունքները մենք դեռ տեսնելու ենք հաջորդ տարիներին սպասվող ՓՄՁ-ների շրջանում անկումային արդյունքներով»

Հուլիս 13,2024 12:15

Պետական ՓՄՁ աջակցության ոչ մի կենսունակ մարմին չունենք՝ ի տարբերություն մյուս երկրների, որոնք պարբերաբար իրազեկման միջոցառումներ է իրականացնում ՓՄՁ-ների, իսկ որ ավելի կարևոր է մարզային ՓՄՁ-ների համար։ Չունենք նաև կոնկրետ արտահանման աջակցության նորից հասցեական աջակցություն ցուցաբերող օղակ, այդ պատճառով հետընթաց ունենք ՓՄՁ-ների միջազգայնացման ցուցանիշում։

 «Առավոտի» հարցազրույցը Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ

-Պարոն Ավագյան, օրերս ՓՄՁ Ասոցիացիայի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակվեց տեղեկատվություն, որ ՏՀԶԿ զեկույցի համաձայն՝ Հայաստանը զիջում է իր ցուցանիշներով հարևան երկրներին։ Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը

-Շնորհակալություն, այո ցավոք սրտի, դա այլևս պաշտոնական փաստաթուղթ է, որում տեղ գտած խնդիրների մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այս քաղաքականությունը, որը վարվում է մեր երկրում վերջին տարիներին՝ ուղիղ վնաս է բերելու ՓՄՁ-ների զարգացմանը և առավել խոցելի հենց մարզային ՓՄՁ-ների համար։

Ձեր ընթերցողների համար շատ կարճ ներկայացնեմ, որ ՏՀԶԿ-ն (OECD) Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 60 տարվա կյանք, փորձ տնտեսական և քաղաքական զարգացման գործիքակազմ։ և, իհարկե, ունի որոշակի չափորոշիչներ, որոնցով գնահատում է երկրների տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքականությունները և համեմատականներ անում։ ՏՀԶԿ-ն հատուկ անդրադարձ ունի հենց ՓՄՁ-ների քաղաքականությունների համար՝ SME Policy Index: Սկսած 2012թ-ից, ամեն 4 տարին մեկ, ՏՀԶԿ-ն, ԵՄ աջակցությամբ մշակում է այս փաստաթուղթը, որտեղ նաև անդրադարձ է կատարում ԱԼԳ (արևելյան գործընկերության) երկրների համեմատական ցուցանիշներին։

Սա մոտ 400 էջանոց փաստաթուղթ է, որին բնական է չենք կարող անդրադարձ անել մեկ հարցազրույցում։

Ես փորձեմ հենց Հայաստանին վերաբերող ցուցանիշներին անդրադառնալ։ ՓՄՁ-ներին վերաբերող ցուցանիշները ՏՀԶԿ-ի կողմից հիմնականում 6 հիմնասյուների տրամաբանությամբ է վերլուծվում։

Առաջին հիմնասյունը, որը վերաբերվում է ՓՄՁ-ների զարգացման համար տվյալ երկրում քաղաքականությունների մշակմանը՝ ապա այստեղ Հայաստանը վաստակել է 3,24 միավոր, իսկ ԱԼԳ երկրների միջինը եղել է 3,78։ Սնանկության գործընթացներին և երկրորդ հնարավորության ցուցանիշով մեր երկիրը վաստակել է ավելի շատ ցածր 1,97 ցուցանիշ միջինի 2,35-ի նկատմամբ։ Գործառնական միջավայրին վերաբերող ցուցանիշը՝  3,99, ևս ցածր է ԱԼԳ երկրների 4,24 ցուցանիշից։

Հաջորդ հիմնասյունը, որը վերաբերվում է ՓՄՁ հմտություններին և կանանց ձեռներեցությանը ևս արձանագրել ենք ցածր ցուցանիշներ։ ՓՄՁ հմտություններով գրանցվել է 2,37, իսկ միջինը եղել է 3,57,  կանանց ձեռներեցության ներգրավվածության մեր երկրի ցուցանիշը եղել է 2,91, իսկ միջինը 3,64։

Մյուս հիմնասյունը, որը վերաբերվում է ՓՄՁ-ների ֆինանսական հասանելիությանը, որը տարիներ ի վեր մեր երկրի ՓՄՁ-ների կողմից բարձրաձայնվող ամենաառաջնային խնդիրներից մեկն է, այս զեկույցում Հայաստանի ցուցանիշը 3,54 է, իսկ միջինը 3,56։

Այսպես շարունակ ավելի մեծ շեղվածությամբ ցածր ցուցանիշ ենք գրանցել ՓՄՁ-ների միջազգայնացման ցուցանիշով, որտեղ մենք գրանցել ենք 2,91 իսկ միջինը եղել է 3,58։ Սա ուղիղ խոսում է մեր երկրի արտահանմանն ուղղված միջոցառումների ձախողումների մասին։

-Պարոն Ավագյան, բայց չէ ՞որ Հայաստանը իր տնտեսական աճի ցուցանիշներով առաջատար դիրքեր է զբաղեցնում, ինչպես է ստացվում, որ ՓՄՁ-ների ցուցանիշների համեմատականները ավելի ցածր են։

-Տնտեսական աճի կառուցվածքի և դրա խնդիրների մասին արդեն մեկ անգամ չէ, որ ինձնից շատ ավելի բանիմաց մեր երկրի անկախ տնտեսագետները խոսել են, տվել գնահատականներ։ Այս զեկույցում ևս մեր երկրի մասով անդրադարձ կա թե ինչպես է այդ բարձր տնտեսական աճն ապահովվել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքների մեր երկրի համար տնտեսական դրական էֆեկտով։ Դա կլինի ռելոկանտների հոսքի, վերաարտահանումների և այլ ժամանակավոր հնարավորությունների արդյունքն է։ Դա է պատճառը, որ բուն, իրական մեր երկրի ՓՄՁ-ների համար այդ տնտեսական աճն էական ազդեցություն չի թողել։ Բացի դա, այս զեկույցում առանձին-առանձին հիմնասյուններով է գնահատականները տրվում թե կոնկրետ, հասցեական հենց ՓՄՁ-ների համար ինչպիսի քաղաքականություններ է մշակվել, գործողություններ իրականացվել և այլն։

Օրինակ` մեր երկրի ՓՄՁ-ների ինստիտուցիոնալ զարգացման մասում նորից անդրադարձ կա այն մասին, որ 2002թ-ից ստեղծված ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որն ուներ 10 մարզային կառույցներ, վատ թե լավ, բայց մարզային ՓՄՁ-ների աջակցության գործիքակազմ, այն այս կառավարության օրոք փակվեց փոխարենը ոչինչ չդնելով։

Կամ, նույն մեր երկրի կառավարության կողմից հաստատված,  2020-24թթ-ի մեր երկրի ՓՄՁ զարգացման ռազմավարության մասին անդրադարձ կա այս փաստաթղթում, որտեղ նշվում է, որ այս ռազմավարությամբ հաստատված գործողությունները չեն կատարվել։ Նախատեսված 2020-22թ-ի համար 8,8 մլրդ դրամի, որից միայն 5 մլրդ պետք է կառավարությունը տրամադրեր, ծախսը, որն ուղղված էր մեր երկրի ՓՄՁ զարգացման միջոցառումներին չի իրականացվել։

Ցավալին այն է, որ սրանք զուտ ցուցանիշներ չեն, այս թերակատարումների արդյունքները մենք դեռ տեսնելու ենք հաջորդ տարիներին սպասվող ՓՄՁ-ների շրջանում անկումային արդյունքներով։

-Որ միջոցառումներում ենք մենք ավելի շատ թերացել և համեմատության մեջ որ ցուցանիշներով ենք ետ մեր հարևաններից։

-Եթե նայենք զուտ համեմատական ցուցանիշներով ԱԼԳ երկրների, այդ թվում մեր հարևան երկրների հետ, ապա ամենացածր ցուցանիշը վաստակել ենք ՓՄՁ-ների համար հարկային ընթացակարգերի մասով գրանցելով 2,73 միավոր, իսկ հարևան Վրաստանը գրանցել է 4,26, այստեղ մենք զիջում ենք նույնիսկ Ադրբեջանին, որոնք գրանցել են 3,70 ցուցանիշ։ Բայց սա դեռ բավարար չէ, մենք հենց հիմա մեր երկրում ականատես ենք լինում թե ինչպես են վերացվում պարզեցված հարկային համակարգերը մեր երկրի գերփոքր և փոքր բիզնեսների համար։

Համեմատական ցուցանիշներում ամենաբարձրը, որ գրանցել ենք՝ ընկերության գրանցման ցուցանիշն է 4,88, որով առաջ ենք Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինայից, իսկ զիջում ենք Վրաստանին, վերջինիս 5,0 ցուցանիշի համեմատ։ Բայց նորից կրկնվեմ, ինչպես արդեն նշել եմ, միջինացված ցուցանիշներով նույնիսկ այս գլխի, որը վերաբերվում է գործառնական միջավայրին, ապա զիջում ենք ԱԼԳ բոլոր երկրիներին։

Այս պահին , եթե խոսենք զուտ միջոցառումների մասին, ապա նորից այստեղ կարևոր է նշել, որ պետական ՓՄՁ աջակցության ոչ մի կենսունակ մարմին չունենք՝ ի տարբերություն մյուս երկրների, որոնք պարբերաբար իրազեկման միջոցառումներ է իրականացնում ՓՄՁ-ների, իսկ որ ավելի կարևոր է մարզային ՓՄՁ-ների համար։ Չունենք նաև կոնկրետ արտահանման աջակցության նորից հասցեական աջակցություն ցուցաբերող օղակ, այդ պատճառով հետընթաց ունենք ՓՄՁ-ների միջազգայնացման ցուցանիշում։

Այսպես շարունակ կարող ենք թվարկել մեր երկրի թերացումները ՓՄՁ զարգացման միջոցառումների մասով, բայց հնարավոր չէ կարճ անդրադարձով դրանք վերլուծել։

Բայց մի բան փաստ է, որ ՓՄՁ աջակցությունն ամենօրյա աշխատանքներ ու միջոցառումներ են, որոնք անընդհատ պետք է իրականացվեն պետական հովանու ներքո, եթե իրապես ցանկություն ունենք ունենալու զարգացած, զարգացող  և դիվերսիֆիկացված տնտեսության այլ ոչ թե խոշոր բիզնեսներից կախված շատ խոցելի տնտեսական կառուցվածք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031