Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախկին փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը: Դեռեւս անցած տարվա օգոստոսից այս կարեւոր հանձնաժողովը, որը բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի բացահայտմամբ, նրանց եկամուտների հայտարարագրերի ստուգմամբ պետք է զբաղվի, նախագահ չունի, քանի որ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ն չվերընտրեց այդ պաշտոնում։ Զրուցել ենք Հայկուհի Հարությունյանի հետ։
– Խորհրդարանի հերթական սաբոտաժը Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, Դուք աշխատել եք Նարինե Ավետիսյանի հետ, արդյոք նա «մերժվելու» արժանի՞ թեկնածու էր, թե՞ ՔՊ-ն ուղղակի հնազանդներին է փնտրում, որ իրենց խախտումները չնկատեն։
– Ես չէի ուզենա անձերի վերաբերյալ մեկնաբանություն անել՝ անկախ այն բանից, որ Նարինեի հետ աշխատել եմ, որովհետեւ կողմնապահ կհնչի իմ կարծիքը։ Ինչ վերաբերում է գործընթացին, ապա այն զարմանալի չէր․ այսօրվա իրավիճակն ակնհայտ էր դեռեւս անցած տարվա օգոստոս ամսվանից, երբ պատասխանատվություն կրող քաղաքական ուժը գործընթացն օրենքով սահմանված ժամկետներում չկատարեց։
– Նկատի ունեք, որ Ձեր պաշտոնավարման ժամկետը դեռեւս օգոստոսին էր լրացել, սակայն ԿԿՀ նախագահի ընտրությունը կազմակերպվեց դեկտեմբերի՞ն։
Կարդացեք նաև
– Այո, իմ մասնակցությամբ գործընթացն արդեն իսկ օրենքի խախտմամբ էր, եւ քանի որ այդ խախտումներին պատշաճ արձագանք չտրվեց, ինձ համար դեռեւս այդ ժամանակվանից այսպիսի սցենարը բացարձակ կանխատեսելի էր: Այդ փաստը հետագայում նաեւ միջազգային արձագանք գտավ, որը սահմանային եւ այլ խնդիրների պատճառով ստվերվեց։ Խոսքը ԵԽԽՎ զեկույցի մասին է, որը ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ իր գնահատականներում ինձ հղում անելով, այդ գործընթացը որակել է քաղաքականացված, նաեւ նշելով, որ այդ հարցին առաջարկում են ուշադրություն դարձնել, որպեսզի թափուր հաստիքները լրացնելիս այդ տեսակի ռիսկերն ու վտանգները չեզոքացվեն։ Գործընթացը նույն սկզբունքով շարունակելու միտումն արդեն ինձ համար կանխատեսելի էր դարձրել նման ելքը։ Եթե հիշում եք՝ իմ ընտրության ժամանակ երբ ինձ հարց ուղղվեց` Հերիքնազ Տիգրանյանի կողմից գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ես չթաքցրի, որ, այո, ինձ համար այս գործընթացը, այն սկզբունքով, որ կազմակերպվում է, անընդունելի է։ Բերեցի նաեւ Դանիայի օրինակը, որ, օրենքի կարգավորումներից զատ, եթե իրավունքի ուժով թեկնածուներին ԱԺ են ներկայացնում, իսկ ԱԺ-ն էլ նման վարքագիծ է դրսեւորում, ինչը բոլոր իրավական նորմերին դեմ է, իրավունքի ուժով` ցուցակով ներկայացված անձինք համարվում են ընտրված, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտների էությունը չտուժի, իսկ այս դեպքում, երբ տոտալ վերահսկվում է մեկ ուժի կողմից եւ հենց այդ ուժի քվեարկությամբ է ձեւավորվում, արդեն բոլոր տեսակի ժողովրդավարության սկզբունքների խաթարում է։
– Ի վերջո, ո՞րն է իշխանության նպատակը, մինչեւ ե՞րբ կարող է հանձնաժողովը գլխատված մնալ, եւ այս կարգավիճակով այն լիարժեք գործունեություն կարո՞ղ է ծավալել։
– Ես պիտի հիշեցնեմ ԵԽԽՎ-ի՝ 3 տարի առաջվա զեկույցը, որը գնահատելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները՝ բարձր էր գնահատել հանձնաժողովի ձեւավորման փաստը։ Այսինքն՝ ՀՀ-ում իշխանության բաշխման ավանդական սցենարը խախտված էր, եւ դա գնահատել էին նաեւ դրսի սուբյեկտները, գնահատել, որ խաղի կանոնները փոփոխված են, այն մանդատը, որ տրված է ԿԿՀ-ին, եւ այն կազմն ու նախագահի՝ որպես այն ժամանակ ընդդիմության թեկնածուի, նշանակումը լուրջ առաջընթաց է։ Այսինքն՝ ներդրվել էր մարմին, որի անկախության վերաբերյալ այդ պահին երաշխիքները բարձր էին դրված, պատասխանատվություն ստացած անձինք՝ հանձին ինձ, այդ անկախությունը գործառնական մակարդակում իրացնում էին։ Պատկերացրեք՝ երբ ձեւավորված իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն գրեթե բոլոր ճյուղերում, բայց մի օղակը դուրս է մնում, դա արդեն իսկ ամբողջ համակարգի երերման հիմք է հանդիսանում։ Որքան էլ թվա, թե այդ կառույցն ավելի քիչ լծակ ունի, այդպես չէ, նշանակում է՝ այնտեղ խրված միավոր կա, որն ընդգծված տարբերվում է քաղաքական մեծամասնության կուրսից եւ պետական ինստիտուցիոնալ մոտեցումների հաշվին կարող է վտանգել նաեւ իշխանությունը՝ լավ իմաստով: Իշխանության սխալների, բոլոր տեսակի ռիսկերի արձանագրումը բերելու էր վերջիններիս հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի։ Ուստի, իմ կարծիքով, հաշվի առնելով հետագա զարգացումները, նման կերպ վարվեցին, որովհետեւ իրենց համար ոչ ցանկալի սցենար էր, եւ քանի որ այդտեղ նաեւ իմ նախկին գործընկերները՝ ՀԿ ներկայացուցիչները, ցավոք, կիսեցին այդ մոտեցումը կամ շահը, ստացվեց, որ գնաց ավելի շատ իշխանական օժանդակություն, քան ինստիտուցիոնալ ընկալում։ Հետեւաբար, մարմինը դարձավ ոչ մի բան։
– Օրենքը կարգավորումներ չի՞ նախատեսում, առանց ղեկավարի հանձնաժողովը որքա՞ն կարող է աշխատել, ստացվում է՝ անվերջ կարող են չընտրել, բայց անունով` Հայաստանում կա նման կառույց։
– Հանձնաժողովը չի կարող առանց նախագահի գործել։ Բացի այդ, որեւէ մեկը չի բարձրաձայնում՝ 3 անդամով գործող կառույցն ի՞նչ որոշումներ է այս ամիսներին կայացրել, մասնագիտական եւ դրա ազդեցության տեսանկյունից որոշումներ կայացնողներն ի՞նչ հնարավոր պատասխանատվության կարող են արժանանալ եւ հաշվետվողականություն կրել` չկա ոչ մի բան։ ԿԿՀ-ն անդեմ, անբովանդակ բանի է վերածվել, որի պատասխանատվությունը որեւէ մեկը չի ուզում ստանձնել:
– Ներկա կարգավիճակում, օրենքով՝ հանձնաժողովը պետք է լուծարվի՞, թե՞ ոչ։
– Նախագահի պաշտոնակատար կա, բայց էլի՝ խախտումներով։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում