2024թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 12-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 56-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների ու պանելային քննարկումների շրջանակներում ներառված էին կանանց դեմ բռնությունների, արտադատարանական մահապատիժների, խոսքի ազատության, կլիմայական փոփոխությունների, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցության թեմաները: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:
ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 29 հիմնական և պատասխան ելույթներով, ինչպես նաև միացավ 23 համատեղ հայտարարությունների։
ՀՀ ՄՆ ելույթներում անդրադարձներ կատարվեցին Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրներին, Ադրբեջանի կողմից իրականացված արտադատարանական սպանություններին, կտտանքներին, անհայտ կորածներին ու բռնի անհետացածներին, մշակութային ու կրոնական կոթողների նկատմամբ կիրառվող վանդալիզմի դեպքերին, հայատյացության ծայրահեղ դրսևորումներին ու ատելության սերմանմանը: Շեշտվեց, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Հայաստանն իր ելույթներում անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմանը, պատմության կեղծարարության ու վերաշարադրման փորձերին և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններին։
Կարդացեք նաև
ՀՀ ելույթներում ուշադրություն հրավիրվեց նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների ոտնահարումներին ու մարդու իրավունքների խախտումներին:
ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին նաև Հայաստանի լավագույն փորձն ու ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումները՝ ներառյալ մամուլի և խոսքի ազատության, իրավական բարեփոխումների, ինչպես նաև Մարդու իրավունքների պարտավորությունների իրականացման ազգային մեխանիզմի հիմնադրման ուղղությամբ կատարված աշխատանքը։
ՄԻԽ 56-դ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը միացավ «Անվճար նախակրթական և միջնակարգ կրթության» հարցերով բանաձևի նախագծի հեղինակների խմբին՝ Լյուքսեմբուրգի, Սիերա-Լիոնեի և Դոմինիկյան Հանրապետության գլխավորությամբ։ Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով։ Այն նախատեսում է Երեխաների իրավունքների կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության ձևավորման նպատակով միջկառավարական աշխատանքային խմբի ստեղծում։
Հայաստանը համահեղինակեց նաև մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում կարծիքի և արտահայտվելու ազատության, դատական իշխանությունների անկախության ու անաչառության, կանանց և աղջիկների դեմ խտրականության, ինչպես նաև մարդու իրավունքների ու կլիմայական փոփոխությունների հարցերով։
Հայաստանը համահեղինակեց «Անվճար նախակրթական և միջնակարգ կրթության» հարցերով ՄԻԽ 56-րդ նստաշրջանի հարակից միջոցառումը։
ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կսկսվի 2024թ.-ի սեպտեմբերի 9-ին։
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՆԵՎԻ ՄԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ