Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը․ «Փաստ»

Հուլիս 13,2024 10:40

Ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում է կրթական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին։ Բայց իր պաշտոնավարման ընթացքում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Փաշինյանը իշխանության գալուց որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե կրթությունը դարձնելու են ազգային ապրելակերպ։ Բայց արդեն 6 տարի է, ինչ հարվածի տակ է մեր կրթության արժեհամակարգային տարրը, որը քաղաքացի է ձևավորում ու նրանց կապում է իր ազգային արմատների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը։ Օրվա իշխանությանը ոչ թե պետք են ազգային արժեհամակարգի ոգով դաստիարակված անձինք, որոնք որոշակի տեսլական են տեսնում հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, այլ մարդիկ, ովքեր կուրորեն կհետևեն, թե ուր են իրենց տանում իշխանությունները՝ անգամ անդունդ։

Այս քաղաքականության առաջին ակորդը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական համակարգից հանելու որոշումն էր։ Նախօրեին էլ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թվականից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Որդեգրած «քաղաքականության» համատեքստում իշխանությունները տեղում կանգ չեն առնում։

Տևական ժամանակ է, ինչ նրանց կողմից հարձակումների են ենթարկվում հայագիտական առարկաները, մասնավորապես «Հայոց պատմությունը»։ Ու հիմա արդեն կատարում են հերթական «վճռական» քայլը՝ կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» առարկայի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Ու Փաշինյանն էլ այն հիմնավորում է այնպիսի սոուսով, որ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմություն է, սակայն առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը։ Ստացվում է, որ հայոց պատմության այն ժամանակահատվածները, որոնք, չնայած պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի կյանքում անկյունաքարային նշանակություն են ունեցել, կարող են ուղղակի դուրս մնալ դասագրքի բովանդակությունից։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031