Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան․ Թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում․ «Փաստ»

Հուլիս 13,2024 10:10

Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով գործադրված ջանքեր իրավական թիմի կողմից:

«Սակայն այս գործողությունները ժամանակատարություն ունեն: Մյուս կողմից՝ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում նկատում ենք թերացումներ, և նաև բանակցային գործընթացն է, կարծես, սխալ տրամաբանությամբ ընթանում: Մարդասիրական հարցերի լուծումն ընկալվում է որպես քաղաքական հարցերի հանգուցալուծման ածանցվող հետևանք, ոչ թե նախապայման, այդ թվում՝ խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Իմ գնահատմամբ, առանց մարդասիրական խնդիրների լուծման, չենք կարող խաղաղության մասին խոսել: Այդ խնդիրների լուծումը նախ և առաջ պետք է ծառայի որպես հիմք և ապացույց, որ խաղաղությունը կարող է կենսունակ, երկարատև լինել, և այն իմիտացնող բնույթ չունի: Քանի դեռ այս խնդիրներն իրենց լուծումը չեն ստացել, պետք է բացառվի նաև այլաբնույթ հարթություններում փաստաթղթերի ստորագրումը: Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, ցավոք, Հայաստանի իշխանությունները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, և կայացվող որոշումները չեն արտացոլում լիարժեք սուվերենությամբ օժտված պետության դիրքորոշումը, և արդյունքում մեզ համար այս խնդիրներն այս պահին էլ մնացել են անկատար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը:

Նշում է՝ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս այն երկխոսությունը, որ կարող է լինել հրաժարում դատական գործընթացներից: «Ինձ համար դա անթույլատրելի է նաև այն տեսանկյունից, որ այս պահին թեկուզ ժամանակավոր, թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում, նաև իրավաբանական թիմերն են հաջողությամբ գործել, վարել և հաղթել ադրբեջանական պետությանը: Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավական հարթակն է: Ուստի, այդ հարթակում առկա զինատեսակներից Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի հրաժարվել, քանի դեռ իրեն հուզող խնդիրները երաշխավորված լուծումներ չեն ստացել»,-նշում է մեր զրուցակիցը: Մանրամասնում է նաև, թե օրվա իշխանությունների այս քայլը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանքներ կարող է ունենալ:

«Հրաժարվենք իրավական պահանջատիրությունից, բոլոր խնդիրները կստանան քաղաքական ճանապարհով հանգուցալուծումներ: Բայց, ցավոք, քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը վայրի է, այն արտացոլում է ոչ թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը, այլ ուժեղի քմահաճույքները: Կստացվի, որ միջպետական նշանակություն ունեցող հարցերը ոչ թե լուծում են ստացել իրավական ճանապարհով, որտեղ արտացոլված են օրենքով, միջազգային փաստաթղթերով պաշտպանվող պետությունների կամ նրանց քաղաքացիների շահերը, այլ վայրի քաղաքականության արդյունքում պաշտպանվել են հենց Ադրբեջանի շահերը, որոնք հակասում են հենց միջազգային իրավունքին: Վերջին տարիներին Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ խախտելով Հայաստանի սուվերենությունը, բայց շատ ավելի վտանգավոր է, որ այն պետական մակարդակով ծրագրում և իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ, և իրավական գործընթացներից հրաժարվելը կնշանակի, որ քաղաքական գործընթացներով օրինականացվում է Ադրբեջանի՝ պատկերավոր ասած՝ այս ավարը, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Ադրբեջանի վարքագծին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը, չի՞ նկատում Ադրբեջանում տեղի ունեցող դատական ապօրինի գործընթացները: Սահակյանն արձագանքում է՝ միջազգային հանրության լռությունն իր համար շատ ընկալելի է: «Եթե նրանք տեսնում են հարցի քաղաքական լուծում երկխոսության ճանապարհով, որի պայմաններում չեն վտանգի իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ լռությունը կսպասարկի միջազգային կառույցների կամ պետությունների շահերը: Տարածաշրջանում տարիներ ի վեր Ադրբեջանը կարողացել է ավելի մեծ հետաքրքրություններ ստեղծել գերտերությունների համար, քան Հայաստանը: Ուստի, այդ լռությամբ միջազգային գործընկերները վերջնարդյունքում սպասարկում են իրենց իսկ սեփական՝ ազգային, պետական շահերը, չվտանգելով հանուն Հայաստանի իրենց բարիդրացիական փոխհարաբերությունները տնտեսական, ռազմական ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ, որն ավելի ազդեցիկ և մեծ հետաքրքրություն ներկայացնող պետություն է դարձել այս տարածաշրջանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031