Լրահոս
Օրվա լրահոսը

Թերապեւտիկ էֆեկտը եւ մթնոլորտի աղտոտումը

Հուլիս 13,2024 10:00

Այն պահից, երբ սկսել եմ ամենօրյա ռեժիմով տեսագրություններ անել տարբեր սոցիալական հարթակներում, ես նույնպիսի ռեժիմով ստանում եմ հայհոյական մեկնաբանություններ: Բայց ո՛չ բարկանում եմ, ո՛չ վիրավորվում եմ, ո՛չ ջնջում եմ դրանք, ո՛չ էլ պատրաստվում եմ բողոքել իրավապահներին: Ավելին՝ ինձ թվում է, որ այս պարագայում ինչ-որ տեղ հանդես եմ գալիս որպես հոգեթերապեւտ: Բացատրեմ, թե ինչու:

Պատկերացրեք մի մարդու, որը լուրջ հոգեբանական խնդիր ունի՝ մանկության տարիներին ծնողական ջերմություն չի զգացել, կամ բակում նրան նեղացնում էին, կամ՝ այժմ նրա մոտ տեղի են ունենում անդառնալի ֆիզիոլոգիական փոփոխություններ: Այդպիսի վիճակներում սրվում է ինչ-որ մեկին սիրելու եւ, համապատասխանաբար, ինչ-որ մեկին ատելու ցանկությունը: Առաջ ասում էին՝ «ատեք թուրքերին», եւ մարդիկ իրենց էներգիան սուբլիմացնում էին այդ ուղղությամբ: Հիմա իշխանությունն ասում է, որ թուրքերին պետք չէ ատել, եւ այդ մասով ճիշտ է:

Բայց ինչ-որ մեկին պետք է ատել, չէ՞: Ուստիեւ առաջարկվում է ատել «նախկիններին»: Իսկ թե ում է պետք սիրել, պարզ է՝ նրան, ով «ժողովրդին» այդ «նախկիններից» ազատեց: Այդ սիրո եւ ատելության համար պետք են խողովակներ, եւ այդ խողովակները նախեւառաջ սոցիալական հարթակներում են: Հետեւաբար, երբ ես տեսնում եմ իմ հասցեին որեւէ հայհոյանք, ես մտածում եմ հետեւյալը. եթե այդ տղամարդը, իսկ ավելի հաճախ՝ կինը, գնա հոգեբանի մոտ, վերջինս, հավանաբար, նրան խորհուրդ կտա հարվածներ հասցնել բարձին: Բայց, որքան գիտեմ, դա առանձնապես չի օգնում: Շատ ավելի արդյունավետ է հայհոյանք գրելը՝ համ սիրտդ է հովանում, համ քեզ «պայքարող տեսակ» ես համարում, համ էլ, կարծես թե, քաղաքացիական պարտքդ ես կատարում: Այնպես որ այս հարցում ես, կարծում եմ, մարդանց օգուտ եմ բերում:

Բայց ես գոհ եմ նաեւ, որ իմ գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանը հետեւողական գտնվեց եւ այդ «տեսակին» դատի տվեց: Որովհետեւ կարճատեւ թերապեւտիկ էֆեկտը չի փոխհատուցում այն վնասը, որ նման մարդիկ հասցնում են հասարակությանը՝ պղտորելով մթնոլորտը իրենց կեղտոտ բառապաշարով, իրենց ատելությամբ ու անհանդուրժողականությամբ:

Դատարանը որոշում ընդունեց հօգուտ լրագրողի եւ պարտավորեցրեց զազրախոսներին ներողություն խնդրել: Բայց փորձը ցույց է տալիս՝ երբ այդպիսիները «իշխանության կողմից են», նրանք չեն շտապում կատարել դատարանի պահանջը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հայ says:

    Նախկինների ժամանակ եթե Ձեր լրագրողին հայհոյեր իշխանամետ քաղաքացին կամ իշխանամետ օլիգարխը, նրան երբեք դատարանը չէր դատապարտի։
    Մանր քայլերով,բայց առաջ ենք գնում,սա այն է, ինչ հասկացա հոդվածից,մնացած հոգեկան շեղումների մասին մտորումները,մասնագետների դաշտն է։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Երբ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը հայհոյեց Աննա Իսրայելյանին, նա հետո ներողություն խնդրեց: Նույնն արեց Թոխմապի Մհերը, երբ հայհոյեց Մհեր Արշակյանին: Իսկ Խաչատուր Սուքիասյանը՝ նույն Հռիփսիմեի դեպքում դա չի արել: Եվ հիմա էլ զարզրախոս նիկոլական կինն ասում է, որ ներողություն չի խնդրի եւ արժանանաում է իր նման նիկոլայանների դրվատանքին: Տես՝ նյութը https://www.aravot.am/2024/07/13/1432416/ Ինձ թվում է, առաջ չենք գնում՝ դոփում ենք տեղում:

  2. Հայ says:

    Զազրախոս Նիկոլական կինը ներողություն չի ուզում խնդրի և դա իր անձնական որոշումն է և դա շատ լավ է,որ նա ունի երկընտրանք։
    Այստեղ կարևոր չի ով ումից է ներողություն խնդրել իր արածի համար, այստեղ կարևորը դատարանի որոշումն է,պաշտպանել լրագրողին իշխանության բեսպրեդելից։
    Եթե, տիկին Իսրայելյանից, ներողություն են խնդրել ինչ որ բարձրաստիճան չինովնիկի հորդորով, (օրինակ’ Սերժ Սարգսյանի)դա ինստիտուցիոնալ առումով, գրոշի արժեք չունի։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դե, դատարանի որոշումն էլ առանձնապես ինստիտուցիոնալ նշանակություն չունի, եթե այն ոչ ոք չի պատրաստվում կատարել (տվյալ դեպքում՝ ներողություն խնդրել): Բայց մասամբ Ձեր հետ համաձայն եմ: Առաջ իշխանության գործիքն էին, օրինակ, քոչարյանական օլիգարխների սափրագլուխ բանդաները: Հիմա՝ նիկոլական զազրախոսների ոհմակը: Երկուսն էլ ոչ մի դատարանի որոշումից չեն վախենում: Բայց մի բան է, երբ գլուխդ կամ տեսածցիկդ կոտրում եմ: Մեկ այլ բան է, երբ ամեն օր վերեւից «ֆաս» հրահանգով քո հասցեին մի քանի տասնյակ հայհոյանք են գրում: Ավելի «հումանիստական» ժամանակներում ենք ապրում: Շնորհակալություն թեման զարգացնելու համար:

      • Հայ says:

        Կարծում եմ դատարանի որոշումը չկատարելու համար պետք է լինեն իրավական հետևանքներ,բայց ես, նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում ինչպես կարելի է մարդուն ստիպել,որ նա ներողություն խնդրի, եթե նա ամեն գնով պատրաստ է դա չանել։

        • Հ.Շ. says:

          Նորմալ աշխարհին մէջ, ուր այդ տիտղոսին ու կոչումին արժանի, իսկական դատաւորներ եւ դատարաններ կան, նախ, անհնար է որ քաղաքացին չկատարէ դատարանին որոշումը: Նոյնիսկ եթէ նա վարչապետը լինի:

          Իսկ եթէ պատահի որ անձ մը չկատարէ դատարանին որոշումը, դա ինքնին՝ յատուկ յանցագործութիւն մըն է, Օրէնքով հաստատուած: Կը կոչուի՝ contempt of Court, outrage au Tribunal : Այդ հիման վրայ, նուազագոյնը, անձը կը դատապարտուի գումար վճարելու, եւ եթէ չվճարէ, իր որեւէ եկամուտը կամ ունեցուածքը կը բռնագանձուի: Սնանկութիւնը իսկ չի չեղարկեր այդ տուգանքը:

          Դատարանի վճիռի նկատմամբ անհնազանդութիւն կատարող անձը, Օրէնքի կարգով, կրնայ նաեւ հասնիլ՝ բանտ:

          Մ. Հայդուկ Շամլեան

          Յ.Գ. Կէս-կատար գիտութիւնը աւելի վնասակար է, քան՝ լրիւ տգիտութիւնը:

        • Հ.Շ. says:

          Վերեւ, Հայը ասում է՝ «մանր քայլերով, առաջ ենք գնում» :

          Ճիշդ է…

          Սակայն հսկայական քայլերով ալ՝ ետե՛ւ:

          Մինչ ընդհանուր ընթացքը՝ «մէկ քայլ առաջ, երեք ոստուն ետեւ» է:
          . . .
          Ամէն դէպքում, առաջ գնալն էլ ողջունելի չէ, երբ որ գնում ես դէպի Անդունդ:

          Իսկ ուղղակի խղճալի է՝ դրանով սփոփանք զգալը, երբ որ այդ մանր քայլերը իսկ առնվում են՝ Անդունդին մէջ:

          Ուրեմն հա՝ մանր-մունր նիւթերու մէջ, որոշ բարելաւումներ. ի գին արդէն իսկ՝ անասելի կորուստների. եւ դեռ գալիք աղէտների հաստատ հեռանկարով:

  3. Հ.Շ. says:

    Չի բացառվում որ,ՀՀ «դատաւոր»ներու որոշ – մանր մունր – որոշումներ, որոնք կը թուին հակադրուիլ վարչակարգի կամքին, թելադրուած են, հենց… վարչակարգին կողմէ:

    Որպէսզի այդ պատրանքն ալ ծախեն, որ իբրեւ թէ անկախ դատական իշխանութիւն կայ, ՀՀի մէջ:

    Ու այդ էժան աչքի փոշին ալ գնողներու – կամ գնել ձեւացնելու – պակասը չկայ, կարծեցեալ դարձած այս տարօրինակ երկրէն ներս եւ դուրս:

    Իսկ վերոյիշեալ դատավճիռի պարագային, ինչո՞ւ իսկ Փաշինյանը պիտի միջամտեր, ի նպաստ իրեն ծառայող, իրմէ շա՜տ ստորադաս եւ անկարեւոր արարածի մը:

    Խնամքով զատուած, չկոտրուելու պատճառով քաղբանտարկեալ դարձած անձերու պարագայէն զատ, իրեն համար կարեւոր է միայն որ, Օրէնքի առջեւ, բացառապէս իրեն ծառայող իր ուժայինները, մնան՝ անձեռնմխելի:

    Մ. Հայդուկ Շամլեան

  4. Հայ says:

    Պարոն Շամլեան,ես միշտ շատ կոնկրետ եմ խոսում։ Ես ասացի, որ ողջունելի է դատարանի որոշումը և դա համարեցի մանր քայլ առաջ։
    Դուք ասում եք,որ առաջ քայլը վնաս է,եթե քայլում ես դեպի անդունդ։
    Ես պարզապես չեմ հասկանում թե դատարանի այս կոնկրետ որոշումը ինչպես է մեզ տանում դեպի անդունդ։
    Ըստ Ձեզ, դուրս է գալիս,որ “առավոտ”ի լրագրողները հայց ներկայացնելով դատարան, մեզ փոքր քայլերով,բայց տարել են դեպի անդունդ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031