Երեկ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ու Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանը ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու մեդիադաշտի համար աննախադեպ դատական որոշումները:
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ի ասուլիսից հետո նրան անցանկալի հարցեր հնչեցրած լրագրողների դեմ արշավ էր սկսվել: Լրագրողները որոշ օգտատերերի դեմ վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար հայցեր էին ներկայացրել դատարան: Դատավոր Նոնա Գալստյանը հուլիսի 27-ին կայացրած վճռով լրագրողի հայցը բավարարել է մասնակի ու պարտավորեցրել Դիանա Մարտիրոսյանին ներողություն խնդրել Հռիփսիմե Ջեբեջյանից եւ վճարել 70 հազար դրամ:
Սակայն պարզվում է՝ դատական վճիռը ստանալուց հետո Դիանա Մարտիրոսյանը այն տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում ու նոր գրառում արել, որը ներկայացնում ենք նույնությամբ՝ առանց խմբագրելու. «Ուրեմն սենց չկա ոչմեկից ներողություն խնդրելու, եթե տենց նայենք մեզանից իրենց կողմից մի աշխարհ մարդ պիտի ներողություն խնդրի էլ չեմ ասում ինչքանել տուգանվի քանի ,որ մեզ մեռան աշխարհի տակի բառերով վիրավորել, բայց դրա դիմաց ոչ մի պատիժ չստացան ։ Ես չեմ ասում ներողություն խնդրելը ամօթա չե քավլիցի ամօթ չի, բայց երբ որ սխալ ես անում, իսկ ես սխալ չեմ արել պարզապես իրերը կոչել եմ իր անունով` նա միայն վարչապետին չի ծաղրել ծաղրելա նաև մեզ ժողովրդիս, ովքեր ընտրել են վարչապետին ինչից հետո էլ ստացելա իր պատասխանը։ Եվ վերջում իմ խոսքը ասեմ ես քեզանից ներողություն չեմ խնդրի անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն, իսկ տուգանքը չեմ վճարի քեզ (չեմ մանրանում թե խի չեմ վճարի) բայց ասեմ իմանաս էտ գումարը եթե ունենամ միանշանակ կտանեմ մանկատան սաներին կտամ այլ ոչ թե քեզ աղջիկ ջան։ Մտածում էիր վախեցած եմ պիտի ներողություն խնդրեմ, բայց չարաչար սխալվում ես իմ դատավորը Աստվածնա ոչ թե էն մարդիկ ովքեր իրական հանցագործներին թողած էս 6 տարիա փորձում են ինձ լռեցնել, դրա հետ մեկ տեղ աչքաթող են անում իրական սպառնալիք ներկայացնող անձանց»:
Կարդացեք նաև
Ավելին՝ գրառման մեկնաբանություններում Դիանա Մարտիրոսյանը հավելել է. «Ով են իրանք, ես ծնկի կգամ մենակ իմ մոր առաջ, պետք լինի, թող տանեն դատեն, էդ էր մնում պակաս ներողություն խնդրեի»:
Հիշեցնենք, որ դատական ակտը դեռ ուժի մեջ չի մտել ու այն կարող է բողոքարկվել, բայց Քրեական օրենսգրքի 507 հոդվածը սահմանում է. «Օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Թե ինչ գրագիտություն ունի նիկոլապաշտ Դիանա Մարտիրոսյանը, պարզ երևում է իր գրած բառերից՝ «վճռելա, հհ դրամ, նույն պես, վճիռա կայացրել, ոչմեկից, ինչքանել, ամօթա չե, քավլիցի, ամօթ չի» և այլն: Բայց երբ այս անգրագետ տիկինը Հռիփսիմե Ջեբեջյանին դիմում է «այ լիրբ» բառերով, դրանից առաջ բարոյապես պարտավոր է ապացուցել, որ ինքը լիրբ չէ (գոնե համայնքի ղեկավարից կամ էլ ընտանեկան բժշկից այդ մասին տեղեկանք վերցներ ու ցուցադրեր իր ֆեյսբուքյան էջում) և իր պրիմիտիվ տրամաբանությամբ բխեցներ՝ քանի ինքը լիրբ չէ, ուրեմն ում կուզի լիրբ կանվանի:
Սրանք են նիկոլի հենարանները, այսպիսին են նիկոլապաշտները, այսպիսին է 3 միլիոն վարչապետերից մեկը:
Տխուր ժամանակների հասանք …
Եկեք դիմենք Հայերենի բացատրական բառարանի օգնությանը ։ Քացու տակ գցել , իմա՜ քացահարել, երբ Կենդանին է հարվածում ։ Ոտքերի տակ գցել, ոտքերով խփել՜ երբ Մա՛րդն է հարվածում ։ Այսքանից հետո , երբ լավ հասկացվում է այդ կնոջ ով լինելը, ընդհանրապես արժե՞ր , որ Հռիփսիմե Ջեբեջյանը դիմեր դատարան ։