Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դատավարական գործը

Հուլիս 13,2024 12:30

MMA-ի չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, ում դեմ քրեական գործով դատական գործընթացներ կան, կապված ԱԺ նախկին նախագահին ծեծի ենթարկելու հետ, դատարանում իր խափանման միջոցը հերթական անգամ երկարացնելու միջնորդության հետ կապված առարկել էր, հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել 2020թ.-ին, որից հետո գտնվելով ազատության մեջ, բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել տարբեր երկրներում, եւ եթե կատարած լիներ իրեն մեղսագրված արարքը, չէր վերադառնա Հայաստանի Հանրապետություն, այլ՝ կդիմեր փախուստի։

Իսկ քրեական գործով անցնող վկաների մասին էլ հայտնել էր՝ «նրանք հանդիսանում են իշխանության գործող անձինք, ինքը չի կարող նրանց վրա որեւէ կերպ ազդեցություն ունենալ, նրանց ցուցմունքներում իրեն առնչվող ոչինչ չկա, որեւէ մեկը չի տեսել, որ ինքը հարվածներ է հասցրել տուժողին»: Նրա խափանման միջոցը օրերս փոխվել է տնային կալանքով:

Ներկայացնեմ այս գործով որոշ մանրամասներ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա. Պողոսյանը 2020թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ թիվ 58231520 քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարել է քննչական խմբին։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Երիցյանը 2020թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ քննչական խմբին հանձնարարված թիվ 58231520 քրեական գործն ընդունել է իր վարույթ։ Հետո ավագ քննիչ Ս.Նավոյանը 2020թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ քրեական գործն ընդունել է իր վարույթ։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023թ. հունվարի 17-ի որոշմամբ թիվ 58201323 քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչ-դատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը 2023թ. փետրվարի 20-ի որոշմամբ Թորգոմ Ասատրյանի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցել է հանրային քրեական հետապնդում։

ԱԱԾ քննչական գլխավոր վարչության առաջին բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ս.Նավոյանը 2023թ. մայիսի 23-ի որոշմամբ թիվ 58231520 քրեական վարույթից մեղադրյալ Թ. Ասատրյանի վերաբերյալ անջատել է թիվ 58224223 վարույթը, ապա Թ. Ասատրյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, այն լրացնելու եւ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 2023թ. հունիսի 19-ի միջնորդությամբ թիվ 58224223 քրեական վարույթով միջնորդել է Ասատրյանի կողմից 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխել, այն լրացրել եւ նոր՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով, հարուցել հանրային քրեական հետապնդում։

2023թ. փետրվարի 20-ին Ասատրյանին ներկայացվել է մեղադրանք:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023թ. փետրվարի 21-ի որոշմամբ Թ.Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ դրա սկիզբը հաշվելով 2023թ. փետրվարի 20-ից։ Այն հետագայում մի քանի անգամ երկարաձգվել է. Երեւան քաղաքի քրեական դատարանի 2023թ. հունիսի 12-ի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչեւ 2023թ. հուլիսի 20-ը։

2023թ. հունիսի 30-ին թիվ 58224223 (թիվ ԵԴ1/0761/01/23 քրեական գործ) քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ.Պողոսյանը 2023թ. հուլիսի 6-ի որոշմամբ քրեական գործն ընդունել է իր վարույթ եւ նշանակել նախնական դատական նիստ։ Անդրանիկ նիստը նշակվել էր 2023թ. հուլիսի 18-ին: Հանրային մեղադրողը Վ.Պողոսյանն է:

Ասատրյանի կալանքը ամեն անգամ երեք ամսով երկարացնելու միջնորդություններով, մեղադրողը պատճառաբանում էր, թե նա ազատության մեջ գտնվելով կարող է փախչել:

Իսկ պաշտպանական կողմը (պաշտպաններ Արթուր Գրիգորյան ու Արմեն Սողոմոնյան) պատճառաբանում էր, որ քրեական գործի ծավալից ելնելով՝ հնարավոր է, որ դատաքննությունը երկար ժամանակ տեւի, որպիսի պայմաններում երիտասարդ մեղադրյալին շարունակել պահել անազատության մեջ, հիմնավոր եւ ճիշտ չի լինի, միջնորդել էր մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման թույլատրելիության հարցը քննել եւ սահմանել խափանման միջոց, որը կապ չի ունենա կալանավորման հետ…

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Թորգոմ Ասատրյանը, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ եւ դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է ՀՀ կառավարության, իսկ այնուհետեւ՝ Ազգային ժողովի վարչական շենք: ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում Թորգոմ Ասատրյանը քայլել է դեպի Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ են հասցնում ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական գործունեության հետ, եւ այն դադարեցնելու նպատակով, խմբի անդամների հետ Արարատ Միրզոյանին ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ գործելով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը եւ նկատելով, որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Արարատ Միրզոյանին եւ կանխել ծանր հետեւանքների առաջացումը, այդ հանգամանքը կանխելու եւ հանցավոր մտադրության կատարումը հեշտացնելու նպատակով, նախ բարձրացել է հարակից հատվածում կայանված սպիտակ գույնի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա եւ ոտքով մի քանի անգամ հարվածել է այդ պահին հիշյալ ավտոմեքենայի անմիջապես դիմացի հատվածում կանգնած, իր նկատմամբ բռնություն գործադրող անձանցով եւ վերջիններիս գործողությունները կանխող անվտանգության աշխատակիցներով շրջապատված Արարատ Միրզոյանին, որի հետեւանքով վերջինս ընկել է գետնին: … Գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Արարատ Միրզոյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:

Թորգոմ Ասատրյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները եւ ներկաներից ոմանք կանխել են Ասատրյանի վերոգրյալ գործողությունները, վերջինիս թույլ չեն տվել շարունակի հարվածներ հասցնել եւ նրան հրելով հեռացրել են Արարատ Միրզոյանից»: Գործով անցնում է յոթ տուժող…

2024 թվականի անդրանիկ նիստը հունվարի 11-ին էր: Մինչ օրս տասը նիստ է կայացել: Դատավորին հայտնվել է ինքնաբացարկ: Գ. Պողոսյանը ընդունել է ինքնաբացարկը, գործը դատավոր Ժորա Չիչոյանի վարույթում է:

Պաշտպանական կողմը հընթացս դիմել է քրեական վերաքննիչ դատարան՝ հատուկ վերանայման բողոքով նաեւ: Ի դեպ, այդ բողոքը բերել է Ասատրյանի պաշտպաններից Արա Զաքարյանը: Մերժվել էր նաեւ այս, բողոքը ներկայացվել էր Վճռաբեկ դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031