Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական բեւեռներին պետք է մինչեւ աշուն»

Հուլիս 13,2024 13:00

«Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության թեման, թերեւս, Ադրբեջանի համար առանցքային է տարածաշրջանում հնարավոր նոր պատերազմի վտանգի պարագայում, որն իմ կարծիքով, կապված է ոչ թե Հայաստանի հետ հնարավոր նոր բախման, այլ Իրանի շուրջ սեղմվող օղակի ենթատեքստում, ինչպես նաեւ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովասափյանը։

– ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն էր Հայաստանում, ով ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, լրագրողների համար առանձնացրել էր էներգետիկ, պարենային անվտանգության խնդիրներին վերաբերող մասը։ Անգամ ասել էր, որ Պոլիտեխնիկ ինստիտուտում խորամուխ է եղել կառավարության էներգետիկ ծրագրերին՝ միջուկային էներգիայից Հայաստանի կախվածությունը թուլացնելուն ուղղված։ Ի դեպ, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին օրերս նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել՝ ասելով, որ պայմանավորվածություններն ընթացքի մեջ են։ Նաեւ՝ շուտով հայ-ամերիկյան զորավարժություններ են անցկացվելու։

Եթե քաղաքական լեքսիկոնից թարգմանենք այս ամենը՝ ինչի՞ մասին է խոսքը եւ ինչո՞վ են պայմանավորված ամերիկացիների այս հետաքրքրությունները։

– Փաշինյանական իշխանության «սիրախաղն» Արեւմուտքի հետ շարունակվում է. Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի արեւմտյան կայազոր։ Թերեւս միամտություն է ենթադրել, որ ԱՄՆ-ն լայն թափով Հայաստանի հետ համագործակցություն է իրականացնելու։ Ո՛չ, նա դա անելու է այնքանով, ինչքանով ձեռնտու է տարածաշրջանում մյուս բեւեռների ու ազդեցության գոտիների թուլացմանը, երբ արդեն նրանք ամբողջովին «կլիկվիդացվեն», Հայաստանը նրա համար կդառնա հերթական ազդեցության գոտին՝ ուրիշ ոչինչ։ Ամերիկյան քաղաքականության առանցքն է՝ խաղալ նուրբ լարերի վրա, փափուկ ուժի կիրառմամբ թուլացնել առանց այդ էլ թույլ, եթե չասեմ խղճուկ «պացինետին»։ ԱՄՆ-ն այս ամենն իրականացնում է բացառապես աշխարհաքաղաքական շահերից ելնելով, որպեսզի տարածաշրջանում չեզոքացնի ՌԴ, Իրանի եւ Չինաստանի ազդեցության գոտիները, ուրիշ բարդ բան չկա։ Ի դեպ՝ այս թեմայում ոչ միայն Հարավային Կովկասն է, այլեւ Մերձավոր Արեւելքն ու Կենտրոնական Ասիան։

Թերեւս միամտություն է ենթադրել, թե Արեւմուտքը մտադիր է թողնել Ադրբեջանին ու Թուրքիային եւ համագործակցել ու դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի, բնավ։ Ինչպես հայտնի է՝ Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ուենցող  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին քննարկել է Ադրբեջան-ՆԱՏՕ գործակցության հարցը, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգությունը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Ըստ էության՝ սա խոսում է այն մասին, թե ինչպիսի կարեւոր լոգիստիկ նշանակություն ունի Ադրբեջանը տարածաշրջանային առումով, այո, հենց Ադրբեջանը,  ոչ  Հայաստանը եւ շատ տրամաբանական է՝ հաշվի առնելով նրա ռեսուրսները։ Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության թեման, թերեւս, Ադրբեջանի համար առանցքային է տարածաշրջանում հնարավոր նոր պատերազմի վտանգի պարագայում, որն իմ կարծիքով, կապված է ոչ թե Հայաստանի հետ հնարավոր նոր բախման, այլ Իրանի շուրջ սեղմվող օղակի ենթատեքստում, ինչպես նաեւ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։

Դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պատրաստվում ամբողջովին «պառկել» ԱՄՆ-ի տակ ու աչքերը փակ գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելու. օրինակ, բոլորովին վերջերս Աստանայում ստորագրվեց Չինաստանի հետ համագործակցության նոր փաստաթուղթ, ու սա խոսում է նրա մասին, որ Ալիեւը, ինչպես միշտ, խաղում է մի քանի լարի վրա։

– ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացավ նաեւ Արարատ Միրզոյան- Էնթոնի Բլինքեն հանդիպումը, ո՞րն է այդ հանդիպման ուղերձը։

– Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Հարավային Կովկասում որքան հնարավոր է շուտ ապահովվի խաղաղություն։ ԱՄՆ-ի համար բնավ հետաքրքիր չէ, թե այդ «խաղաղությունն» ի՞նչ գին ու հետեւանքներ է ունենալու, քանի որ նրանք ամեն ինչ անում են մինչեւ աշուն՝ մինչեւ նախագահական ընտրություններ, իրենց աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներում ամբողջովին արմատավորվելու համար։ Եթե հաշվի ենք առնում նաեւ այն փաստը, որ այսօր հարավկովկասյան տարածաշրջանում Արեւմուտքի հիմնական ազդեցության գոտին Հայաստանն է (իսկ դա իրականում այդպես է), ապա ակնհայտ է, որ նրանք շեշտը դնելու են հենց, այսպես կոչված՝ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրման վրա։ Սա կարեւոր է նաեւ այն առումով, որ ԱՄՆ-ը ցույց տա, թե ինչպիսի «մեծ» գործ արեց եւ կարողացավ ունենալ անկյունաքարային դերակատարում։ Անընդհատ շեշտվող տարածաշրջանային լոգիստիկայի թեման եւս պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ, քանի որ կայսերական շահերը կիլոմետրերի ու մետրերի հարցը երբեք էլ հաշվի չեն առել, եւ բնավ չի հետաքրքրել այս կամ այն գյուղի տարածքով անցնող ճանապարհների ու տների թեման, թե ո՞ւմ, ի՞նչ տարածք անցավ կամ ճանապարհն ի՞նչ տեսք ունեցավ։

Հանդիպումից սկզբունքորեն մեծ սպասումներ չկան, քանի որ սա ավելի շատ հերթական արարողակարգային հանդիպումն է, որն ունի ավելի շատ ցուցադրական հատված, քան խորքային կոնտենտ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հրաժարվում է իր իսկ կողմից ներկայացված ընթացակարգերից՝ մասնավորապես սահմանազատման եւ սահմանագծման հարցում չհաստատեցին մինչեւ հուլիսի 1-ը նախանշված կանոնակարգի հանձնաժողովը։  Այդպես կուրորեն ու ամբողջովին ԱՄՆ-ին տրվելն այդքան տրամաբանված ու հեռանկարային գործընթաց չէ, քանի որ այնպես չէ, որ ԱՄՆ-ում ամեն ինչ «ok» է, չմոռանանք, որ նույն Բլինքենը շատ հնարավոր է,  ընտրությունների արդյունքներից հետո հրաժեշտ տա իր պաշտոնին եւ փաստացի կունենանք լրիվ այլ իրողություն։ Իսկ Փաշինյանի ու նրա թիմի անհասկանալի ինքնանվիրումը խոսում է նրանց հերթական անհեռատեսության ու քաղաքականապես «զրո» լինելու մասին։

– Վերջերս ակտիվ գործունեություն են ծավալում նաեւ Հայաստանի, այսպես ասած, եվրոպականացման կողմնակից ուժերը, անգամ իշխանությանն առաջարկ եղավ՝ հանրաքվե անցկացնել այդ թեմայով, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա մեր ժողովրդի հավանությանը չի արժանանա։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից տառացիորեն մի քանի օր առաջ, եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ ՀՀ ժողովրդի մեծամասնությունը կողմ է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցությանը։ Ինչի՞ մասին են այս իրարամերժ հայտարարությունները։

– Մենք առաջին անգամ չենք ականատես լինում, թե ինչպես են Փաշինյանն ու թիմակիցները տրամագծորեն հակառակ տեսակետներ տիրաժավորում։ Կարծում եմ, սա նույնպես մարտավարական հնարք է, քանի որ Փաշինյանն իր ենթակաների բերանով փորձում է միջազգային հանրությանն իր թաքուն երազանքների ու ցանկությունների մասին տեղեկացնել, իսկ ինքը մի տեսակ կրավորական ու ավելի «փափուկ» կեցվածք է ընդունում։ Նմանօրինակ մի տեսարանի էլ ականատես դարձանք Արարատ Միրզոյանի հետ, երբ ՄԱԿ-ի նրա հայտնի հայտարարությանը հաջորդեց Փաշինյանի լրիվ հակառակ պնդումները։

Հայաստանի եվրոպասերները, երբ խոսում են դեպի Եվրոպա գնալու մասին, կամ չեն հասկանում, կամ ուղղակի իրենց այդպես է ձեռնտու խոսել, թե Եվրոպայում մեզ սպասում են գրկաբաց, ինչը բնավ այդպես չէ։ Մեր աչքի առաջ են Ուկրաինան, Վրաստանը, ինչու ոչ՝ նաեւ Թուրքիան, ի դեպ, վերջինիս թեման վերջին 20 տարիների ամենաշահարկվածներից մեկն է, սակայն տեսնում ենք, որ նշված երկրները ոչ միայն չեն մտել ԵՄ, այլ առաջիկա 10-ամյակում եւս գրեթե ոչ մի շանս չունեն եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանում այս թեման շահարկելու փաստին, ապա դա բացառապես քաղաքական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն դարձնելու է իր հաղթաթուղթը եւ Սահմանադրական հանրաքվեի պարագայում՝ «առանց վիզա՝ Եվրոպան» կարգախոսը կդառնա առանցքայինը, իսկ դա, ինչպես հասկանում եք՝ աշխատող տարբերակ է։ Ասել է թե, մենք գործ ունենք փաշինյանական հերթական կլյաուզայի հետ եւ բնավ պետք  չէ այս հարցում այլ ականջներ փնտրել։

Ակնհայտ է, որ Ալիեւը կոնկրետ պահանջներ ունի Փաշինյանից, այդ թվում ներքաղաքական օրակարգի հետ կապված. տվյալ դեպքում խոսքը Սահմանադրության փոփոխության թեմայի մասին է, որն էլ, ի դեպ, օրերս քննարկել է նաեւ Բայրամովը։  Ստեղծված տուրբուլենտության հիմնական կուլմինացիան եւ հանգուցալուծումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, ավելի կոնկրետ՝ միջանցքի վերահսկողության հարցը։ Արեւմուտքն ամեն ինչ անում է՝ այնտեղ սեփական վերահսկողությունն ունենալու համար, իսկ դրան դեմ է ՌԴ-ն, ինչպես նաեւ Իրանը։ Առանցքային թեման՝ վերահսկողության կազմակերպումն է, երբ արդեն որոշակիանա, թե իրականում ինչպե՞ս է դա տեղի ունենալու եւ, ամենակարեւորը՝ ում կողմից, ամեն ինչ մի քանի քայլանոց կոմբինացիայով կյանքի է կոչվելու։

– Ի՞նչ է սպասվում Հայաստանին աշնանը, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձելու են իրենց ամբիցիաների լուծումները տալ։

– Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները կապված էին մի քանի առանցքային իրադարձություններից, որոնք տեղի ունեցան եւ առաջիկայում տեղի են ունենալու։ Խոսքը ՌԴ, ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահական եւ Վրաստանի պառլամենտի ընտրությունների մասին է։ ՌԴ եւ Ադրբեջանի ընտրությունները կայացել են՝ մյուս երկուսը տեղի կունենան աշնանը եւ, բնականաբար, աշնանը մեզ սպասվում են առանցքային իրադարձություններ, որոնք միանշանակ իրենց ազդեցությունն են ունենալու ՀՀ գործընթացների վրա։ Այստեղ էական նշանակություն ունի նաեւ ռուս-ուկրաինական պատերազմում վերջնական փուլը. ռուսները կարծես թե ավարտին են հասցնում իրենց անելիքը եւ Վրաստանի ընտրությունների ավարտից հետո հայացքն ուղղելու են դեպի Հայաստան։

ԵՄ-ն ամեն կերպ փորձում է թեժացնել գործընթացները Վրաստանում՝ հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի ԵՄ անդամակցության հարցը (այս մասին հայտարարել էր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին)՝ կապված տեղի ունեցող հակաարեւմտյան ցույցերի ու գործընթացների հետ։  Ըստ էության՝ Արեւմուտքը հասկանում է, որ Վրաստանը փաստացի այլ քաղաքական կուրս է որդեգրում եւ ամեն ինչ անելու է այնտեղ հերթական քաղաքական քաոսը ստեղծելու համար։ Չմոռանանք, որ ՌԴ արտաքին հետախուզությունն օրերս հայտարարել էր, թե ԵՄ-ն փորձելու է Վրաստանում հեղաշրջում իրականացնել, իսկ տեղի ունեցող ցույցերն այդ ամենի սկզբնախաղն է։ Իսկ շատ պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վրաստանում սպասվող թեժացումներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա՝ այդ թվում Հայաստանի, եւ եթե հաշվի առնենք փաշինյանական արեւմտահաճո կեցվածքը, ապա չի բացառվում, որ մեր մոտ նույնպես լուրջ գործընթացների ականտեսը լինենք։ Ի դեպ՝ տեղեկություններ կան նաեւ, որ Վրաստանում գոյություն ունեցող Արեւմտյան սերվերները, որոնք պարունակում են գերգաղտնի տեղեկություններ ու տեղեկատվական լուրջ բազաներ, արդեն իսկ տեղափոխվել են Հայաստան՝ «շառից հեռու»։

Փաշինյանն այս ամենը փայլուն հասկանում է եւ գիտակցում, որ ինքը աշխարհաքաղաքական բեւեռներին պետք է մինչեւ աշուն, քանի որ հենց այդ շրջանում բոլոր խաղաքարտերը կհստակեցվեն, ուստի նա ամեն ինչ անում է, որ հնարավոր բոլոր տարբերակներով կարողանա ինչքան հնարավոր է պահել սեփական աթոռը, բայց ինչպես հայտնի հեքիաթում է ասվում՝ «աշնանը կկուն կկանչի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031