Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունը նման անհիմն տեղեկություններ չի ակնկալել». Դատարանի աննախադեպ վճիռը՝ հօգուտ լրագրողի

Հուլիս 12,2024 23:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ու Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանը ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու մեդիադաշտի համար աննախադեպ դատական որոշումները:

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ի ասուլիսից հետո նրան անցանկալի հարցեր հնչեցրած լրագրողների դեմ արշավ էր սկսվել:  Նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Ջեբեջյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Փաշինյանի աջակիցներից մեկի՝ Խաժակ Թանանյանի՝ վիրավորանքից պաշտպանելով իր պատիվն ու արժանապատվությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սարգիս Արմենակյանի նախագահությամբ: Դատարանի վճիռը, որը հրապարակվեց հուլիսի 10-ին, աննախադեպ էր, քանի որ մինչ այդ նախ լրագրողները հայց չեն ներկայացրել դատարան՝ քաղաքացիների կողմից իրենց հասցեագրված վիրավորանքների համար պատասխանատվության ենթարկելու, բացի այդ, դատարանը գնահատել է Խաժակ Թանանյանի կողմից լրագրողին հասցեագրված «լիրբ» եւ «պոռնիկ» արտահայտությունները գրառման ողջ համատեքստում ու վճռի մեջ գրել. «Այդ արտահայտություններն իրենց մեջ պարունակում են բացասական բովանդակություն:

Մասնավորապես, դատարանը հարկ է համարում փաստել, որ «լիրբ» բառը նշանակում է անամոթ, անպատկառ, անբարոյական, անառակ, անվայել, բամպառակ, լրբին հատուկ, լրբենի, իսկ «պոռնիկ» բառը նշանակում է հասարակաց կին, առհասարակ շնություն անող մարդ, ծախու, ծայրահեղորեն անսկզբունք մարդ (տես արդի հայերենի բացատրական բառարանն՝ ըստ Էդուարդ Աղայանի, 1976 թ), ուստի պատասխանողը, նշված արտահայտություններն անելով՝ կատարել է վիրավորական, կտրուկ, անզուսպ արտահայտություններ»:

Դատարանը նաեւ արձանագրել է, որ նշված արտահայտությունները չեն ունեցել որեւէ հիմք, ինչը նշանակում է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը չի հետապնդել իրավաչափ նպատակ, չի եղել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, քանզի հասարակությունը նման անհիմն տեղեկություններ չի ակնկալել եւ այդ հարցում չկար ճնշող հասարակական կարծիք, գերակա հանրային շահ:

Այսպիսի մեկնաբանությունը վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու գործերում նույնպես նախադեպային կարող է լինել:

Դատարանը ամբողջությամբ բավարարել է լրագրողի հայցը եւ վճռով պարտավորեցրել է ներողություն խնդրել Հռիփսիմե Ջեբեջյանից, հօգուտ նրա բռնագանձել 400 հազար դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագանձել փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031