Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11,5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ։
Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից 500 դրամ ավելի է առաջարկել՝ 11 մլն 500 հազար 100 դրամ, իսկ մյուս մասնակիցը՝ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ն, ամառային սրճարանի կառուցումը գնահատել է 660 մլն դրամ։ Արդյունքում ընտրվել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ն, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 մլն 499 հազար 600 դրամ։
Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ կենցաղային տեխնիկան (սառնարաններ, սառցարաններ և այլն) ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։
Գնահատող հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Հովհաննիսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշեց, որ տաղավարի հարևանությամբ նաև սեղան-աթոռներ են տեղադրվելու, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: