«Գյումրու երիտասարդական թատերախումբը» Գյումրու սրտում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում գտնվող «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» ներկայացրեց բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի «Վայրի երեխան» պիեսը։
Ստեղծագործության հերոսուհին լքված, փողոցում հայտնված մի փոքրիկ աղջիկ է, որը ոչ մեկի հետ չի շփվում, խոսելու փոխարեն վայրի ձայներ է արձակում։ Պատկան մարմիններն էլ առանձնապես նրանով չեն հետաքրքրվում, և եթե չլիներ անցորդներից մեկի մտահոգ վերաբերմունքը, իր տանը նրան հյուրընկալելու, խնամելու պատրաստակամությունը, նրան գուցե և սպառնար մահը։
Հերոսը խորհելու առիթ էր տալիս հանդիսատեսին՝ հարցնելով․ «Երեխա էր, այդ պատճառով կանգ առա: Իսկ դու՛ք, կշարունակեի՞ք ձեր ճամփան»։
Կարդացեք նաև
Հետագայում ոստիկանները պարզում են, որ աղջկա հայրը սպանել է մորը, նրան բռնության ենթարկել։
Ծանր ու խիստ արդիական այս թեման երիտասարդները ներկայացրել էին վիդեոարտի համադրությամբ, որը նորույթ է հայկական իրականության մեջ։
Ի դեպ, այս ներկայացմամբ` երիտասարդները մասնակցել են ֆրանկոֆոնիայի փառատոնին։
Բեմադրության մեջ փոքրաթիվ դերասաններ են ընդգրկված՝ Նարեկ Հարությունյանն է, Անահիտ Ղազարյանը և Արմեն Արշալույսյանը, որը բեմադրության ռեժիսորն է։ Նա «Գյումրու երիտասարդական թատերախմբի» հիմնադիրն է։
Դերակատարները մեծ հաջողությամբ կերպարանափոխվում էին՝ մարմնավորելով մի քանի հերոսների՝ ոստիկանի, սոցիալական աշխատողի, բուժքրոջ։
Վիդեոարտի հեղինակը Փառանձեմ Սահակյանն է, օպերատորը՝ Արմենակ Դիլանյանը։Բեմադրության ռեժիսոր Արմեն Արշալույսյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց ֆրանկոֆոնիայի փառատոնից, խոսեց թատրոնի միջոցով հասարակությանը հղած իրենց մեսիջի մասին։
«Այս ներկայացմամբ մասնակցեցինք ֆրանկոֆոնիայի փառատոնին, ներկայացումը եղել է երկլեզվանի, միաժամանակ խաղացել ենք և՛ հայերեն և՛ ֆրանսերեն տեքստով, ոչ թե թարգմանությամբ, այլ տեսարաններ կային, որոնք ֆրանսերենով են եղել։
Մեզ համար՝ որպես թատերախումբ, շատ կարևոր է գնալ ֆրանկոֆոնիայի հետևից, թատերախմբի անդամներից կան մարդիկ, որոնք ֆրանսերենի լեզվակիր են, չասենք լիովին, բայց ինչ-որ չափով տիրապետում են։
Եվ քանի որ հեղինակը բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքն է, մենք պրեմիերիային պատիվ ունեցանք Բելգիայի դեսպանին հյուրընկալել մեր հանդիսականի շարքերում, Սերժ Ավետիքյանին, որը մեծ ներդրում ունի, իր ծրագրի շրջանակներում ենք մենք սովորել ֆրանսերեն խոսքը։ Մի խոսքով, ներկայացում այդպես ծնվեց»,- ասաց Արմեն Արշալույսյանը։
Ըստ նրա, ներկայացման թեման սոցիալական է, Հայաստանում շատ արդիական, այդ պատճառով էլ որոշել են անդրադառնալ Սելին Դելբեքի այդ պիեսին ու բարձրաձայնել խնդիրը։
«Ստեղծագործական պրոցեսի ընթացքում իմ մոտ միտք առաջացավ վիդեոարտի համադրությամբ անել, ու Փառանձեմ Սահակյանին, որի մագիստրատուրայի թեման եղել է հենց վիդեոարտը, ինքը հետազոտական մեծ աշխատանք ուներ արած, առաջարկեցի լինել վիդեոարտի արտիստը։ Ներկայացումը դիտած մասնագետների կարծիքով՝ վիդեոարտի հատվածը ևս կարելի է համարել ստացված։
Մեր թատերախմբի համար առաջին փորձառությունն էր վիդեոարտի համադրությամբ ներկայացում ունենալու։ Այո՛, համաձայն եմ, որ Հայաստանում ոչ հաճախ կարող ենք տեսնել նման ներկայացումներ, հիմնականում առանձին ցուցահանդեսների ժամանակ, որոնք հենց նվիրված են վիդեոարտին, բայց որ ներկայացման մեջ համաժամանակ լինի վիդեոարտ, սա երևի թե ոչ հաճախ կարելի է տեսնել Հայաստանում։ Չնայած՝ հանուն արդարության ասենք, որ կան ներկայացումներ, որոնք պրոեկտորի ու պրոեկցիաների միջոցով լինում են Հայաստանում»,- ասում է Արմեն Արշալույսյանը։
Ըստ նրա, այս ներկայացմամբ իրենք պայքար են մղում անտարբերության դեմ։
«Կա ծանր խնդիր, որը մեր կյանքում մի շարք վտանգներ է ստեղծում, երբեմն հենց մեր կողքին լինում են վատ միջադեպեր, ու մենք անտարբեր ենք, ուշադրություն չենք դարձնում այդպիսի իրավիճակներին։
Ներկայացման մեսիջն է՝ չլինել անտարբեր ու անուշադիր չանցնել ոչ մի խնդրի կողքով։
Հրապարակում գտնում են մի երեխայի, որը ծնողներ չունի, լրիվ միայնակ է, հազարավոր մարդիկ են անցնում այդ երեխայի կողքով, ոչ ոք չի մոտենում, գլխավոր հերոսն այն մեկն է, ով մոտենում է, սկսում է ոչ միայն այս երեխայի կյանքով հետաքրքրվել, այլ որդեգրել ու հոգալ նրա կարիքները։ Իր ամբողջ ժամանակը նվիրում է երեխային, քանիսն էին անցել այդ երեխայի կողքով, քանի անտարբերներ։
Երեխան այստեղ ալեգորիա է, հնարավոր է երեխա չլինի հրապարակում, բայց լինեն երեխաներ, որոնք ապրում են սոցիալապես վատ վիճակում գտնվող ընտանիքիներում կամ բռնությունների մեջ՝ որոշակի առողջական խնդիրներով։
Յուրաքանչյուրս, իմանալով այդ խնդրի մասին, լինենք ավելի զգոն, ուշադիր, քանի որ պատասխանատվություն ունենք այն կյանքերի նկատմամբ, որոնք որ ապրում են ծանր, դժվար պայմաններում։
Ցավոք, Գյումրիում, Հայաստանում կան ընտանիքի աջակցման կենտրոններ, երեխաների խնամքի կենտրոններ, բայց երբեմն պատմություններ ենք իմանում, որոնք ցնցում են մարդու հուզական դաշտը, որովհետև շատ ժամանակ այն մարդիկ, որոնք աշխատում են այդ կառույցներում, այնպիսի բացթողումներ են թույլ տալիս, որոնք աղետալի հետևանքներ են թողնում անգամ նմանատիպ աջակցման կենտրոնների ներսում։
Մենք ներկայացումը բեմադրելուց առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հարցում կատարեցինք, թե այս խնդրին վերաբերվող քանի երեխա կա, ու թիվը ցավոք շատ մեծ է, խոսքը 300 000 մասին է, որոնք ապրում են անապահով ընտանիքներում։
Ու արդեն կարող էինք պատկերացնել հետևանքները․ ընտանիքը չունի ֆինանսական միջոցներ, երբեմն միակողմանի ծնողազուրկ են, ընտանեկան տարբեր խնդիրներով են, ու մենք որոշեցինք սոցիալական թեմային անդրադառնալ արվեստի միջոցով, այսինքն ոչ թե ուղղակի լիներ ճակատային խոսք, փորձեցինք ստեղծագործական լուծումներ գտնել, որ այն դառնա արվեստի գործ, բեմադրություն, ոչ թե ուղղակի տեղեկատվություն հաղորդելու միջոց։ Կարծում եմ՝ ստացվել է»։
Իսկ թե ինչու որոշեցին ներկայացումը խաղալ պատկերասրահում, երիտասարդ ռեժիսորը պարզաբանում է, որ նոր մշակույթ են փորձում ձևավորել՝ երկու մշակութային բաղադրիչ միաձուլել, որ պատկերասրահ այցելողը, որ գալիս է նկարներ նայելու, մեկ մշակութային իրավիճակից հայտնվի երկրորդում։
«Սա ստիպում է այլ կերպ անդրադառնալ ներկայացումներին, ալտերնատիվ թատրոնի փնտրուտքով փորձեցինք գնալ նման համագործակցության»,- ասում է Արմեն Արշալույսյանը։
Նա նշում է՝ այս ներկայացումը բեմադրել են շրջագայելու նպատակով, հրավեր ունեն խաղալ մայրաքաղաքում և երկու համայնքներում, որտեղ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կան նմանատիպ խնդիրներ կան ու թիրախային լսարան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Գյումրու երիտասարդական թատերախմբի»