Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Նոր իշխանությունները բերել են կոռուպցիայի ամենազազրելի, ամենազզվելի ձեւերից` նեպոտիզմը եւ պրոտեկցիոնիզմը»

Հուլիս 12,2024 19:40

«Երբ խոսում էին նախկինների կոռուպցիայի մասին, միջազգային ատյաններում Հայաստանը չկար բարձր կոռուպցիա ունեցող  երկրների ցուցակում։ Բայց դա չի նշանակում, որ կոռուպցիա չի եղել։ Եվ ես կարող եմ բերել օրինակներ նախկինների ժամանակ կոռուպցիայի ձեւերից»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում։

«Նոր իշխանությունները բերել են կոռուպցիայի ամենազազրելի, ամենազզվելի ձեւերից նեպոտիզմը եւ պրոտեկցիոնիզմը։ Զուտ նվիրվածության, շատ անգամ նյութական, գումարներ եւ ոչ գումարային ձեւով ստանալով ինչ-ինչ նվերներ, այդ երկու ձեւն այս վեց տարիների ընթացքում այնպես է ծաղկել Հայաստանում, որ հնարավոր չէ համեմատել ոչ մի բանի հետ։

Ամբողջ խնդիրն այն է, որ իրեն միջազգային կոչող հանրությունն  աչքերը ոչ թե փակելու է, այլ խրախուսելու է դա։ Խրախուսելու են հայ ժողովրդի կողոպուտը՝ գների, ծառայությունների  չգիտեմ քանի տոկոսով բարձրացումը։ Ամեն ինչ արվելու է, որ հնարավորինս շատ մարդ լքի Հայաստանը։

Ինչի՞ համար են կառուցվում այսքան շատ շենքեր Երեւանում։ Ծնելիության բո՞ւմ կա Հայաստանում։ Եթե այդքան լավ շենքեր կան, ինչո՞ւ արցախցիներին այդ բնակարաններից չտրամադրեցիք։ Ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով։ Այդ ի՞նչ ծրագիր եք բացել արցախցիների համար, որ նրանք, փաստորեն, երկարատեւ վարկով պետք է գնեն՝ աղավաղելով ամբողջ շուկան։

Ինչի՞ համար, ո՞ւմ գումարներով են կառուցում երկրորդ Երեւանի չափով շենքեր, իսկ Հայաստանում կյանքը դարձնում ավելի ահավոր։

Այդ ինչո՞ւ նարկոմանիան, թմրանյութերի շրջանառությունը բարձրացել է այդքան։ Միջազգային պրակտիկան խոսում է նրա մասին, որ այդ աստիճան բարձրանալը նշանակում է, որ կառավարությունը դրա մեջ կա, որ կառավարությունն է ուղղորդում թմրամիջոցների շրջանառությունը։

Ինչո՞ւ հանցագործությունների եւ, մասնավորապես, ծանր եւ առավել ծանր հանցագործությունների թիվը բարձրանում է օրեցօր։ Բոլորը արվում է մի նպատակով։ Նորմալ քաղաքացու, նորմալ մարդու համար Հայաստանում կյանքը դարձնել վտանգված, դժվար, անհնարին։ Որ հայությունը հնարավորինս շատ դուրս գա Հայաստանից։ Եվ ասում են․ այդ շենքերի մեծ մասն արդեն առել են, արդեն վաճառված են։ Ո՞ւմ վրա։ Այդ հարցերին է պետք պատասխանել։

Ես ունեմ իմ վարկածը։ Հայաստանը դարձնում են քաղաք-պետություն։ Եվ պատահական չէ, որ բառիս բուն իմաստով զորքերը հետ են քաշում։ Հետեւաբար, սահմանամերձ բնակիչը իր անվտանգության համար կցանկանա դուրս գալ գյուղերից։ Սկզբից կգան Երեւան եւ Երեւանի շուրջ, հետո էլ, երբ ստեղծվի վիճակ, որ կարողանան ավելի հեշտ լքեն։ Իսկ ումո՞վ են բնակեցնելու այդ բոլոր տարածքները։ Արդյո՞ք դա սփյուռքի հանձնակատարի իղձը չէ, որ այնտեղ պետք է բնակվեն աղանդավորները։ Արդյո՞ք նրա ծրագիրը չէ քարտեզը, որ այստեղ պետք է բնակվեն աշխարհի բոլոր ազգերի ներկայացուցիչները։

Սա է Հայաստանի պատմության եւ Հայոց պատմության ծրագիրը։ Եվ հետեւաբար, պետք է հասկանանք, որ մեր տեղ ուրիշ ոչ մեկը չի անելու այն, ինչը մենք պետք է անենք»,-ասաց տիկին Ալավերդյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031