«Ես որ իջել եմ ներքեւ արդեն մոտ մի 3 մետրանոց կրակ էր՝ ամբողջ տունը վերցրել էր։ Որ իջա, առաջինը տեսա Խառատյան Լյովին․ ինքը վառված՝ ընկած էր․․․բայց ես իրեն ոչ մի օգնություն ցույց չտվեցի, վազեցի տան կողմ»,- այսօր դատարանում ասաց Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով վկա Արսեն Սողոմոնյանը՝ հավելելով, որ հրդեհի պահին ինքը գնացել էր ջուր բերելու, իսկ արդեն վերադառնալով՝ փորձել է անել ամենն, ինչ որ հնարավոր էր՝ կրակմարիչներով մարել կրակը, ջուր լցնել։ Վկան հայտարարեց, որ զորամասում «մթնոլորտը շատ լավ ա եղել» ու իր մտքով անգամ չի անցել, որ հրդեհը կարող էր դիտավորության արդյունք լինել։ Հանրային մեղադրողը վկայի մոտ որոշակի կաշկանդվածություն նկատեց՝ թե նիստի սկզբում, քանի որ վերջինս ասել էր, թե առանձնակի ասելիք չունի եւ նախընտրում է իր ասելիքը հարցերի միջոցով փոխանցել, թե հարցաքննության ընթացքում։ Վկան մի քանի անգամ կրկնեց՝ ինքը խոչընդոտ կամ կաշկանդվածություն չունի իր իմացած տեղեկությունները հայտնելու։
Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը: Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:
Նա տեղեկացրեց, որ կացարանը ջեռուցել են վառարանով․ «Եվ ածուխի, եւ փայտի․ վերջին շրջանում, հիմնականում փայտինն էր։ Վառարանին հիմնական ուշադրություն դարձնում էր վերակարգը»։ Նա պատմեց, որ հիմնականում դիզվառելիքով էին վառարանը վառում ու վերադասներից բոլորն էլ տեղյակ են եղել այդ մասին։ Հետո, վկան սրբագրեց իր ասածը՝ ասելով, որ անձամբ այդ մասին բան չի ասել վերադասներին, բայց կացարան այցելած բոլորն էլ տեղյակ են եղել։ Բարձր սպայական կազմից Վազգեն Նիկողոսյանն է տեղյակ եղել։
Դեպքի օրվա հետ կապված պատմեց, որ բացի Լեւոնից եւ Ռադիկից (մեկը հերթապահն էր, մյուսը՝ վերակարգ․ նրանք գույքի եւ անձնակազմի հսկողություն էին իրականացնում -Ն․ Գ․), մյուսներն ամբողջ օրը զբաղված են եղել արկերը՝ գյուղում իբրեւ պահեստ ծառայող տնից՝ զորամասի պահեստ՝ ավելի ապահով տեղ տեղափոխելով։ Իրենց աշխատանքները վերահսկել են Եղիշե Հակոբյանը եւ ծառայության պետը՝ Տիգրան Մանասերյանը։ Երեկոյան, կացարան են այցելել Ժիրայրի ծնողները․ վկան չգիտի՝ ի՞նչ պատճառով էին եկել, բայց քանի որ նրանք մոտ բնակավայերից են, չի էլ հետաքրքրվել, թե ինչո՞ւ էին եկել։ Ծնողներին՝ մոտավորապես 20․00-20․30-ի սահմաններում ճանապարհել են, այդ ժամանակահատվածում կամ մի 30 րոպե ուշ, նաեւ Մանասերյան Տիգրանն է գնացել։ Ինքն ու Վաղինակն այդ ժամանակ «Ուրալ» մեքենայի մեջ նստած են եղել։ Ասաց՝ նստած՝ հանգստանում էինք։
Կարդացեք նաև
Տուժողներից մեկը իր ցուցմունքում ասել էր, որ այդ օրվա դրությամբ ջրի խնդիր չի եղել․ դատախազը տարակուսեց՝ ինչո՞ւ են վկան, Վաղինակը, Արամը եւ Պավլիկը գնացել ջուր բերելու։ Նա էլ պարզաբանեց՝ մյուսները պարզապես լվացվել են, իրենք ցանկացել են լողանալ, ինչի համար ջուրը բավարար չի եղել։ Արսեն Սողոմոնյանը պատմեց, որ երբ ինքը կացարանից դուրս է եկել, այնտեղ եղել են Եղիշե Հակոբյանը եւ Ռադիկը, Լեւոնն էլ վերակարգ է եղել, անձնակազմն էլ է կացարանում՝ ննջարանում, եղել։ Մեղադրող դատախազին հասկանալի չէ նաեւ, թե ինչո՞ւ մոտավորապես 19․00-ից կացարանում գտնվելու պայմաններում, վկան եւ Վաղինակը 23․00-ի կողմերն են որոշում լոգանք ընդունել եւ մոտ մեկ ժամ 40 րոպե տեւում է նրանց ջուր բերելու գործընթացը։
Արսենը պատմեց, որ երբ ինքը կացարանից դուրս է եկել, վառարանի վառվելու վիճակը նորմալ է եղել։ Ինքը դեպքին նախորդող շրջանում կացարանում է եղել, բայց անվանականչ եղել է, թե՝ ոչ, չի հիշում։ Հիշում է՝ աղոթք է եղել, Արամոյի նախաձեռնությամբ, ննջարանում, բայց ինքը լսել է այդ մասին, քանի որ ննջարանում չի եղել։
«Լեւոնին տեսնելուց հետո, տեսա Ռադիկին, Վաղոյին, որ պատուհանն էին փորձում կոտրել։ Եղիշին նկատեցի․․․տան մուտքի դռան մոտ, պատուհանի մոտ․․․գոռում էր, ծանր ապրումների մեջ էր, ասում էր՝ էս ինչ արեցի․․․էդքան չեմ կարա ներկայացնեմ»,- արդեն դեպքի ընթացքի մասին պատմեց վկան՝ ասելով, որ ինքը տան մուտքին է մոտեցել եւ այնտեղից է այդ պատկերը տեսել։ Լեւոնին տեսել է տան մուտքից ձախ գտնվող ուղղության վրա։
Ինքը փորձել է մտնել՝ չի ստացվել, կրակմարիչով է փորձել կրակը մարել, էլի չի ստացվել, լոմով հետեւի պատն է փորձել փլել՝ ելք բացելու համար, դարձյալ չի ստացվել․ «Էդ ընթացքում Վաղոն «Ուրալով» տվեց․․․ արդեն ամբողջ տունը վառվում էր, ոչ մի բան չկարողացանք անել․․․»։ Վաղինակն ու Ռադիկն էլ այդ ընթացքում, ըստ վկայի, «Ժիրոյին հանել էին արդեն, Գարուշին էին փորձում հանել՝պատուհանների ճաղերի արանքից՝ քաշելով»։ Վկան պնդեց, որ ննջարանի ուղղությամբ նայել է, բայց ոչ մի բան չի տեսել, ոչինչ չէր երեւում․ ներսում եւ տնից դուրս ծուխ էր, մութ էր։
Դատախազի հարցին՝ ննջարանից ձայն լսե՞լ եք, պատասխանեց․ «Անձամբ ես՝ ոչ, ձայն չեմ լսել։ Ռադիկն ասում է՝ ձայն լսել եմ, Վաղինակն ասում է՝ չեմ լսել»։ Հստակեցնող հարցին՝ ներսում շարժ, գոռոց լսե՞լ է, կրկին պատասխանեց՝ ոչ։
Դատախազը նաեւ տարակուսեց, որ վկան Լեւոնի հետ չի փորձել խոսել՝ հասկանալու համար, թե ի՞նչ հրդեհ է, մանավանդ վերջինս վերակարգ էր։ Վկան լռեց, հետո ասաց՝ դեպքից հետո, քննության ընթացքում, Վաղինակի նախաձեռնությամբ է փորձել Լեւոնի հետ խասել, վերջինս ասել է, որ ինքը ծանր հոգեբանական վիճակում է, չի թույլատրվում խոսել-քննարկել ամենը, առերեսում է եղել։ Գարուշն ու Ժիրայրն էլ պատմել են, թե իրենք ինչպե՞ս են ներսից դուրս եկել։
Վկան հերքեց, որ ներսում, հատկապես դեպքի օրը, վերակարգ նշանակել-չնշանակելու հետ կապված խոսակցություն է եղել։ Ասաց, որ դեպքից մի քանի օր առաջ է խոսակցություն եղել՝ սմարթֆոն հեռախոսներ պահելը արգելելու հետ կապված։
Վկան չպատասխանեց մեղադրողի հարցին՝ փորձաքննությամբ իր արյան մեջ հայտնաբերված թմրանյութերի առկայության մասին։ Դատախազը նաեւ նկատեց՝ իր ցուցմունքում Եղիշե Հակոբյանն ասել է, որ տեսել է վկային եւ Վաղինակին, բայց ոչ թե «Ուրալ» մեքենայում, այլ նրա հետեւի կողմում, լսել է նրանց ձայները։ Վկան ասաց՝ նման դեպք չի հիշում։ Ուղիղ հարցին՝ ստո՞ւմ է Հակոբյանը, պատասխանեց՝ չի ուզում նման բան ասել, բայց բացառում է, որ իրեն ու Վաղինակին «Ուրալի» հետեւում տեսած լինի։ Նա չկարողացավ բացատրել, թե Եղիշե Հակոբյանին ինչո՞ւ էր պետք սուտ տեղեկություն տալը։ Եղիշե Հակոբյանի կողմից թմրանյութեր օգտագործելու մասին հարցին էլ ասաց չի կարող պատասխանել, դա իրեն երբեք չի հետաքրքրել։ Օն-լայն կազինոների մասին հարցին էլ ի պատասխան ասաց, որ հետաքրքրասեր չի ու երբեք ոչ մեկի գործերի մեջ չի խառնվել։ Դատավորի նախազգուշացումից հետո ասաց՝ տեղյակ չի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ