Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ, արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner 2024 հայ-ամերիկյան խաղաղապահ զորավարժությունների մասին։
«Այս զորավարժություններն ափսոսանքից բացի ուրիշ զգացում չեն առաջացնում։ Դրանք տեղի են ունենում այն ֆոնին, երբ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում», – նշել է նա։
Ըստ Զախարովայի՝ ինչ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, ակնհայտ գլխավոր խնդիրն աշխարհաքաղաքական նախագծերի համար ցատկահարթակ ստեղծելն է. Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանային հակամարտությունների ներուժը և նոր բաժանարար գծեր կստեղծի:
«Ինչ վերաբերում է մեր երկրում նոր դեսպանի նշանակմանը, դրա մասին տեղեկությունը ձեզ կներկայացվի, երբ լինի վերջնական որոշում։ Դրանք գործընթացներ են, որ պետք է անցկացվեն առանց հրապարակային քննարկումների», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
«Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից»,- շեշտել է Զախարովան:
Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանին` Զախարովան ընդգծել է, որ Սերգեյ Կոպիրկինի աշխատանքի արդյունավետությունը կասկած չի հարուցում, դա նաև երևում է այն բազմաթիվ միջոցառումների ընթացքում, որոնց նա մասնակցում է։