ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Տիգրան Դավթյան) շարունակվեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի (լուսանկարում), ԱԻ նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանի, ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետ Վիգեն Մկրտչյանի, ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանի, …Արթուր Օհանյանի, Վիգեն Գրիգորյանի, Գոռ Համբարձումյանի, Արտակ Բեյբությանի, Թաթուլ Գևորգյանի, Տիգրան Գասպարյանի, Միհրդատ Մաթևոսյանի և Գագիկ Պողոսյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
Դատարանը լսեց հանրային մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Կարեն Սերոբյանի մեղադրական ճառը, մեղադրյալներից երկուսի` Վիգեն Գրիգորյանի եւ Արտակ Բեյբությանի պաշտպանների ճառերը:
Դատարան ուղարկված բազմադրվագ այս գործի մեղադրական եզրակացության համաձայն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարարը ծառայություն ընդունվելու դիմաց ստացել է կաշառք՝ գազի ջեռուցման համակարգի, ոսկեգույն մետաղյա ձուլակտորի տեսքով, ինչը հաստատված համարեց հանրային մեղադրողը: Հիշեցնենք, 2022 թվականի հուլիսի 22–ի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Սերգեյ Առաքելյանի որոշմամբ «Baxi ECO 4s» մոդելի, 7729461 համարի գազի ջեռուցման կաթսան, 10 գրամանոց Fine Gold 999.9 գրառմամբ ոսկյա ձուլակտորը, 1 միլիոն ՀՀ դրամը, 8 հատ բետոնյա հենասյուները, 28 հատ ռուսերեն «П»–ձև անկյունակները, 96 հատ դարպասի փեղկերը, 18 հատ դարպասի փեղկերը, ցանցեր, երկաթյա խողովակը ճանաչվել են իրեղեն ապացույց:
Մեղադրողը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրյալների համար քրեական հետապնդում է իրականացվել 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխան, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է, մի դեպքում` հակառակը:
Կարդացեք նաև
Կ. Սերոբյանն ափսոսանք հայտնեց, որ այս կարգի գործով`պետության դեմ ոտնձգության գործով, ի սկզբանե արգելվեց տեսաձայնագրությունը, չնայած դրան, համացանցում երբեմն տեսնում է դատական գործի նկատմամբ ուշադրություն եւ հրապարակումներ:
Նա ներկայացրեց դատարանում հաստատված ապացույցներից, դատական նիստերում վկաների ցուցմունքներից, որով հիմնավորում էր, որ ԱԻ նախարարի կողմից կատարվել են գործողություններ, առկա է կաշառքը, կաշառք, որ երբեմն նվերի ձեւով էր եղել: Ըստ այդմ նկատեց, նախարարի ցուցմունքի հակասությունները: Օրինակ, նախարարը հայտնել էր, թե աղջկա համար է ոսկու ձուլակտորը գնել, երեք հարյուր հազար դրամ է տվել Վիգեն Գրիգորյանին, իսկ հետագայում պարզվեց, որ Արթուր Օհանյանը, ով հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ, ընդունել էր իր մեղքը, Վիգենն էլ հայտնել էր, որ Արթուրը դրանից հետո աշխատել է ԱԻՆ-ում:
Մեղադրողը վկայակոչեց նաեւ «Սոս Սիստեմս» ընկերության եւ նախկին նախարարի շահադիտական հարաբերությունների մասին. ասաց, որ շահարկվում է, թե բարեգործ է հիմնադիր Արա Յաղջյանը, որ մենք իրականում գործ ենք ունեցել պարտադրված բարեգործի հետ: Ընկերության եւ ԱԻՆ-ի միջեւ կնքված է եղել համագործակցության պայմանագիր, սակայն հետագայում գաղտնալսումներից պարզ է դարձել, որ բազմաբնակարան շենքի կառուցման համար թե քաղաքապետարանում, թե Դավթաշեն համայնքում բարեխոսելու, անհրաժեշտ թույլտվության համար գումար է տվել կամ փոխանցել նախարարին:
Վիգեն Գրիգորյանի պաշտպանն իր ճառում ասաց, թե նրա վրա, որպես օժանդակողի՝ հինգ դրվագ կա: Նա մեղադրվել է ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու համար: Սակայն ինչպես նշվել է, Վիգեն Գրիգորյանը պաշտոնատար անձ չի հանդիսացել, նա որևէ տեսակի ազդեցություն չի ունեցել Անդրանիկ Փիլոյանի վրա:
Վիգեն Գրիգորյանը նշել էր, որ պարտքով գումար էր իրեն պետք եկել, ենթադրյալ վարձատրության դիմաց էլ, ինչպես նշվել էր մեղադրական եզրակացության մեջ՝ ԱԻՆ-ում եւ ՊՆ-ում աշխատանքի որեւէ մեկին չի ընդունել:
Արտակ Բեյբությանի պաշտպանը զուգահեռներ անցկացրեց Վիգեն Գրիգորյանի գործի հետ: Երկուսն էլ անցնում են որպես օժանդակող, սակայն նա համաձայն չէր, որ իր պաշտպանյալը դատվի նույն այդ հոդվածով, ինչ Վիգեն Գրիգորյանը, նա խնդրեց, որպեսզի անպարտ ու անմեղ ճանաչվի Արտակ Բեյբությանը:
Հաջորդ օգոստոսյան նիստին հանդես կգան մյուս պաշտպաններից: Հուլիսին նախապես նշանակված նիստը տեղափոխվեց օգոստոս մի պատճառով. մեղադրյալներից Հրաչյա Երեմյանի պաշտպանը ներկայացրեց փաստաթղթեր, միջնորդություն, որ իր պաշտպանյալը, որը վիրահատվել է ենթաստամոքսային քաղցկեղի պատճառով, քիմիա է ընդունելու: Նա նաեւ միջնորդեց, որպեսզի դատարանը գրավի չափից երկու միլիոն դրամը վերադարձնի: Հ. Երեմյանն ասաց, որ մեկ ամսվա ընթացքում քսաներկու կգ նիհարել է:
Մեղադրողը եւ կողմերը չառարկեցին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. 2024 թվականի հունվարից մինչ օրս 11 դատական քննություններ են իրականացվել, հունվարի 26, փետրվարի 16-ին, 23-ին, մարտի 1-ին, 15-ին, 22-ին, ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին, մայիսի 3-ին, 24-ին: