«Մինչ ծառայության անցնելը, ես նմանատիպ պաշտոնում չեմ ծառայել։ Այսինքն, այդ 3-4 ամսում, ինչ հնարավոր է՝ կարդալով, հարցնելով, կատարել եմ իմ պարտականությունները»,- այսօր դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազատի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինվորների գործով 5 մեղադրյալներից, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը՝ հավելելով, որ զորամասի պահեստում էլ միշտ եղել են կրակմարիչներ։
Նա նաեւ հայտարարեց, որ զորամասի տանիքում եւ պահեստում շպրտված կրակմարիչների հետ, ինչը երեւաց տուժողների հարցաքննությունից, ոչ մի կապ չունի․ «Ինչ վերաբերվում է նրան, որ հակահրդեհային միջոցներն անցել են իմ պահեստով, որովհետեւ հակահրդեհայինի պահեստ չի եղել։ Տվյալ ստորաբաժանման հրամանատարները եւ նրան կցված հրամանատարի տեղակալը, ով անմիջական պատասխանատուն է եղել հակահրդեհային անվտանգությանն, արդեն թե ինչի՞ չեն եկել ստացել ու տարել լիցքավորման, ես չեմ կարող ասել»։
Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը: Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:
Մառլեն Սարգսյանը նաեւ հայտարարեց՝ իր կարծիքով, հանրային մեղադրողը պետք է մի կողմ դներ մասնագիտական սոլիդարությունը եւ իր աշխատանքը ուղղեր գործի իրական բացահայտմանը։ Բայց վկաների հարցաքննության փուլից իր համար պարզ է դարձել, որ հանրային մեղադրողն ընդամենը քննիչների գիծն է առաջ տանում՝ փորձելով հասնել գործի ավարտին, փոխարեն իրական մեղավորներին բացահայտելու։
Կարդացեք նաև
Մառլեն Սարգսյանն անդրադարձավ իր եւ փաստաբան Նորայր Նորիկյանի հանդիպմանը, որից հետո տուժողների մոտ տպավորություն է ստեղծվել, թե ինքը տեղեկություններ ունի, որոնք թաքցնում է։ Հայտարարեց՝ նման բան չկա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ