Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ դեսպան Մյուլմանին

Հուլիս 12,2024 16:12

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը:

Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է:
ԱԺ փոխխոսնակն արժեւորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարեւորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին:

«Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաեւ եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս: Այն ուղղված պետք է լինի այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,- անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրներին՝ նշել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում նա հիշատակել է 2024 թվականի ապրիլի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւը:

Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս հարցում հայկական կողմի ջանքերին, խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին, ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությանը, մի շարք ոլորտներում փոխգործակցության խթանմանը եւ այլ հարցերի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031