ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը տեղեկություն չունի, թե ինչ պատճառով օրերս Թուրքիան չի թողել Հայաստան եկող ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։ Նա հավաստիացրեց, որ այդ տեղեկությունը առաջին անգամ լրագրողներից է լսում եւ հրաժարվեց գնահատական տալ այդ երեւույթին։
Հարցին, թե ինչի հիման վրա են Էրդողանը եւ Բլինքենը հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտակա ժամանակներում տեղի կունենա, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Հայկական կողմը նույնպես բազմաթիվ անգամներ հայտարարություններ է արել։ Ես հույս ունեմ եւ հայկական կողմից կարող եմ ասել, որ մենք բավարար կամք ունենք, որպեսզի խաղաղություն հաստատենք։ Մեր ժողովուրդն էլ դրան պատրաստ է, ինչպես եւ իշխանություններն են դրան պատրաստ։ Եկեք այսքանով սահմանափակվենք»։
Հիշեցմանը, որ Ջեյհուն Բայրամովը մի քանի անգամ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի համար պետք է սահմանադրությունը փոխվի։ Արդյո՞ք այդ գնով, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․ «Հուսամ՝ հետեւել եք հայտարարություններին եւ գիտեք, որ մենք համարում ենք, որ դա Հայաստանի ներքին հարցն է։ Դրա մասին դեռեւս 2019 թվականին, նույնիսկ մինչեւ 44-օրյա պատերազմը, վարչապետը խոսել է եւ մենք համարում ենք, որ նման հարցեր առաջադրելը այս փուլում արհեստական ձգձգումների առիթ է տալիս։ Մշտապես հայտարարել ենք, որ պատմական հնարավորություն ունենք խաղաղության պայմանագիր ունենալու, եւ հայկական կողմը պատրաստ է գնալ դրան։ Եկեք այսքանով այս մասը եզրափակենք։ Եվ պիտի խնդրեմ, որ այդ հարցը շրջանցենք հիմա, որովհետեւ չեմ կարծում, որ կա որեւէ բան, որը հիմա իմ մեկնաբանության կարիքն ունի»,-ասաց նա։
Լրագրողները շարունակեցին համառել խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու հարցում, ընդհուպ, մինչեւ Ադրբեջանի առաջադրած նախապայմանները՝ տարածքային ամբողջականություն, ճանապարհների բացում. արդյո՞ք դրանք համաձայնեցվել են։ «Չեք ընդունում իմ առաջարկը եւ հիմա ուզում եք հարցեր տալ, որոնց ես չեմ պատասխանելու։ Բանակցային գործընթացին վերաբերող բոլոր կետերը մշտապես մեկնաբանություն են գտնում ԱԳՆ միջոցով»։
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահը հրաժարվեց մեկնաբանել նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի ափսոսանքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար եւ մտահոգությունն առ այն, որ Հայաստանում ընդլայնվող ԵՄ դիտորդները կարող են տեղեկատվություն փոխանցել Հայաստանում ռուսական օբյեկտների մասին։ «Թույլ տվեք չմեկնաբանել այդ հայտարարությունները։ Հայաստանին եւ Հայաստանի անվտանգության համակարգին վերաբերվող բոլոր հարցերը լուծվում են Հայաստանի իշխանությունների որոշումներով։ Եվ ես կարծում եմ, որ այն որոշումները, որոնք կայացվում են, բխում են Հայաստանի անվտանգության շահերից»,-ասաց նա։
Խաղաղության պայմանագրի եւ Թուրքիայի հետ սահմանների բացման մասին Հակոբ Արշակյանն ասաց․ «։Պայմանավորվածությունն այնպիսին է, ոչ չպիտի լինեն նախապայմաններ։ Եվ հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը պահվում է։ Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների եւ երկու ժողովուրդների շահերից եւ դա շուտափույթ կերպով տեղի կունենա»։
Հարցին, թե ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների բացման որոշումների կայացման գործում Հայաստանը կշիռ ունի՞, Հակոբ Արշակյանը նշեց, որ ինչը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքին, գտնվում է Հայաստանի սուվերեն իրավունքի շրջանակներում։ Եթե Հայաստանի Հանրապետությունն այդտեղ որոշում չկայացնի, դրանք չեն կարող տեղի ունենալ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական կշռին, իհարկե, Հայաստանն ունի քաղաքական կշիռ, որովհետեւ ինքնիշխան երկիր է, ունի ֆիզիկական սահմաններ, որոնցով պիտի անցնեն նաեւ այդ ապաշրջափակված տրանսպորտային ուղղությունները։ Եթե Հայաստանն ունենա կամք, դա տեղի կունենա, եթե ոչ, տեղի չի ունենա։ Չեմ կարծում, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք է»,-ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե սահմանազատման հաջորդ փուլը որտեղի՞ց է լինելու․ Տավուշի՞ց, Սյունիքի՞ց, թե՞ գործընթացը սառեցված է հիմա։ «Հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով։ Եվ պիտի խնդրեմ, որ հանձնաժողովի հետ կապված բոլոր հարցերն ուղղեք Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Ինչը հնարավոր կլինի բաց եւ ազատ հայտնել լրատվությանը, նրանք կհայտնեն։ Իմ տեղեկությամբ, գործընթացի որեւէ սառեցում չկա»,-պատասխանեց նա։
Հակադարձելով Հակոբ Արշակյանին խոսքին, թե Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ եւ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ասում էր․ եթե սա չլինի, պատերազմ կլինի՝ դա արդյոք չի նշանակում, որ Ադրբեջանը խոսում է հենց ուժի լեզվով, ԱԺ փոխխոսնակը ասաց․ «Ես չեմ ասում, որ ուժի լեզվով որեւէ մեկը որեւէ մեկի հետ չի խոսում։ Ես ասում եմ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ։ Եվ ընդհանրապես, երբ խոսքը խաղաղության մասին է, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված։ Եթե բալանսի խախտում տեղի ունեցավ, չի կարող երկարաժամկետ խաղաղություն լինել։ Իսկ ինչ վերբերում է Տավուշին, Տավուշի մասին բազմիցս խոսվել է եւ խոսվել է Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից՝ ՀՀ տարածքային ամբողջականության, դիրքերն ամրապնդելու առումով»։
Հակոբ Արշակյանի խոսքով, որեւէ կերպ միջազգայնորեն ճանաչված հարեւան երկրի տարածքը մյուս երկրի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվելը ուժային բախումների լրացուցիչ վտանգ է ստեղծում եւ Տավուշում խոսքը դրա մասին է եղել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ