Հուլիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը։
Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Գրքում ներկայացված է երկու հոդված կապված` Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունների հետ։
Առաջին հոդվածը վերաբերում է Ադրբեջանում 2014 թ․ Ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը, իսկ երկրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։
Կարդացեք նաև
Ռուբեն Գալչյանը նշեց, որ գիրքը փաստագրական է, բայց հայկական փաստեր չի ներկայացնում իր աշխատություններում, որ չասեն՝ կողմնակալ է։ Հիմնականում ներկայացնում է պարսկերեն, հունահռոմեական և եվրոպական փաստեր։
Գրքի հեղինակի խոսքով, երբ ուսումնասիրել է ադրբեջանցիների քարտեզները. հասկացել է, թե ինչպիսի սխալներ են արել քարտեզագրության մեջ։
«Սարմատիայի և փոքր Ասիայի քարտեզում առկա են Մեծ և Փոքր Հայքերը։ Ջնջելով Հայաստանի անունը՝ նշել են, որ Հայաստանը հնում գոյություն չի ունեցել, սակայն մոռացել են ջնջել Փոքր Հայքի անունը, իսկ Մեծ Հայքից հանել են միայն Հայք անունը, անիմաստ թողելով Մեծ անունը»,-ընդգծեց Ռուբեն Գալչյանը։
Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարությանը հոդվածին` ըստ հեղինակի 1856 թվականի Հարավային Կովկասի գերմանական մի քարտեզում, բացի Ադրբեջան անունից՝ կային բոլոր անունները, սակայն նրանք արտատպել են քարտեզը և վերագրել իրենց։
Հեղինակը հավելեց. «Ադրբեջան գոյություն չի ունեցել, ուր մնաց թե Արևմտյան Ադրբեջան լիներ»։
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ