Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնօրինությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովման հարցի մասին՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը. Մանասյանն այցելել է ՆԳՆ Հատուկ կացարան

Հուլիս 12,2024 14:45

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև կացարանի աշխատակիցների հետ:

Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ խոհանոցի և սանհանգույցների սանիտարահիգենիկ վիճակին: կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Արձանագրվել են ապաստան հայցող երեխաների կրթության իրավունքի, առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաներին տրամադրվող աջակցության և խնամքի պատշաճ ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը պետք է ներդնի գործուն կառուցակարգեր:

Չնայած իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող քայլերին, խիստ մտահոգիչ է, որ դեռևս շարունակվում են չլուծված մնալ հարևան մասնաշենքերից կոյուղաջրի արտահոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որի առնչությամբ Պաշտպանը անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմել է համապատասխան մարմնին։

Արձանագրվել է, որ կացարանում արաբերեն լեզվի մասնագետ չկա, այնպիսի պայմաններում, երբ կացարանում բնակվող ապաստան հայցողների մեծամասնությունը արաբախոս է։

կացարանի տնօրինությունը բարձրացրել է նաև կացարանի անվտանգության ապահովման հետ կապված հարցը՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը։

Առանձնազրույցների ընթացքում կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը և Պաշտպանի լիազորությունները, մանրամասն քննարկվել են անձանց կողմից բարձրացված հարցերը:

Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Հանրակացարաններ» ՊՈԱԿ։ Շրջայց է իրականացվել տարածքով, ուսումնասիրվել են բնակիչների կենցաղային պայմանները, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ՊՈԱԿ-ի բնակիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրները հաշվառվել են։

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով և առաջարկություններով գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031