Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում կառավարության կողմից ներկայացված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում մտքերի փոխանակման ժամանակ ՀՀ ԱԺ <Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Սիրելի հայրենակիցներ։ Հիշեցնեմ, որ ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խնդրեցի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ամրապնդված, Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված իրավունքի գրանցման վկայականներով ինչքա՞ն տարածք է հանձնվել թուրքին։ Խնդրեցի, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոնկրետ ասի եւ փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին։ Եթե գաղտնի չլիներ, հիմա վեր կկենային, կասեին՝ 100 քառակուսի մետր է եղել, 3 քառակուսի մետր է եղել, թե կես հեկտար է եղել»։
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անմիջապես արձագանքեց․ «Զրո է եղել, պարոն Խաչատրյան»։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը եզրափակիչ ելույթում հակադարձելով Արթուր Խաչատրյանին՝ ասաց․ «Երեկ ԱԺ նախագահը մանրամասն անդրադարձ կատարեց ձեր բարձրացրած հարցին, որին ավելացնելու ես ոչինչ չունեմ։ Ես էլ պատասխանել եմ ձեր հարցերին։ Բայց նաեւ կուզեի անդրադարձ կատարել ձեր կողմից երեկ նշված պատահական սխալների զրոյացմանը, որովհետեւ եթե ես անդրադարձ չկատարեմ, իմ ուսանողները կարող է չներեն ինձ այդ կապակցությամբ։
Կարդացեք նաև
Պատահական սխալները չափման տեսության մեջ համարվում են ամենավտանգավոր սխալները եւ պատահական սխալները երբեք չեն զրոյացվում։ Երեւի նկատի եք ունեցել սիստեմատիկ սխալները, որոնք պարբերաբար կրկնվող սխալներն են։ Պարբերաբար կրկնվող սխալները, այո, հնարավորություն ունենք չափումների տեսությամբ զրոյացնելու, բայց պատահական սխալների վերաբերյալ խնդրում եմ, նման բան չասել, որովհետեւ պատահական սխալները հայտնաբերելը նույնիսկ շատ բարդ է եւ շատ դժվար՝ չափման տեսության մեջ։ Սա գիտություն է, որով ես ունեմ թեկնածուական աստիճան»։
Արդեն մեկ այլ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի մտքերի փոխանակության համար հերթագրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վերադարձավ Արթուր Խաչատրյանի բարձրացրած խնդրին։ «Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Կներեք, որ թեմայից շեղվում եմ, բայց պետք է արձագանքեմ։ Պարոն Խաչատրյան։ Ձեր հարցը դուք կարող եք տալ հետեւյալ կերպ։ Օրինակ, քանի՞ ուղտ եք ուղարկել լուսին ժողովրդից թաքուն։ Եվ եթե մենք լուսին ուղտ չենք ուղարկել, ապա դրա պատասխանը անընդհատ լինելու է նույնը։ Բայց եթե դուք համոզված եք, որ մենք թաքուն ուղտեր ենք ուղարկում լուսին, որեւէ բան ձեզ հակառակը չի համոզելու։ Եվ եւս մի բան։ Հարգելի գործընկերներ, սիրելի ընդդիմադիրներ։ Ուղղակի առիթը կա եւ ես ասեմ, քանի որ մենք մեկնում ենք արձակուրդ։ Բարձրախոսը նրա համար է, որ ձայնը բարձրացնում է։ Տեխնոլոգիան մշակվել է, որպեսզի դուք ցածր խոսեք եւ մնացածը հնարավորություն ունենան ձեզ լսելու։ Խնդրում եմ, ուղղակի, մի բղավեք բարձրախոսի մեջ»:
Արձագանքելով Ծովինար Վարդանյանին, Արթուր Խաչատրյանն՝ ասաց․ «Տիկին Վարդանյան։ Ձեր իշխանությունները խոստովանել են, որ կադաստրային քարտեզներում եղել է սխալ։ Ես ոչ «Կարա-Կում» կոնֆետի մասին եմ խոսել, ոչ՝ Միրոնովի հայտնի երգի։ Ես պարզ ասում եմ․ այդ սխալը, որի գոյության մասին խոստովանել է ձեր իշխանությունը, քանի՞ քառակուսի մետր է, միլիմետր է, կիլոմետր է։ Դա է ընդամենը հարցը։ Ուղտերը ինձ չեն հետաքրքրում։ Իսկ ինչ վերաբերում է պատահական սխալներին, այո, պատահական սխալների գումարը զրո է, որովհետեւ եթե հաշվենք այս դահլիճում պատգամավորների միջին բոյը՝ հասակը, այդ միջինից թե կոլոտների, թե բոյովների քանակը նույնն է լինելու։ Դրա համար քառակուսիներ են հաշվում, որպեսզի դիսպերսիան եւ վարիացիայի մեջ կարողանան գալ ճիշտ վիճակագրական չափումների։ Սա էլ իմ կողմից որպես ամառային արձակուրդի նվեր»։
Հակոբ Արշակյանը կրկին միջամտեց․ «Պարոն Խաչատրյան։ Եթե ձեր հարցը փոխհատուցումների հետ կապված հարցին է վերաբերում, այսինքն, ովքեր են, որ ստացել են փոխհատուցումներ, ես կարծում եմ, դա չի կարող գաղտնի լինել։ Կարող եք գրավոր գրել եւ ստանալ ձեր պատասխանը։ Զուտ ձեր հարցը նրան էր վերաբերում, թե Հայաստանի ինքնիշխան տարածքից քանի՞ քառակուսի է զիջվել թուրքին, ինչպես դուք եք ասում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել ուրեւէ մեկին։ Դրա համար եկեք հարցերն իրար չխառնենք եւ չփորձենք քաղաքականացնել։ Եթե ձեր հարցը առարկայական հարց է, դիմեք, գրավոր՝ ստացեք։ Այդ մարդիկ, ովքեր ունեցել են կադաստրի վկայականներ եւ ստացել են փոխհատուցում, դա եղել է կառավարության որոշման արդյունքում։ Չի կարող դա գաղտնի լինել։ Խնդրում եմ, եկեք բան չանենք»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ-ն դարձրել են տափակ հումորների ակումբ՝ մեկը լուսին ուղտ ուղարկելու համեմատություններով կատակներ է անում, մյուսն էլ դահլիճում գտնվող բոյովների ու կոլոտների համեմատության վերաբերյալ դիսպերսիայի ու վարիացիայի վիճակագրական չափումներով հակադարձում է: Սատկեք դուք, որ մեր վճարած հարկերով ձրի աշխատավարձեր եք ստանում ու պարազիտային ձեր կյանքի մեջ հարմարված իշխանություն-ընդդիմություն բանավեճերի կլոունադա եք խաղում, երբ ձեր աչքի առաջ Հայաստանը բզկտվում է, թուրքը խորանում է մեր տարածքները՝ գյուղ առ գյուղ իրենով անում, հայ գերիները բաքվի բանտերում խոշտանգվում են, անգրագետ ու իրեն գժի տեղ դնող ղեկավարը Արցախի էջը փակելով Հայոց պատմության դասագրքերն է ոչնչացնում և թուրքահաճո պատմության դասագրքեր է պատրաստվում կազմել, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված: Մոռացե՞լ եք ամոթն ինչ է, թե՞ դրանից չեք էլ ունեցել: Կարելի՞ է վտանգի պահին այս կարգի ջայլամներ լինել և գլուխներդ ավազի մեջ մտցրած հիմար-հիմար բանավիճել՝ չտեսնելու տալով, թե թուրքը ինչ է պատրաստվում անել ձեր մարմինների հետ: