Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, մեզ համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ: Մոսկվան շահագրգռված է, որ մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի»,- նշել է Գալուզինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հակամարտության կարգավորմանը,
«Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենալու հարցում։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված էին հենց պատերազմող կողմերին հաշտեցնելուն»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «Մինսկը և Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ մենք զարգացնում ենք բազմակողմ համագործակցություն: Հայաստանը և Բելառուսը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են»։
Կարդացեք նաև
«Հուսով ենք՝ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա»,- հավելել է Գալուզինը։
«Կոչ ենք անում երկու մայրաքաղաքներին էլ նայել հորիզոնից այն կողմ, գիտակցել այն պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ մենք կցանկանայինք տեսնել ոչ միայն Մինսկը, այլև Երևանը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն։