Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած պատմություն կարելի է պատմել հնչյունի միջոցով». Արմեն Պապյան

Հուլիս 12,2024 14:00

Երաժշտի ցանկությունն է, որ Հայաստանում կինոարտադրությունը հասնի իսկապես արժանի մակարդակի, հատկապես ձայնի մասով։

Երաժիշտ, ձայնային դիզայներ եւ ֆիլմերի կոմպոզիտոր Արմեն Պապյանն այն արվեստագետներից է, որը դրամաշնորհ է ստացել «Կատապուլտի» շրջանակում: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում կամ արվել այդ դրամաշնորհով:


«Ես երկար տարիներ աշխատում եմ կինոոլորտում՝ որպես հնչյունային ձեւավորող, սակայն հայկական կինոշուկան բավականին փոքր է եւ ֆիլմերի հնչյունային աշխատանքները, նկատի ունեմ հետարտադրական փուլը, որն իր մեջ ներառում է հնչյունային ձեւավորումը, համադրումը (mix), հիմնականում իրականացվում են Հայաստանից դուրս։ Պատճառները մի քանիսն են։ Առաջինն այն է, որ չկան բավականին որակյալ եւ պրոֆեսիոնալ ստուդիաներ ու մասնագետներ, երկրորդ պատճառը ֆինանսական է, քանի որ անկախ կինոյի հետարտադրական մասի ֆինանսական հոսքերը հիմնականում գալիս են Եվրոպական երկրներից, որոնց կանոնադրությունը պարտադրում է, որ այդ գումարների մեծ մասը պիտի ծախսվի Եվրոպայում, սա հիմնականում վերաբերում է ձայնին ու գույնին, երբեմն նաեւ մոնտաժին։ Եվ վերջապես կարեւոր պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ֆիլմի ձայնին բավարար չափով ուշադրություն չի հատկացվում։


Ես հիմա սկսում եմ իմ, որպես հնչյունային ձեւավորող, մագիստրատուրայի կրթության երկրորդ տարին Kinoeyes, The European Film Masters ծրագրում։ Աշխատել եմ Եվրոպական ամենաառաջատար ստուդիաներում ու ամենաառաջատար դասախոսների առաջնորդությամբ, արդեն ունեմ AVID ProTools -ի լիցենզիա, որը կինոշուկայի ստանդարտ ծրագիրն է։ Այս մի տարվա փորձառությունից հետո ունեմ մեծ նպատակ, որը իրագործելու եմ հենց «Կատապուլտի»՝ «Արտբոքսի» ինձ տված գիտելիքների ու միջոցների կիրառմամբ, այն է հնարավորինս տեսանելի դարձնել ձայնի ազդեցությունը ֆիլմի վրա հայ կինոարտարողների ու հանդիսատեսի համար, օգտագործելով սոցիալական հարթակները, իմ կայքը, որը շուտով հասանելի կլինի, տարբեր այլ հարթակներ, օրինակ, ինչպիսին է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն ու փառատոնի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներն ու զանազան միջոցառումները։ Պիտի հայկական կինոշուկայում ձեւավորեմ առաջարկ, որը աշխատի ե՛ւ իմ որպես մասնագետի համար, ե՛ւ հայ կինոարտադրողի համար, միեւնույն ժամանակ պահելով Եվրոպական համագործակցություններն անկախ կինոյում։ «Կատապուլտի» դրամաշնորհի արդյունքները հիմնականում լինելու են Արմեն Պապյանի, որպես կինոձայնի մասնագետի առաջխաղացման համար, բայց այս առիթն անպայման օգտագործելու եմ կրթական ծրագրեր սկսելու, աշխատարաններ կազմակերպելու ու լավագույն մասնագետներին Հայաստան բերելու ու դասընթացներ կազմակերպելու համար, նպատակս մեկն է, Հայկական կինոն պետք է զարգանա, իսկ ձայնը կինոյի անբաժան մասն է։ Ես միշտ ասել եմ, որ ֆիլմում ձայնն ու պատկերը 50 – 50 կարեւոր են, ավելին, ձայնը երբեմն ավելին է, քան պատկերը, ու այս մտքի հետ համաձայն են նաեւ մեծ կինոյի դեմքերը եւս»,-ասաց Արմեն Պապյանը։Նշենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը:

Մեր հարցին՝ լինելով երաժիշտ, ձայնային դիզայներ եւ ֆիլմերի կոմպոզիտոր, համատեղում է իր ինժեներական մտածողությունը երաժշտական հմտությունների հետ՝ երաժշտական արտադրության մեջ ոչ ստանդարտ լուծումներ գտնելու համար, մի փոքր չի՞ մանրամասնի, թե իր ուղղությունն ինչով է յուրահատուկ, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Առաջին հերթին ես երաժիշտ եմ, երաժշտութունից եմ սկսել իմ ճանապարհը։ Բոլոր երգերը պատմություն են պատմում, մեկն անձնական, մյուսն ավելի գլոբալ։ Ես հիշում եմ, թե ինչպես էի օտար լեզվով երգեր լսում ինձ համար ու ունենում զգացումներ՝ չհասկանալով որեւէ բառ, վստահ եմ՝ բոլորս էլ ունեցել ենք այսպիսի փորձառություն, ու երեւի դասական երաժշտությունն այս երեւույթի ամենաակնառու դրսեւորումներից մեկն է։ Ուստի ցանկացած պատմություն կարելի է պատմել հնչյունի միջոցով՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ ֆիլմում։ Ընտրելով ճիշտ ռիթմը, տոնայնությունը, հարմոնիկ լուծումները, ձայները, տեքստուրաները, այսպես կոչված՝ ամբիենս ձայները, ու որ ամենակարեւորն է՝ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ, հնարավոր է հանդիսատեսին կամ ունկնդրին հաղորդել այն զգացումը, որը նա պետք է ունենա տվյալ պահին, որ դառնա պատմության մաս եւ պատմությունն ուղղակի իմանալու փոխարեն՝ ապրի կամ վերապրի այն։ Իսկ ինժեներական մտածողությունը գուցե օգնում է ինձ ավելի կառուցողական կազմակերպել աշխատանքային ընթացքս, ինչես նաեւ ձայնային, բավականին կոմպլեքս, սարքավորումներից օգտվելու ու դրանցից ոչ ստանդարտ ու զանազան ձեւերով օգտվելու հարցում»։

Արմեն Պապյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով այսօր ինչ առավելություններ եւ ինչ խնդիրներ ունեն երիտասարդ արվեստագետները: «Վստահություն ունեմ, որ մենք հիմա ապրում ենք տեխնիկական հեղաշրջման ժամանակներում։ Թվային արտադրողներն ամեն ինչ արել են ստեղծագործող մարդու գործունեությունն ավելի հեշտացնելու ու ընթացքն արագացնելու համար, ստեղծելով ամենահարմար ծրագրերն ու աշխատարանները։ Հատկապես հիմա, արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում, կարծում եմ, որ արվեստագետները պիտի ավելի արագ լինեն։ Նկատի ունեմ կամ իրենք պիտի կառավարեն ու օգտվեն արհեստական բանականությունից, կամ այն ուղղակի հեռացնելու է շատերին ոլորտից, սրանք այնպիսի ռեսուրսներ են, որոնք բավականին ռեալ վիդեոմատերիալներ են գեներացնում՝ ըստ իրենց տրված կարգավորումների, սցենարի, ու արդեն իսկ գովազդներ են արտադրվում, որոնք կարող էին նկարահանել օպերատորներ ու մոնտաժեին մարդիկ, բայց…

Մեծ հույս ունեմ, որ կինոն դեռ կպահի մարդու ներկայությունն արտադրության ընթացքում, բայց կինոաշխարհում նույնպես կոմերիցան շատ է, իսկ արհեստական բանականությունը շատ ավելի էժան է, քան մարդու աշխատանքը։ Ես համարում եմ, որ այսօր արվեստագետներն ունեն մեծ առավելություններ, հատկապես թվային աշխարհում, սրա մեջ մտնում է նաեւ արհեստական բանականությունը, եւ ունեն մեծ վտանգ՝ ի դեմս նույն արհեստական բանականության»,-նշեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ սիրում է հայկական կինոն, այն յուրահատուկ է, ընդգծված ինքնություն ունի: «Կուզեմ, որ Հայաստանում կինոարտադրությունը հասնի իսկապես արժանի մակարդակի, հատկապես ձայնի մասով։ Մենք, կինոգործիչներս, պիտի ինքներս մեզ հարց ուղղենք՝ արդյոք բավարա՞ր են ֆիլմում ձայնի կարեւորության մասին մեր գիտելիքներն ու մոտեցումները»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ ո՞ր նախագծերն է իր համար այցեքարտային համարում, որ համագործակցությունները՝ կարեւորում: «Իմ աշխատանքների ու համագործակցությունների ցանկը բավականին մեծ է, դրա համար կառանձնացնեմ մի քանիսը։ Առաջին հերթին դա Սաղսարա նախագիծն է, սա համագործակցություն է իմ՝ որպես երաժշտի ու կինոգործիչի միջեւ։ Նախագիծը հայ ժողովրդական երգերի պահպանմանն ու վերաթողարկմանն է ուղղված։ Կառանձնացնեմ իմ ուսանողական երկու ֆիլմերը. Paryer-ը, որը նկարահանել ենք Լիսաբոնում եւ վերջնականացրել եմ Տալլինում, երկրորդը Reverie պարային ֆիլմն է, որը նկարահանել ենք Տալլինում։

Կառանձնացնեմ նաեւ Նարե Տեր – Գաբրիելյանի «Լռություն» ֆիլմը, որտեղ կատարել եմ ամբողջ ձայնային ու երաժշտական աշխատանքները՝ ֆիլմին միանալով դեռ նախարտադրական փուլից ու ռեժիսորի հետ շատ ակտիվ ու արդյունավետ քննարկումներից, սա է կարգը, հնչյունային ձեւավորողը ՊԻՏԻ ֆիլմում սկսի աշխատել մինչեւ նկարահանումները։ Այստեղ պիտի հպարտությամբ նշեմ, որ այս ֆիլմում որպես մենթոր ունեմ Մարկ Մանգինիին, որը լեգենդար, կրկնակի Օսկարակիր հնչյունային ձեւավորող է, աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Dune-ը (patr 1), Blade runner 2049. Mad Max-ը եւ այլն»,-նշեց Արմեն Պապյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
12.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031