Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ Այսօր «Մեդիա կենտրոնում» «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով ասուլիսի ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն ասաց, որ հաշվի առնելով, թե ինչպիսի դատավարություններ են տեղի ունեցել հայազգիների հետ Ադրբեջանում, տարրական արդար դատաքննության իրավունքի տարրեր չեն ապահովել՝ կարելի է ենթադրել, թե ինչ է սպասվում առաջիկա դատավարություններին. «Մեծ մասը, ի տարբերություն այս դեպքերի, երբ որոշները արդեն ունեն իրենց ընտրությամբ փաստաբաններ, մինչ օրս Բաքվում պահվող գերիները չեն ունեցել փաստաբան եւ օգտվել են Ադրբեջանի հանրային պաշտպանի ծառայությունից: ՄԱԿ-ը հաստատել է, որ դա անարդյունավետ է եւ իրականում որեւէ պաշտպանություն չի ապահովում պաշտպանյալներին: Վերադարձված հայրենադարձված գերիների հետ հարցազրույցներում մենք լսել ենք, որ որեւէ պաշտպանություն չի իրականացվել, ձեւական փաստաբանները ներկա են գտնվել: Թարգմանության խնդիր է եղել, որոշ դեպքերում անգամ թարգմանիչը ապակեպատ տարածքից դուրս է եղել ու չի լսվել թարգմանությունը, որոշ դեպքերում թարգմանությունը եղել է անորակ, երբ չեն հասկացել՝ ինչ է ասում: Հիմա կտեսնենք՝ ոնց է լինելու»:
Փորձագետն ասաց, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին տարբեր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչության կազմակերպման, ահաբեկչության ֆինանսավորման, ընդհուպ՝ ագրեսիվ պատերազմ վարելու, մասնավորապես, վերջին մեղադրանքն առաջադրվել է Արայիկ Հարությունյանին ու Դավիթ Բաբայանին. «Ռուբեն Վարդանյանին կա մեղադրանք նաեւ ապօրինի սահման հատելու, ասում են, թե՝ ՀՀ քաղաքացի են, հայտնվել են Ադրբեջանում առանց իրենց թույլտվության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի