Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։
Այսօր «Մեդիա կենտրոնում» «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով ասուլիսի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նախ հորդորեց գերի, ռազմագերի տերմինները չօգտագործել՝ ասելով, որ մենք պետք է ասենք ԳՇ-ի եւ երկրի առաջնորդների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր. «Նրանք մոռացել են, թե ինչ են նշանակում արդար դատավարության էլեմենտները: Մենք պետք է տեսնենք, որ փաստաբանները նրանց շուրջ նստած են, ոչ թե ապակու հետեւն են նստած, պետք է տեսնենք, որ նրանք կարողանում են հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, բայց վստահ եմ, որ այդ ամենը չի լինի, որովհետեւ եթե եղավ, դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա: Հերթական ձախողումն է լինելու ապահովելու այդ մարդկանց արդար դատաքննությունը: Ադրբեջանի սուվերեն իրավունքն է մարդկանց դատել ու միջամտություն չի լինի: Որքան գիտեմ, նրանց հարազատները չեն դիմել, որովհետեւ եթե դիմած լինեին, առնվազն կալանքով վաղուց արդեն արագացված ընթացակարգով այդ գործերը կոմունիկացված կլինեին:
Ադրբեջանի Քրդատը ինքնին չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, երբ կալանքը 4 ամսով է տրվում, կա հանձնարարական, որ կալանքի մաքսիմում ժամկետը 2 ամիս պետք է լինի: Զարմանալի է, բայց կարելի է նաեւ հասկանալ ինչու հարազատները չեն դիմել եւ միայն Ռուբեն Վարդանյանին խոշտանգման լուրերից հետո, կարծում եմ, ինչ-որ պայմանավորվածություններ եղել են, որ միջազգային գործընթացներ իրավական չսկսեք»:
Կարդացեք նաև
Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը խուսափում է իրավական գործընթացներից ու պահանջում է Հայաստանից դիմումները վերցնել, որովհետեւ իրավական դաշտում ավելի շատ է պարտվել, քան Հայաստանը: Դրա համար ուզում է ռազմաքաղաքական դաշտում հարցը լուծել, որովհետեւ այդտեղ մենք ենք պարտվել. «Մեր մոտ կառավարությունը չի կարող խոսել ու անել այն, ինչ մասնավոր խմբերը ու ես չեմ տեսնում այն ակտիվությունը, ինչ պետք է լիներ: Առաջին հերթին դա կախված է ռեսուրսներից, երկրորդը՝ ցանկությունից: Պետք է շատ գանգատներ գնան, մոնիտորինգային զեկույցներ եւ դա պետք է լինի անկախ կառավարությունից»:
Հարցին՝ հարազատնե՞րը պետք է դա անեն նա պատասխանեց. «Ոչ, հարազատները խոցելի են, դեռ ուշքի չեն եկել, այստեղ մեզ պետք են հասարակության այն խմբերը, որոնք մասնագիտական կարողություն ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի