Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Պետրոսյան. ՀՀ-ն պետք է պարբերաբար բարձրաձայնի, որ երկու տասնյակից հայեր ապօրինաբար են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից. News.am

Հուլիս 12,2024 12:54

NEWS.am-ը զրուցել է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հետ։

-Տեղյա՞կ եք արդյոք Հայաստանի կողմից միջազգային իրավական ատյաններ ներկայացված միջպետական հայցերի մասին: Ադրբեջանի ճնշումներից մեկն էլ այն է, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ հայցերից: Ի՞նչ կարծիք ունենք այդ մասին և դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար:

-Դա կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ առաջացնել: Բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանը չպետք է ոչ մի կերպ հրաժարվի իր իրավական պահանջներից, քանի որ այն պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության նկատմամբ թե՛ պատերազմի, թե՛ դրան հաջորդող շրջանում ու թե՛ դեպորտացիայի ժամանակ, չպետք է դուրս գան Հայաստանի օրակարգից: Դա կնշանակի, որ Հայաստանն այլևս որևէ պահանջ չունի Ադրբեջանի իշխանություններից: Մենք իրավունք չունենք այդ գործընթացին գնալու, քանի որ չպետք է մոռանանք, որ անձինք, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը, ունեն վերադարձի իրավունք, և այդ մասին միջազգային ատյաններում պետք է պարբերաբար բարձրաձայնվի:

Ես պատահաբար չէ, որ օգտագործեցի «դեպորտացիա» տերմինը. դեպորտացիան համարվում է մարդկության դեմ կատարված միջազգային բնույթի հանցագործություն և այն տրանսնացիոնալ նշանակություն ունի: Եվ քանի որ փետրվարի 1-ից Հայաստանը Հռոմի ստատուտի անդամ է ու հետադարձ ուժով ճանաչել է նաև Միջազգային քրեական դատարանի (ICC) իրավասությունը, ապա սա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանը կարող է հիմնվել այս իրավասության վրա և սկսել հետաքննություններ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ:

Մի քանի ամիս առաջ հայ-ամերիկյան հասարակական կազմակերպություններից մեկը դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ հիմնվելով այն փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել, և կարծում եմ, նման դիմումները պետք է շարունակաբար լինեն, որպեսզի հարցը մնա դատախազի ուշադրության կենտրոնում: Մեր առաքելությունը պետք է լինի այն, որպեսզի Հայաստանի պետական և մյուս համահայկական ու հասարակական կազմակերպությունները, միմյանց հետ համագործակցելով, կարողանան այնպիսի նյութ պատրաստել, որը դատախազը կկարողանա միանգամից ընդունել վարույթ և սկսել հետաքննությունը:

-Մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների մեր այս շարքը վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնված Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության իրավունքների պաշտպանությանը, նրանց վերադարձի հնարավորություններին: Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել նրանց, առանց որևէ հիմնավորման երկարաձգել կալանքի ժամկետները (վերջին անգամ՝ հինգ ամսով), իսկ անցած ամիս Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը խոշտանգումների մասին հայց ներկայացրեց ՄԱԿի խոշտանգումների հարցով զեկուցողին: Վերջերս ԵԽԽՎ նախագահը մտահոգության հայտնեց այն առիթով, որ Ադրբեջանը հրաժարվում է ԵԽ Խոշտանգումների կոմիտեի հետ համագործակցելուց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում Բաքվի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար. Ի՞նչ լծակներ կան, որոնք հնարավոր է գործի դնել:

-Սա շատ ցավալի ու բարդ հարց է, ու, ցավոք, իրավական մեխանիզմներն այս հարցում բավականին սահմանափակ են:

Այո, դիմումը ՄԱԿ-ի զեկուցողին, ԵԽԽՎ Խոշտանգումների կոմիտեի հայտարարությունը կարևոր են, բայց դրանք Բաքվում պահվող հայերի ազատ արձակման և վերադարձի մեխանիզմներ չեն պարունակում, ինչին և մենք ձգտում ենք:

Գործիքներից մեկն այն է, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կարող է արձանագրել պետական պատասխանատվություն առ այն, որ տեղի է ունեցել Խոշտանգումների մասին կոնվենցիայի ոտնահարում և ըստ այդմ նշանակել ռեպարացիաներ, որոնց չկատարման դեպքում Ադրբեջանի համար կարող է պետական պատասխանատվություն առաջանալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա կարևոր է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնի, որ մարդու իրավունքների նմանատիպ ոտնահարումներ են տեղի ունենում և երկու տասնյակից հայեր ապօրինաբար են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բայց որևէ ձևով չի նկատվում, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է այդ հացը օրակարգ մտցնելու առումով: Միգուցե և այն կա օրակարգում, բայց առնվազն հանրային դաշտում ակնհայտ չէ, որ ՀՀ-ն փորձում է ձեռնամուխ լինել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031