Հուլիսի 8-10-ը Արցախի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Վարդան Օսկանյանը, Արմինե Ալեքսանյանը, Գառնիկ Քերքոնյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Ժնեւում, նպատակ ունենալով իրազեկել միջազգային, դաշնային եւ համայնքային լսարանին Արցախի շուրջ ծավալվող արդի իրողությունների մասին:
Հուլիսի 10-ին Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (ՔՀՄԿ) (CSI Christian Solidarity International) մանրամասներ է հրապարակում հուլիսի 8-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հայկական պատվիրակության ելույթից ՝ մամլո հագեցած հաղորդագրությամբ: «Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն թիրախավորում են ԼՂ բնակչությանը՝ նպատակ ունենալով տարածքում էթնիկ զտումներ իրականացնել»,- ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայիս նախագահ Վարդան Օսկանյանը: Ռասիզմի ժամանակակից ձևերի վերաբերյալ հատուկ զեկուցող Ք.Պ. Աշվինիի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ Օսկանյանը հիշեցրել է, որ 10 ամիս առաջ Արցախում ապրում էր ավելի քան 100,000 հայ, իսկ այսօր ոչ ոք չի մնացել: Ուստի Օսկանյանը պահանջել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին այցելել Հայաստան, խոսել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ և էթնիկ զտումների վերաբերյալ զեկույց ներկայացնել Մարդու իրավունքների խորհրդին: Օսկանյանը հիշեցրել է, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները՝ օրինակ բերելով Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ-ն լքած բոլոր անձանց անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը: ՀՀ նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ հիշյալ հրահանգը համահունչ է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, սակայն այդ երկիրն առայժմ որեւէ էական քայլ չի ձեռնարկել՝ կատարելու իր պարտավորությունները:
Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկն արագ արձագանքելով Օսկանյանին պնդել է, որ ղարաբաղցի հայերը «կամավոր» են լքել իրենց բնակավայրը, իսկ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը խեղաթյուրում է, մոլորեցնում խորհրդին: Ադրբեջանուհուն ի պատասխան ՔՀՄԿ նախագահ Ջոն Այբները մարդու իրավունքների ծաղր է որակել ԼՂ-ում էթնիկ զտումները «կամավոր» բնութագրելը, նկատել տալով, որ ադրբեջանուհու նման արձագանքը ռեժիմի՝ հայ ազգը ոչնչացնելու մտադրության մասին հերթական վկայությունն է: «Ամեն ինչ վկայում է Ադրբեջանի՝ խաղաղության կասկածելի գործընկեր լինելու մասին»,- ասել է Այբները:
Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի շրջանակներում ՔՀՄԿ -ի հրավերով կայացել է զուգահեռ մի միջոցառում, որին մասնակցել են Վարդան Օսկանյանը, ԼՂ նախկին փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և մարդու իրավունքների մասնագետ իրավաբան Գառնիկ Քերքոնյանը:
Կարդացեք նաև
Ըստ հայկական պատվիրակության երեք անդամների ձեւակերպման, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության երեք բանալիները հետեւյալն են՝ հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը, բոլոր հայ պատանդների ազատ արձակումը, ԼՂ-ում մշակութային արժեքների պաշտպանությունը: «ԼՂ-ի տեղահանված բնակչությունը հաստատակամ է հայրենիք վերադառնալու հարցում, նրանց վերադարձի իրավունքը տեւական խաղաղության նախապայմանն է», – ասել է Օսկանյանը: Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով: Հակառակ դեպքում դժվար կլինի հասնել տեւական խաղաղության: Վարդան Օսկանյանի ձեւակերպմամբ, Ադրբեջանի նպատակը ոչ միայն հող գրավելն է, այլ ի վերջո, հայ բնակչությանը և այդպիսով 4000-ամյա քաղաքակրթությունը վերացնելը: Օսկանյանն առաջարկել է միջազգային դիտորդներ ուղարկել տարածաշրջան՝ ստուգելու մշակութային հուշարձանները և ապահովելու դրանց պահպանությունը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում