Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանեսյանի հրամանի հիմքով պետք է քրեական գործ հարուցվի. «Զարյա 3»-ը զինված հանցագործներին վնասազերծելու համար է, որ քիչ կորուստներով ոստիկանությունը կարողանա հասնել նպատակին. Սամվել Հովհաննիսյան. «Հրապարակ»

Հուլիս 12,2024 11:10

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 26-ին փոփոխություն է կատարել նախարարի նախկին հրամանում, որտեղ սահմանված են ոստիկանության կողմից թույլատրելի հատուկ միջոցներն ու դրանց կիրառման չափանիշները, եւ այս ցանկում հետին թվով ներառել է հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների վրա նետված «Զարյա 3» հատուկ միջոցը։ Հատուկ միջոցների ցանկն առողջապահության նախարարությանը ներկայացնում է ոստիկանության համապատասխան հանձնաժողովը։ Նախարարությունն ուսումնասիրում է, համապատասխան եզրակացություն կազմում, եւ տրվում է այս կամ այն հատուկ միջոցի կիրառումը թույլատրող հրամանը։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը նման միջոց կիրառելուց հետո է ամրագրել, որպեսզի փորձի իր ապօրինի գործողությունների համար իրավական հիմքեր ապահովել։

Նախկին փոխոստիկանապետ, գեներալ մայոր Սամվել Հովհաննիսյանը կարծում է, որ հունիսի 26-ի հրամանի հիմքով պետք է քրեական գործ հարուցվի։ «Դա նշանակում է, որ արդեն այդ փաստաթղթով պետք է քրեական գործ հարուցվեր։ Արդյո՞ք կա փորձաքննություն, որ հունիսի 12-ին կիրառված հատուկ միջոցը «Զարյա 3» չի եղել»,- «Հրապարակ»-ին ասում է Սամվել Հովհաննիսյանը։ Բացի այս, ցանկացած դեպքում, երբ կա հիվանդանոցային դեպք, պետք է քննություն իրականացվի, պարզվի՝ արդյո՞ք ծայրահեղ անհրաժեշտություն է եղել հատուկ միջոցի կիրառումը։

Ոստիկանությունը, ինչպես Սամվել Հովհաննիսյանն է ասում, պետք է գործի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որը սահմանում է, այդ թվում հատուկ միջոցների գործադրման կարգը եւ մանրամասնում, թե ինչ պայմաններում ոստիկանությունն ինչպես պետք է գործի։ Թե ինչ խնդիր էր ոստիկանությունը լուծում հունիսի 12-ին՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, երբ քսանից ավելի լուսաձայնային նռնակներ նետեց անզեն ու խաղաղ մարդկանց վրա, մեր զրուցակցին պարզ չէ։

«Ես չգիտեմ, թե ինչի համար են «Զարյա 3» կիրառել, ինչ նպատակ են հետապնդել, լուսաձայնային այլ նռնակներ էլ կան։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարն է ընտրում մարտավարական ձեւը։ Դա կարող է լինել կոնտակտային եւ ոչ կոնտակտային, օրինակ, ոստիկանական շղթան։ Հունիսի 12-ին ընտրվել է ոչ կոնտակտային ձեւը՝ հատուկ միջոցի կիրառումը, բայց դա ի՞նչ խնդիր լուծեց։ «Զարյա 3»-ը զինված հանցագործներին վնասազերծելու համար է, որ անցնցում եւ քիչ կորուստներով ոստիկանությունը կարողանա հասնել նպատակին»,- ասում է Հովհաննիսյանն ու մասնագիտական տեսանկյունից փորձում վերլուծել այդ օրվա իրադարձությունները։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031