Աստվածաշունչ մատյանը քրիստոնյաներիս համար կյանքի ամենավստահելի ուղենիշն է, որին հիմնականում դիմում ենք նեղությունների ժամանակ և երբեք չենք հուսախաբվում։ Սակայն այս երկրի վրա ապրել են նաև հանճարներ, որոնց մտքերը նույնպես փոխանցվում են դարեդար ու մնում են միշտ արդիական։ Այդպիսի անհատներից էր ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, ով ժամանակին արտահայտել էր հետևյալ միտքը․ «Այն մարդը, ով չի վախենում ճշմարտությունից, ստից ու կեղծիքից վախենալու պատճառ չունի»։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում նույնաբովանդակ մտքեր ենք լսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանից, երբ նա ասում է․ «Այս շարժումը ստին ու կեղծիքին հաղթելու մասին է» ու էլի նման խոսույթներ, սակայն մենք տեսնում ենք, որ սուտն ու կեղծիքը դեռ շարունակում են իշխել ու վտանգել մեր հայրենիքը, ինչից պետք է հետևություն անենք, որ այդ ստին ու կեղծիքին հաղթելու գործիքակազմը չունենք, կամ գործիքները կան, բայց նրանց տիրապետողներ չկան։
Այդ ստին ու կեղծիքին ավելացել են նաև կախարդությունները, ինչի մասին օրերս վկայեց սրբազանը։ Նա համոզված պնդեց, որ իշխանությունները կախարդությամբ են զբաղվում և ինքը դրա վերաբերյալ շատ «կոնկրետ տվյալներ ունի»։ Դա բնավ իշխանությունների կողմից թույլ տրված ամենամեծ զանցանքը չէ, և զարմանալի էլ չէ, որ գործող վարչախումբը «իրենց տներում կախարդությամբ ու թուղթ ու գիրով է զբաղված»։
Սրբազանը ինտենսիվ կերպով շփվելով ժողովրդի հետ՝ տեղյակ է, որ հասարակության մեջ կա շրջանառվող մի թյուր տեսակետ, համաձայն որի Էջմիածնի Մայր տաճարի դռները ժողովրդի առաջ տարիներով փակ պահելն ու անցած տարվա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունների հետաձգումն է պատճառը, որ հայ ազգի գլխին այսքան դժբախտություններ են գալիս։ Սա, անշուշտ, վտանգավոր սնահավատություն է, որոնց տարածման սկզբնաղբյուրները կարող են լինել հենց այն շրջանակները, որոնք հայտնի են իրենց հակաեկեղեցական կեցվածքով և որոնց մասին վկայում է Բագրատ սրբազանը։ Վստահ եմ, որ սրբազանը հանրահավաքների ընթացքում հնարավորություն կունենա փարատելու ժողովրդի մեջ եղած այն տագնապները, որոնք առաջանում են նրանց սնահավատության պատճառով։
Կարդացեք նաև
Շարունակելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին թեման, փորձենք հասկանալ, թե ի վերջո ի՞նչ ուղղվածություն այն ունի և ինչպիսի՞ շարժում է իր բնույթով։ Հուլիսի 11–ի հանրահավաքից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս սրբազանը կրկին հիշեցրեց բոլորիս, որ շարժումն ընդդիմադիր չէ։ Գիտենք նաև, որ եկեղեցական էլ չէ։ Ամառվա այս շոգերին ոչինչ չի խանգարում սրբազանին քաղաքացիական համազգեստով ներկայանալ իր հետևորդներին, բայց նա դա չի անում։ Ենթադրում եմ, հասկանում է, որ ամենօրյա հավաքներին ներկա գտնվողները քաղաքական թեմաներից ավելի շատ ակնկալում են լսել հոգևոր թեմաներ, իսկ դա ավելի պատշաճ է անել հոգևորականի համազգեստով։ Ամեն դեպքում դա իր իրավունքն է։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ շարժումն այլևս որևէ վտանգ չի ներկայացնում այս իշխանությունների համար։ Համակերպվել են։ Նրանք հանգիստ իրենց գործով են զբաղված, շարժումն էլ՝ իր գործով, այսինքն` շարժումը կարելի է բնութագրել որպես հասարակական շարժում։ Որքան էլ փորձենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ընդունել որպես ազգային ազատագրական՝ դա մեզ չի հաջողվի անել առանց ինքնախաբեության։ Իրականությանը անհրաժեշտ է տալ իրական գնահատականներ, որպեսզի այն չխեղաթյուրվի։ Հետևաբար, ինքնախաբեության կործանարար ազդեցության գիտակցումով է, որ շարժումը հասարակական եմ կոչում։ Իսկ թե ի՞նչ ուղղվածություն կունենա այդ հասարակական շարժումը, կարծում եմ կերևա «աշնանը՝ ճտերը հաշվելիս»։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ