Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարն այս պահին չի երեւում: Իհարկե, ոչ մի բան չի կարելի բացառել, բայց մոտակա երկու տարում, իմ կարծիքով, իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն խոշոր ցնցումների դեպքում՝ այնպիսի ցնցումների, որոնք կարթնացնեն մեր քաղաքացիների մեծամասնությանը քաղքենիական թմբիրից կամ, եթե ուզում եք, մտավոր ու հոգեկան ճարպակալությունից: Գիտեմ, որ ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող իմ հայրենակիցները համաձայն չեն լինի (կամ գուցե նույնիսկ կվրդովվեն), բայց պիտի ասեմ՝ ես դեմ եմ նման ցնցումներին:
Արտառոց զարգացումների բացակայության պայմաններում քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն 2026 թվականի հերթական ընտրություններին, որոնք սարերի հետեւում չեն: Սակայն վստահ եմ՝ եթե ընդդիմադիր խմբերը շարունակեն այն գործելաոճը, որը որդեգրել են 2020 թվականի նոյեմբերից առ այսօր՝ պարբերաբար բռնկվող եւ անհաջող փողոցային ակցիաներով, ապա Փաշինյանի վերարտադրվելու շանսերը բավականին բարձր են:
Նախ՝ իշխանությունը հաջողությամբ կիրառում է բոլոր ավտորիտար ռեժիմներին հատուկ «գործիքակազմը»՝ բռնություններ-ռեպրեսիաներ-քարոզչություն: Ընդ որում՝ եթե նախորդ իշխանությունները բռնությունների եւ ռեպրեսիաների հարցում որոշ չափով կաշկանդված էին Արեւմուտքի արձագանքով, ապա Փաշինյանի ռեժիմի դեպքում այդ գործոնը բացակայում է՝ Արեւմուտքը հիմա արդարացնում է իշխանությունը պահելու բոլոր կոշտ միջոցները:
Երկրորդ՝ զանգվածները չեն սիրում մի քանի անգամ անհաջողության մատնվածներին՝ սովորական մարդիկ, որպես կանոն, երկրպագում են հաղթողներին եւ կանգնում են նրանց կողքին, ավելի ճիշտ՝ նրանց մեջքի հետեւում: Վերջապես, բուն ընտրությունների ժամանակ ողջ ուժով կիրառվելու է «նախկինների» ամբողջ զինանոցը՝ մասնավորապես, վարչական ռեսուրսը եւ թաղի խուժանը (ինչի փորձն արդեն կար Երեւանի ավագանու վերջին ընտրություններում):
Կարդացեք նաև
Ինձ իրավասու չեմ համարում խորհուրդներ տալ ընդդիմությանը (նաեւ, իհարկե, իշխանությանը), բայց, կարծում եմ՝ եթե քաղաքական գործիչներին թվում է, թե լուծումը Բագրատ սրբազանի գլխավորությամբ ինչ-որ մի նոր քաղաքական միավորման ստեղծումն է, ապա նրանք սխալվում են: Հոգեւորականները կարող են ազդել քաղաքական գործընթացների վրա իրենց հեղինակությամբ, բայց՝ «դրսից»: Իսկ «ներսում», այնուամենայնիվ, պետք է գործեն եղած կուսակցությունները:
Երկու տարում նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծելը եւ դրան իշխանության բերելը այժմ շատ դժվար կլինի: Այո, ՔՊ-ն ստեղծվել է 2015 – ին ու իշխանության է եկել 2018 – ին, բայց՝ ոչ միայնակ. իշխանափոխությանը մեծապես նպաստել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը»: Բացի այդ, իրավիճակն այսօր բացարձակապես նման չէ 2018 թվականին:
Իսկ բովանդակային առումով… Եթե ես քաղաքական գործիչ լինեի, ապա կփորձեի ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի հետ կձգտեի հաստատել նորմալ հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ հաշտություն կփնտրեի: Հաշտություն, ոչ թե բոլոր քմահաճույքների բավարարում, որը խաղաղություն չի բերի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թուրքերը երկու տարի չեն սպասեր, շարունակելու համար իրենց ռազմական ներխուժումը՝ ՀՀ տարածք:
Բացի եթէ Փաշինյանը իրենց սիրայօժար նուիրէ, նաեւ՝ թրքական միջանցքը: Այդ պարագային, նորէն կը շարունակեն յարձակումը, սակայն կրնայ այդ տեղի ունենալ յաջորդ հերթական ընտրութիւններէն ետք:
Այս հանգրուանի այլեւս, հիմնական եւ առաջնահերթ յանցաւորները՝ Փաշինյանը եւ իր շրջապատը չեն: Այլ՝ ներքին ուժայինների հրամանատարները, եւ բանակի բարձրաստիճան սպաները:
Հայդուկ Շամլեան