Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տեղի ունեցածը ոչ միայն էթնիկ, այլեւ կրոնական զտում էր. ամերիկացի դիվանագետ

Հուլիս 12,2024 00:21

«Մի՛ ասեք միայն էթնիկ զտում, դա նաեւ կրոնական զտում էր: Տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները վերացնում քրիստոնեական եկեղեցիները, գերեզմանները Արցախում, մենք հստակ կարող ենք ասել, որ գործ ունենք ոչ միայն էթնիկ, այլեւ կրոնական զտման հետ:

Ամեն ինչ շատ պարզ է: Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված ամեն ինչ արեց, որ բռնի ուժով տեղահանի մահմեդական ծովում գտնվող քրիստոնյաներին այն հողից, որի վրա իրենք ապրում էին հազարամյակներ շարունակ: Սա կրոնական զտում էր: Դարեր շարունակ քրիստոնյաներով բնակեցված այդ տարածքը կարծես կոկորդում մնացած ոսկոր լինի թուրքերի, օսմանյան կայսրության համար, եւ այդ զտումը նոր չէ, միշտ էլ եղել է, եւ դեռ շարունակվում է: Եթե դուք՝ հայերդ, մահմեդական լինեիք, նման բան չէր լինի: Ուրեմն դա իսկական կրոնական զտում է»- անդրադառնալով 2023 թվականին Արցախի բնակչության բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը՝ ասաց ամերիկացի ճանաչված քաղաքական գործիչ, Կրոնական ազատության միջազգային գագաթաժողովի համանախագահ, Համաշխարհային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպան, Կանզասի նախկին նահանգապետ, նախկին սենատոր, հանրապետական Սեմ Բրաունբաքը՝ Ամերիկայի հայկական համագումարի եւ Save Armenia-ի կազմակերպած վեբինարի ժամանակ:

Վեբինարը Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հարյուրավոր հայ քաղաքացիական պատանդներին, ռազմագերիներին և քաղբանտարկյալներին ազատ արձակելու նախապատմության, ընթացիկ իրավիճակի ու նրանց ազատ արձակումը պահանջելու առաջընթացի մասին էր:

Պարոն Բրաունբաքը նկատեց, որ Արցախում կատարված կրոնական եւ էթնիկ զտումն իրականացվեց միջազգային խոշոր խաղացողների թողտվությամբ՝ Բայդենի վարչակազմը աչք թեքեց, Ռուսաստանը դադարեցրեց իր պատմական օժանդակությունը եւ աջակցությունը, եւ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ շանսից: Այդ ամենից հետո հարկավոր է Ադրբեջանի հանդեպ իրականացնել տարբեր մակարդակի պատժամիջոցներ, եւ ոչ թե խրախուսել՝ ռազմական համագործակցությամբ, զինամթերքի տրամադրմամբ: «ԱՄՆ-ն, Բայդենի վարչակարգը պիտի կամք դրսեւորի եւ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ՝ այդ կրոնական զտումներից հետո, դա չի կարելի այդպես թողնել, պետք է անընդհատ ճնշումներ իրականացնել»,- ասաց նա:

Սեմ Բրաունբաքը նաեւ պատմեց, որ ԱՄՆ կրոնի ազատության միջազգային հանձնաժողովը, որն անկախ եւ երկկուսակցական մարմին է, Արցախում կատարվածը որակել է որպես կրոնական հալածանք, իսկ Ադրբեջանին՝ որպես առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկիր: Դա, ըստ դեսպանի, «վատ տղա» լինելու ամենաբարձր աստիճանն է, որ տրվում է որեւէ երկրի: Նա ասաց, որ այս որակումը կարող է օգտագործվել որպես գործիք Ադրբեջանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելու համար: Սակայն դա պիտի արվի ԱՄՆ պետդեպի կողմից, ինչը դեռ չի արվում: «Կա գործիք, կա պատճառ այդ գործիքն օգտագործելու համար, մենք պետք է ավելի ուժեղացնենք ճնշումը, որպեսզի այդ գործիքն օգտագործվի»,- եզրափակեց պարոն Բարունբաքը:

Վեբինարին մասնակցող Արցախի նախկին օմբուդսմեն եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը պատմեց Արցախի հայաթափման նախապատմությունը, նկատելով, որ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում, ոչ միայն էթնիկ եւ կրոնական զտում էր, այլ իսկական ցեղասպանություն, քանի որ մի քանի կետերով համապատասխանում էր ցեղասպանության միջազգային ընդունված սահմանումներին: Եվ այդ կետերից մեկն էլ՝ առաջնորդներին գերեվարելն է: Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Արցախի ութ առաջնորդներ հիմա գերեվարված են, Բաքվի բանտում են: Նա նախընտրում էր դա «պատանդառում» բառով բնութագրել, քանի որ Արցախի առաջնորդները Ալիեւի ձեռքում խաղաքարտ են, որոնցով Ադրբեջանի բռնապետը ճնշում է գործադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ միջազգային հանրության վրա: «Այս պահին Բաքվի բանտերում ունենք 23 պատանդ՝ Արցախի ութ առաջնորդները, եւս 15 պատանդ, որոնց գերեվարումն Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է»,- այս թիվն, ըստ Արտակ Բեգլարյանի, Արցախի հայաթափման ընթացքում գերեվարվածների մասին է, այնինչ 2020 թվականից ի վեր ադրբեջանական բանտերում պահվում են կամ կորած են համարվում ավելի քան 80 մարդ՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ՝ զինվորականներ, որոնց մասին կան վկայություններ, որ նրանք գերեվարվել են, սակայն Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել դա, ինչը նշանակում է, որ կամ նրանք դեռ գերեվարված են, կամ սպանված են, եւ Ադրբեջանը չի վերադարձնում նրանց մարմինները: Բացի այդ 80-ից եւ 23-ից, եւս 200 անձ անհայտ կորած են՝ 2020 թվականից ի վեր: Արցախի նախկին օմբուդսմենը շեշտեց, որ 2023-ի սեպտեմբերի վերջին Բաքվի բանտում հայտնված 23 հայ պատանդները չեն կարող համարվել ռազմագերի, քանի որ նրանց գերեվարել են ոչ ռազմի դաշտում, ոչ ռազմական դրության պայմաններում, այլ՝ խաղաղ պայմաններում:

Նա անդրադարձավ պատանդների խոշտանգմանը, որի մասին, մասնավորապես բարձրաձայնել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, որն ունի ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանին խոշտանգումների ենթարկելու մասին: «Չի եղել դեպք, որ վերադարձված գերիները չհաստատեին, որ Բաքվում խոշտանգումների են ենթարկվել: Ավելին, ունենք դեպքեր, որ Բաքվի բանտերում սպանվել են, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: «2020-ից ի վեր՝ Ադրբեջանն իր տիրապետության տակ հայտնված տարածքներում գտնվող հայերին կամ սպանում էր, կամ գերեվարում: Նույնը՝ նաեւ 2023-ին: Ադրբեջանցիները գերեվարեցին բոլոր նրանց, ովքեր չհասցրեցին հեռանալ, ապա մի քանի շաբաթ անց խոշտանգված վերադարձրեցին»,- ասաց Արտակ Բեգլարյանը: Այնինչ Բաքուն թույլ չի տալիս Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելի եւ տեսակցի պատանդներին, մոնիթորինգ անի, ինչը նույնպես հիմք է Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցներ իրականացնելու համար:

ԱՄՆ-ում գործող Ճշմարտության եւ արդարության կենտրոնի իրավաբան Լիլիթ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ իրենք ձեռք են բերել ավելի քան 600 ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին: Կազմվել է մեծ զեկույց, որը փոխանցվել է Միջազգային քրեական դատարանին:

 

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031