Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախորդ դարում լռությունն էր պետք ճեղքել, ապա այսօր խնդիր է ճեղքել համատարած աղմուկը». Հարություն Գրիգորյան

Հուլիս 12,2024 13:00

Հեղինակային երգի ասպարեզում նոր անունների պակասն առերեւույթ է, նրանց կարող ես բացահայտել քեզ համար հազվադեպ առիթներով, ելնելով հավաքույթի, միջոցառման դասականության աստիճանից: Հարություն Գրիգորյանի՝ երիտասարդ պոետի ու  հեղինակ-կատարողի բացահայտումը գանձ որոնողի անսպասելիության էֆեկտ ուներ, ով շատ պատահմամբ գտնում է այն՝ ինչի պահանջը կար, միայն նոր անուն հայտնաբերելու հրաշալի զգացողություն չէր, այլ նոր ու դասական խոսքի երիտասարդ ու խոստումնալից անվան հետ առնչություն՝ ում ցանկացած առողջ հասարակություն կցանկանար ունենալ, լսել ու կարդալ: «Եթե նախորդ դարում լռությունն էր պետք ճեղքել, ապա այսօր խնդիր է ճեղքել համատարած աղմուկը», -ասում է Հարություն Գրիգորյանը։

Ծնվել է 1993թ. Գուգարքի շրջանում՝ ներկայիս Լոռիում։ Ամիսներ անց ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք, որտեղ մինչ օրս ապրում է։ Ծառայել է հայոց բանակում։ Ընդունվել եւ ավարտել է Հայ-ռուսական համալսարանը, որպես տուրիզմի մասնագետ։ Չնայած օժտվածությանն ու տաղանդին՝ համեստորեն ասում է, որ երաժշտական կրթություն չունի եւ պրոֆեսիոնալ երաժիշտ իրեն չի համարում (ինչին մեկ անգամ նրա կատարումներն ու պոեզիան ունկնդրելուց հետո կարելի է մոտենալ մեծ վերապահումով)։ Կիթառ նվագել է ինքնուս՝ արդեն հասուն տարիքում, 21 տարեկանում, մի օր էլ դպրոցական տարիների թղթին հանձնած մտքերը իրենցն արեցին եւ շատ պատահական ձուլվեցին այդ երկու տարերքները:

-Հեղինակային երգի ասպարեզում շատ չեն նոր անունները, նրանք ունեն անցյալ դարից եկող կենսագրություն եւ վաստակ, իրենց բրենդային դարձած անունները, հիշվող ու ընդունված երգերը, որը մի քանի սերունդ հիշում է, սիրում, երգում: Հե՞շտ է նոր խոսք ասելը, քո «Մի խնջույքի պատմություն»-ը ժամանակի հին ու նոր բարքերի զարկերակի վրա գրված գործ է, անկասկած:

– Առհասարակ, այսօր խոսելն է շատ հեշտ դարձել, խոսում են գրեթե բոլորը` ամեն կերպ եւ ամենուրեք, պատեհ, թե անպատեհ, դա էլ հանգեցրել է մի խնդրի, երբ գռեհկաբանությունից զուրկ, գեղարվեստորեն մատուցած խիտ ու բովանդակալից խոսքը, ասելիքը լսելի չէ կամ լսելի է, բայց հետաքրքիր չէ, որովհետեւ կա մեկ օրվա կյանք ունեցող ավելի դյուրամարս «սնունդ», որն անկասկած չի հաղթահարի ժամանակի փորձությունը։ Նախորդ դարից եկած անունները հիշվեցին, ընդունվեցին ոչ միայն գեղեցիկ երգերի շնորհիվ, այլեւ առավելապես նրա համար, որ համարձակվեցին խոսել այն ժամանակ, երբ խոսելն արգելված էր, իսկ խոսքը պատժվում էր։ Այսօր էլ խոսելը կարող է վտանգավոր լինել։ Կախված է նրանից, թե ինչքա՞ն լսելի կլինես։ Այդուհանդերձ, ժամանակները ուրիշ են. եթե նախորդ դարում լռությունն էր պետք ճեղքել, ապա այսօր խնդիր է ճեղքել համատարած աղմուկը՝ մնալով ինքնատիպ, չդառնալով պահանջարկի գերին։

– Ամեն ժամանակահատված արվեստում թողնում է իր հետքն ու վավերագրությունը, հեղինակային երգի ժանրը նույնպես երաժշտական ասպարեզի մի ինքնատիպ վավերագրություն է, որը կրում է մի քանի երաժշտական նյուանսներ. այն արտացոլում է տիրող բարքերը, ժամանակի թելադրած հոգեբարոյական վիճակը, շանսոնի, ֆոլկի, եւ էլի ինչ որ երաժշտական ուղղության ավելի դասականացված ձեւ կարելի է համարել այն, ինչպես կձեւակերպեիք։

-Հեղինակային երգը բանաստեղծական երգն է։ Երբեմն հեղինակ-կատարողներին անվանում են երգող պոետներ։ Այստեղ ես կարեւորում եմ խոսքը, ասելիքը, բովանդակությունը։ Ինքս լինելով երաժշտասեր՝ շատ հազվադեպ եմ պճնում խոսքը գեղեցիկ երաժշտական գունավորումներով, եւ որպես կանոն՝ դրանք լինում են քնարական ստեղծագործությունների դեպքում կամ լինում է տրամադրություն, որը հաղորդում եմ երգին եւ ունկնդրին՝ իբրեւ գեղարվեստական մտահղացման մի մաս։ Անկասկած հեղինակային երգը պետք է արտացոլի եւ հիմնականում արտացոլում է տիրող ժամանակը՝ իր բոլոր դրսեւորումներով։ Չեմ համարում, որ այս ժանրը դասականացնում է ինչ-որ երաժշտական ուղղություն, բայց եւ սահմանափակ չէ մեկով կամ երկուսով, այստեղ խոսքը կարելի է ասել թե շանսոնի, թե ֆոլկի, թե բլյուզի, թե այլ ուղղությունների մոտիվներով։

– Քննադատական խոսքը հեղինակային երգում որքանո՞վ է այսօր արտահայտված։ «Ինձ մի տվեք» երգիդ մեջ այդ նոտաները հնչում են բավականին մերկ, ո՞ւմ են հասցեագրված։

-Ասելիք ունեցող երգը մի հատկություն ունի. այն միշտ գտնում է իր հասցեատերերին, ինչպես նաեւ հասցեատերերը միշտ գտնում են իրենց այդ երգի մեջ։ «Ինձ մի տվեք»-ը ընդվզում է, հիասթափություն, բողոք եւ այո, նաեւ քննադատություն։ Ճիշտ եք՝ այդ երգի մեջ քողարկված չէ ոչ մի հույզ եւ ապրում՝ ծնված թե ներքին, անձնական խմորումներից, թե տիրող օբյեկտիվ իրականությունից, թե մեր ու  մեր հասարակության արատներից։ Եղել են ժամանակներ, երբ հեղինակային երգում քննադատական խոսքը ավելի շատ է արտահայտված եղել, քան այսօր։

– Մեղեդի՞ն է ծնում խոսք, թե՞ հակառակը, լռության կարեւորությունն ու նոտաները բավական հնչեղ են «Ձոն լռության» մեջ:

– Երբեք չեմ հարմարեցրել բանաստեղծությունը երաժշտությանը։ Պոեզիան՝ որպես առանձին արժեք, ինձ համար իր ուրույն դերն ու նշանակությունն ունի, առանձին աշխարհ է, այդուհանդերձ, եթե կանխորոշված է, որ բանաստեղծությունը պետք է երգ դառնա՝ վաղ թե ուշ իր մեղեդին ծնվում է, եւ ստեղծագործությունն ապրում է երկու կյանքով։ Լինում է նաեւ, որ մեղեդին է գալիս՝ իր հետ բերելով տողերը։ Այդ դեպքում լինում է լոկ երգ: Լռությունը երբեմն շատ կարեւոր է, իսկ երբեմն կործանարար։ Եթե լռել, ապա միայն խոսքդ արժեքից եւ իմաստից չզրկելու, ինչու չէ՝ նաեւ իմաստավորելու համար։ Ամեն տեսակի լռություն պետք է բացականչությամբ ավարտվի։ Դա է արժեւորում լռությունը, եւ հենց դա է ասվում այդ երգի մեջ։ Իսկ սիրո մասին միշտ պետք է գրել, սիրո մասին միշտ պետք է երգել, ինչպիսին էլ այդ սերը լինի, թեկուզ հազիվ իրական, ինչպես «Իմ բերկրանք»-ում, բայց պետք է լինի մի պարզ պատճառով` մարդը սիրելով եւ սիրով պետք է ապրի։ Մարդկանց մեջ պետք է պահել, իսկ երբեմն պետք է ծնել սերը։ Մեր օրերում դա առավել քան անհրաժեշտ է. սիրող մարդն ուժեղ է կռվում, սիրող մարդը մինչեւ վերջ է կռվում։

– «Վերացող տեսակը» ստեղծագործությանդ մեջ կար եւ իրականության ֆիքսումը՝ տիրող բարքերի կռիվը բարձր արժեքների կրողների հետ, գնահատականն ու այնուամենայնիվ պայքարի ձեւը, երբ երգի միջոցով բարձրաձայնվում է խնդիրը, հասարակությանը սպառնացող վտանգը, ազնվագույն, բյուրեղացած տեսակի կորուստը, սա ինքնատիպ պայքա՞ր է:

– Եթե դիտարկենք, որպես պայքար, ապա այո, շատ ինքնատիպ է. «Վերացող տեսակը» լավի օրինակ է, խրատ, պայքարի պատմություն, հաղթող մարդու պատմություն, համեստության, ինքնաբավության, խիզախության եւ ուժի օրինակ։

– Հասարակության վրա ամենաազդեցիկ լեզուներից մեկը կարելի է համարել երգը, պատերազմի, հաղթանակի, ուրախության ժամանակ միշտ երգ է ծնվում, նրանով են արտահայտվում թերեւս բոլոր հույզերը: Ի՞նչ մեսիջ ունի ձեր հեղինակային խոսքը, բացի ինքնարտահայտման միջոց լինելուց, ձեր «Արի անծանոթ» երգը կարծես նախաբան է նման զրույցի…

– Չեմ կարող առանձնացնել մի թեմա եւ ասել, որ իմ խոսքը դրա մասին է, ես գրում եմ սեփական հույզերիս, ապրումներիս, խոհերիս մասին, որոնք ծնունդ են թե տիրող իրականության, թե ժամանակի դրական ու բացասական վայրիվերումների, թե պարզ միջանձնային շփման։ Այդտեղ կարող եք գտնել եւ վերլուծություն, եւ զգացմունք, եւ ընդվզում, եւ կոչ։ Երգերիս մեջ մեզ շրջապատող աշխարհն է՝ իմ աչքերով, իմ մաշկով զգացած։ Եթե այդ երգերի մեջ մարդիկ գտնում են իրենց կամ գտնում են մտածելու նյութ, գուցե որեւէ հոգեւոր սնունդ, եւ այդ գտածոները մարդկանց լավն են տալիս, ապա համարում եմ աշխատանքս ստացված։ «Արի անծանոթ»-ը իմ օրինակն է` անկեղծության, բաց լինելու, համարձակ ու հուսահատ լինելու, չվախենալու։

– Գործիքավորում, ձայնագրություններ, երաժշտական մշակումներ, ամեն ինչ ինքնուրույն ես անում, հանդես գալու համար կա՞ այն հարթակը, որը որ հեղինակային երգի նոր կատարողների համար կարող է ճանաչման, պրոպագանդման լայն հնարավորություն ընձեռել, ինչպե՞ս են այսօր կարգավորվում նման հեղինակ-կատարողների ներկայացման հարցերը մեր շոու-բիզնես ասվածի մեջ, եթե այն դեռեւս կա:

– Նախ պետք է նշեմ, որ Հայաստանում ես թերեւս երբեք ականատես չեմ եղել, որ հեղինակային երգը կամ որեւէ հեղինակ-կատարող շոու-բիզնեսի մաս կազմի։ Ինձ համար եւ, վստահ եմ, շատ հեղինակ-կատարողների եւ երգահանների համար նույնպես շոու-բիզնեսն ու հեղինակային երգը սկզբունքորեն տարբեր երեւույթներ են։ Ուզում եմ նշել, որ այս ժանրի նվիրյալների ջանքերով  2015թ.-ից ի վեր ունենք «Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որը հնարավորություն է տալիս  սկսնակ հեղինակ-կատարողներին, երգահաններին սկսել իրենց ուղին, հանրայնացնել եւ ներկայանալ իրենց ստեղծագործություններով ժանրին արդեն ծանոթ եւ երկրպագող, ինչպես նաեւ նոր հանդիսատեսին. երբեմն կես-կատակ նրանց անվանում ենք հատընտիր հանդիսատես։ Այդ հարթակը ճանաչման լայն հնարավորություն չէ, բայց մի գեղեցիկ եւ ոգեշնչող սկիզբ է, որից հետո յուրաքանչյուր հեղինակ-կատարող ինքը պետք է որոշի՝ որն է իր առջեւ դրված խնդիրը։ Չմոռանանք, որ փառատոներ անց են կացվել դեռ 1988 թվականից. առաջին փառատոնը եղել է Եղեգնաձորում եւ ծնվել է կրկին ժանրի նվիրյալների ջանքերով, բայց «Հուսո Առագաստ»-ը, հուրախություն բոլորիս, դարձավ ավանդույթ։ Ի դեպ՝, այս տարի փառատոնը անց է կացվելու հուլիսի 19-ից 21-ը Սեւանում՝ Շորժայի «Վիշապ» լողափում։ Ինքս այդ փառատոնին առաջին անգամ մասնակցել եմ 2019թ.։ Այսօր այս ժանրը գտնվում է մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է ինքնուրույն ջանք գործադրի, որպեսզի տարածի այն, հասցնի մարդկանց թե՛ իր խոսքը, թե՛ այս ժանրի գոյությունն առհասարակ, գրավի նոր ունկնդիր  ու հանդիսատես։ Իմ խորին համոզմունքն է, որ այս ժանրը պետք է լինի այնքան ժամանակ, ինչքան երկրագնդում կապրեն մտածող ու մտահոգ մարդիկ։ Ինքս համերգներին զրուցում եմ ունկնդրիս հետ իմ երգերով։

-Հեղինակային երգը իր մեջ կրում է նաեւ քաղաքական բովանդակություն, ինչպե՞ս է այն արտահայտված քո ստեղծագործություններում եւ արդյո՞ք չեք գտնում, որ միակ վայրն է, ուր քաղաքական խնդրի առաջացրած բարքավարքավարական իրավիճակի բարձրաձայնումը առաքելություն է… Վլադիմիր Վիսոցկու, Իգոր Տալկովի եւ այլ հեղինակ-կատարողների երգերը նաեւ նրանց ճակատագիրն էին կանխորոշում, հիմա կա՞ այդ հզոր խոսք-երգը, ինչո՞ւ այն չի դուրս հորդում ասպարեզ:

– Հեղինակային երգն ավելի բարձր է շատ մշակութային ձեւաչափերից, քանզի իր մեջ ներառում է ոչ միայն արվեստի տարրը, այլեւ մշակութային այլ տարրեր` սոցիալական, հասարակական, կրոնական, երբեմն նաեւ քաղաքական։ Վիսոցկին մեծ նշանակություն էր տալիս քաղաքական բովանդակությանը, բայց լինելով նրա արվեստի մեծ երկրպագուն՝ կարող եմ պնդել, որ իր ճակատագիրը կանխորոշել էին նաեւ այլ երեւույթներ։ Տալկովը հեղինակում էր իր երգերը, բայց ես նրան ամենայն հարգանքով համարում եմ էստրադային երգիչ։ Ինչեւէ, հեղինակն ինքն է որոշում՝ տալ քաղաքական բովանդակություն, թե ոչ, համարե՞լ դա առաքելություն կամ ոչ։ Առհասարակ, արվեստը պետք է զերծ պահել քաղաքականությունից, բայց այո, հեղինակային երգի առաքելություններից է խնդիրների բարձրաձայնումը՝ անկախ դրանց ծագման աղբյուրներից` քաղաքական, թե հասարակական։ Ես իմ ընդվզումը, բողոքը, կոչը, հաշտությունն ու անհաշտությունն արտահայտում եմ թերեւս ամենագեղեցիկ եւ ազդեցիկ լեզվով` արվեստի լեզվով։ Իմ դեպքում դա պոեզիան է, չափածո խոսքը, երգը։ Այսօր հայ հեղինակային երգը, իմ խորին համոզմամբ, եւս մի մեծ առաքելություն է իրականացնում. պահպանում է լեզուն եւ լեզվամտածողությունը, եւ այդ առաքելությանը պետք է լրջորեն մոտենան ժանրի բոլոր ներկայացուցիչները։

– Մեր անհանգիստ կյանքի զարկերակը ի՞նչ ռիթմեր է ավելացրել, ի՞նչ նոտաներով են հնչում վերջին շրջանի ստեղծագործություններդ եւ առհասարակ ինչպե՞ս եք գտնում, ինչո՞ւ այսօր մտավորականությունը չի առաջնորդում ժողովրդին, որտե՞ղ է նրա գոյության իմաստը, այս խիստ ճակատագրական օրերում, եթե ոչ այսօր, հիմա…

– Այսօր կյանքի զարկերակը ոչ միայն երգերի, այլեւ մարդկանց կյանքի ռիթմն է որոշում, եւ չեմ կարծում՝ որեւէ մեկը չի զգում դա իր առօրյա կյանքում։ Ստեղծագործությունն էլ մեր կյանքն է՝ մերթ բորբոք, մերթ հանդարտ, մերթ հուսահատ, մերթ խաղաղ։ Ժողովրդին պետք  է առաջնորդի ժողովրդից լավագույնը, այդ թվում՝ նաեւ մտավորականությանը, իսկ մտավորականությունը, ըստ իս, պետք է ուղղորդի ժողովրդին՝ նաեւ լավագույնին գտնելու հարցում, կարծում եմ՝ բոլոր ժամանակներում էլ քիչ, թե շատ ուղղորդել է, իսկ շատը եւ քիչը միշտ որոշել է այն տարածությունը, որ եղել է ու կա ժողովրդի եւ մտավորականության միջեւ, այսինքն, եթե մի մեծ անդունդ է մտավորականի ու հասարակության միջակայքում, ապա մեկի ձայնը մյուսի համար շատ ցածր կլինի եւ հակառակը։

– Ինչի՞ մասին է «Պայքար» երգդ:

-Այդ երգը մի պայքարի մասին է, որտեղ հաղթելով՝ մարդը մնում է նույնը` հավատարիմ իր արժեքներին եւ սկզբունքներին, շարունակում է ապրել այնպես, ինչպես ապրել է՝ անկախ նրանից, թե կյանքը ինչ  է թելադրում։ Վստահ եմ՝ շատերին է դա ծանոթ։

– Ստեղծագործողները մի քիչ ավելին են տեսնում ու զգում, ի՞նչ հեռանկարներ ես տեսնում մեր կյանքում առհասարակ եւ մեզ՝ որպես ազգ-պետություն-մշակույթ ամբողջական միավոր։

– Ազգը հենց մշակույթն է, իսկ պետությունը՝ նրանք, ովքեր այդ մշակույթը պահպանում են։ Մենք հեռանկար կունենանք, երբ կհասկանանք սա։

– Նոր ստեղծագործությունդ ո՞րն է, կա՞ն առաջիկա ծրագրեր:

– Վերջին ժամանակներս առավելապես բանաստեղծություններով եմ ներկայանում, դրանց կարելի է ծանոթանալ ֆեյսբուքյան իմ էջում։ Արդեն սկսել եմ աշխատել բանաստեղծություններիս առաջին ժողովածուի վրա, իսկ նոր երգ վերջերս հրապարակեցի` «Մի խնջույքի պատմություն»-ը։ Բավականին կուտակված ասելիք կա։ Առաջիկայում կա հեղինակային երգի եւ պոեզիայի երեկոների ձեւաչափով համերգներով հանդես գալու ծրագիր։

– Ամեն ժամանակաշրջան ծնում է իր պոետին, նրանցից մնում են նրանք, ովքեր անանց արժեքների մասին գրելիս նաեւ ապագայապաշտ դրսեւորումներ են ունենում, ինչպես Պարույր Սեւակն է ասում՝ «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին եւ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց»: Ինչպիսի՞ն է մեր ժամանակը, այն քո հոգեմաշկի վրա ի՞նչ հետք է թողնում։

– Թե՛ մեր ժամանակը, թե՛ առհասարակ բոլոր ժամանակները պոետների համար միշտ էլ ծանր են եղելգնրանք թե հոգով, թե մաշկով միշտ ավելի խորն են զգացել եւ ընկալել աշխարհը, մեր մեծերն առավել քան։  Ով հասկանում է իր ժամանակը, տեսնում է նաեւ ապագան.  պատմությունն ու մարդիկ հիշեցին նրանց, ում խոսքերը եղան թե՛ մարգարեական եւ թե՛ արտահայտեցին ժամանակի բույրն ու համը։ Մեր ժամանակն անողորմ է, ինչպես անողորմ էր երեկ եւ կլինի վաղը. ոչինչ չի փոխվել։ Միակ բանը, որ բոլորը պետք է զգան եւ հասկանան, իրենց հատկացված ժամանակի անխուսափելի ավարտն է, բնությունն է միայն ժամանակի հավերժության հետ ներդաշնակ ապրում։ Ինչպես գրել էի բանաստեղծություններիցս մեկում՝

«Մեզնից հետո բնությունն էլ հո չի՞ կորչի,

Կմերկանա ու կհագնի նորից կանաչ,

Մերկությունից էլ, ինչպես միշտ, չի ամաչի,

Ինչպես եւ չէր շիկնում երեկ՝ մեզնից առաջ»։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
11.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031