Լեւոն Բլբուլյանի հարցազրույցը՝ Եգիպտոսում լույս տեսնող արաբալեզու «Արեգ» ամսագրին
Լեւոն Բլբուլյանը Հայաստանի այսօրվա ճանաչված գրողներից է՝ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, ավելի քան 20 բանաստեղծական, թարգմանական, հրապարակախոսական գրքերի հեղինակ, հայտնի նաեւ հայ անվանի կոմպոզիտորների հետ ստեղծած բազմաթիվ երգերով: Հայաստանի գրողների միության եւ Գրողների միությունների միջազգային ընկերակցության նախագահությունների անդամ է, մի շարք գրական մրցանակների դափնեկիր: Տարին գրողի համար հոբելյանական է, որի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք նրան:
-Ե՞րբ եք Ձեր մեջ հայտնաբերել պոեզիան, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Գրականությամբ հրապուրվել եմ վաղ հասակից. 3-4-րդ դասարանից սկսած շատ ընթերցասեր էի, կարելի է ասել` մոլի ընթերցասեր, ով ագահաբար կլանում էր նախ հոր հարուստ գրադարանի, հետո արդեն քաղաքի գրադարանների գրքերը՝ ինչ պատահի: Եվ կարդացածս այդ գրքերի ազդեցության տակ էլ սկսեցի ստեղծագործական փորձեր անել: Քանի որ կարդում էի միայն վեպեր ու պատմվածքներ (դե, երեխան ի՜նչ պիտի հասկանար պոեզիայից), բնականաբար, ինձ փորձում էի արձակի մեջ: Նույնիսկ համարձակվել էի վեպ սկսել: Հետո, ինքս էլ ինձ վրա զարմանալով ու զարմացնելով շատերին, գյուղատնտեսական ինստիտուտի մեխֆակի ուսանող դարձա (այդ տարիներին մեզ մոտ ինժեների մասնագիտությունը շատ հարգի էր): Թվում էր` բարձրագույն մաթեմատիկայի, գծագրական երկրաչափության ու այլ բարդ առարկաների ճնշման տակ պիտի որ գրական հակումներս տեղի տային: Բայց, արի ու տես, որ անսպասելի եկավ եւ պոեզիայի ժամանակը: «Մեղավորը» Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն էր, որ մի օր նվեր ստացա մտերիմ ընկերոջիցս…
Կարդացեք նաև
– Բանաստեղծություն գրելու պահը կարեւոր է յուրաքանչյուր բանաստեղծի համար: Հավանաբար այն յուրաքանչյուրի մոտ դրսեւորվում է յուրովի՞ …
– Ներշնչանքը, մուսա կոչվածը ստեղծագործող մարդու համար զորավոր ուժ է, երեւի բանաստեղծի համար՝ առանձնահատուկ կարեւոր: Ռուսական պոեզիայի մեծ դասական, հրաշալի բանաստեղծուհի Աննա Ախմատովան, ում հայերեն հատորն, ի դեպ, վերջերս տպագրվեց իմ թարգմանությամբ, այսպիսի տողեր ունի.
Հարկավոր չէ բնավ ինձ զորք ներբողական,
Պետք չեն երազային հղացումներ թովիչ.
Բանաստեղծության մեջ, ըստ իս, պիտի միայն
Հանկարծ ու անպատեհ կատարվի ամեն ինչ: Ես լիովին համաձայն եմ, իսկական բանաստեղծությունն, այո, հիմնականում անակնկալ ծնունդ է: Ժամանակին ես էլ այդ թեմային անդրադարձել եմ, հենց «Ներշնչանք» կոչվող մի բանաստեղծությամբ.
Հիմա այն պահն է,
Երբ իմ բառերը չեն կարող ստել,
Ու իմ մեջ ապրող մեղքերը բոլոր
Նստվածք են տալիս հոգուս հատակին…
Մուսայի զորությամբ հատկապես, երբ «բառերը չեն կարող ստել», կարող է լավ բանաստեղծություն ծնվել, հակառակ դեպքում «նշանակետին խփելու» շանսը շատ փոքր է, հիմնականում «անթեւ տողեր» կծնվեն, որով խաբվում են անփորձ, իսկական պոեզիայի «համը չտեսած» ընթերցողները միայն, ովքեր իրենց որպես բանաստեղծություն հրամցվող չափածո (ասենք, հիմա նաեւ արձակունակ) ամեն շարադրանք, պարզունակ խրատաբանություն կամ հակառակը՝ խճողված բառաբարդույթ, պոեզիա են համարում ու, բանաստեղծության հետ գոնե մոտավոր կապ չունեցող հորինվածքների վերաբերյալ, սոցցանցում, այնպիսի հիացական կարծիքներ շռայլում, որ մնում ես մոլորված: Ու այսպես «բանաստեղծների» առատությամբ պոեզիան գնալով արժեզրկվում է:
– Ըստ Ձեզ, ինչո՞վ է մի բանաստեղծը մյուսից տարբերվում: Ի՞նչ պիտի լինի իսկական, լավ բանաստեղծության մեջ …
– Պոեզիայի մասին էլ, ինչպես սիրո մասին, այնքա՜ն բնորոշումներ ու ձեւակերպումներ կան, բայց, միեւնույն է, ամենադիպուկ ու խորիմաստ խոսքերն անգամ նրա էությունը լիովին չեն բացահայտում: «Պոեզիան լեզվի գոյության բարձրագույն ձեւն է»,- ասում է Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին ու ավելացնում.-«Բանաստեղծը լեզվի գոյության միջոց է»: Նրա հետ, իհարկե, չես վիճի: Ոչ էլ մեծն Վոլտերին կառարկես, ով ասում է. «Պոեզիան հոգու երաժշտությունն է»: Էլի շատ, մեկը մեկից դիպուկ ու գեղեցիկ բանաձեւումներ կան՝ «Պոեզիան լավագույն բառերի դասավորությունն է՝ լավագույն կարգով», «Պոեզիան խոսող գեղանկարչություն է», «Որտեղ կյանքն է, այնտեղ էլ՝ պոեզիա՛ն»… Ու բոլորն էլ ճիշտ են, մեկը մյուսին լրացնող ու շարունակող: Եվ ուրեմն, ո՞վ կարող է իրեն բանաստեղծ համարել: Իհարկե նա՛, ով կարողանում է լսել ու բառերով թարգմանել իր հոգու երաժշտությունը, ով այդ թարգմանությունը կատարելիս ի զորու է գտնել ամենահամապատասխա՛ն բառերը ու լավագույնս՝ դասավորել, նա, ով կյանքի, իրականության հանդեպ միանգամայն ուրույն հայացք, ուրույն ընկալումներ ունի եւ ամենահայտնի, ծանոթ բաների մասին խոսելիս անգամ, ինչ-որ «հունարով» կարողանում է դրանք գոնե մի քիչ… նորացնել: Այս վերջինը ես առանձնահատուկ կշեշտեի, որովհետեւ աշխարհի ամենախելացի մտքերն անգամ բանաստեղծություն չեն կարող դառնալ առանց այդ հատկանիշի, որն, իհարկե, վերուստ է տրվում: Պոեզիայի մեծ գիտակ Վալերի Բրյուսովն է ասել. «Ով բանաստեղծ չի ծնվել, հետո երբեք չի դառնա, որքան էլ ջանք թափի»: Իսկ մեծ գերմանացի Հայնրիխ Հայնեն պարզապես 10-ին է խփել. «Նա, ով առաջին անգամ կնոջը ծաղկի հետ համեմատեց, մե՛ծ բանաստեղծ էր, իսկ երկրորդն՝ արդեն միջակություն էր»:
– Արդյո՞ք անհրաժեշտ է, որ բանաստեղծն անպայման որեւէ ուղղության, հոսանքի հարի…
– Դա երեւի տեսակի, խառնվածքի հարց է: Անձամբ ինքս, նախ ենթագիտակցորեն, ապա միանգամայն համոզված, ընդունել եմ Պարույր Սեւակի պատգամը.
Մոռացիր ընդմիշտ
Թե կա քերթություն,
Թե կա դպրություն, գրականություն.
Կա՛ կյանք, Կա՛ լեզու,
Եվ պիտի, տղա՛ս,
Նաեւ խոսելու ցանկություն լինի:
Ես երբեք տուրք չեմ տվել մոդային, ինչ-որ ուղղությունների ու հոսանքների չեմ հարել: Ես ենթարկվում եմ հիմնականում իմ ներքին թելադրանքին, ապավինում ստեղծագործական բնազդին: Եթե «խոսելու ցանկությունը» կա, ասելիքն ինքը հուշում, թելադրում է իր ձեւը: Ես շատ այլ կարեւոր բաներ էլ եմ յուրացրել Սեւակից, էլի՝ նախ ենթագիտակցորեն: Բայց, ասեմ, որ ժամանակ անց, նրա սերնդակից, սակայն նրանից միանգամայն տարբեր Համո Սահյանը նաեւ դարձավ ինձ համար գրական սիրելի ուսուցիչը. այդ նրա շնորհիվ ես ավելի ու ավելի համոզվեցի, որ իսկական գրողը, ինչ ուղղությունների ու իզմերի էլ հարի, ընթերցողի համար ամենից առաջ հաճելի, ցանկալի, հոգեմոտ զրուցակից պիտի լինի, ով եթե ինչ-որ բան է տալիս, փոխանցում նրան, ապա դա անում է գրեթե աննկատ, առանց որեւէ ցույցի կամ պարտադրանքի, նրա հետ մտերմիկ, ներդաշնակ մի հաղորդակցության մեջ:
– Իսկ ո՞րը կամ ի՞նչն եք ստեղծագործական սնման Ձեր գլխավոր աղբյուրը համարում:
– Ինքը կյանքը, ամենբազմազան, լավ ու վատ դրսեւորումներով, հոգեւոր-ստեղծագործական լիցքերի անսպառ աղբյուր է, ստեղծագործության նյութ ու թեմա: Թեեւ, իհարկե, կյանքի տարբեր փուլերում՝ քո զարգացման ընթացքին համապատասխան, «սնման աղբյուրները» փոփոխվում են կարծես: Չէ՞ որ ժամանակի մեջ բոլորս էլ փոխվում ենք, սկսում մի քիչ այլ կերպ զգալ-ընկալել կյանքն ու աշխարհը: Օրինակ, տարիներ շարունակ ինձ մոտ գերակշռում էին սիրային բանաստեղծությունները: Հետո խոհը, ապրած օրվա, ապրած կյանքի իմաստավորումը դարձավ առաջնային: Եվ դրա արդյունքն էին քառյակներս, որ հատուկ որոշումով ու ծրագրով չէ, որ սկսեցին գրվել, այլ ինքնաբերաբար, ներքին ինչ-ինչ տեղաշարժերի, հոգու ու մտքի նոր «փոխհարաբերությունների» շնորհիվ երեւի, ու շարունակվելով՝ ի վերջո ամբողջական գիրք դարձան, անգամ ճանաչվելով այդ տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուն:
– Ի դեպ, ի՞նչ դեր է ունեցել եւ ունի կինը բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի կյանքում:
– Ինձ թվում է, բոլորը կհամաձայնեն, որ առանց կնոջ գրականությունն ու արվեստը անասելի աղքատ ու թերի կլինեին (եթե, առհասարակ, կարող էին գոյություն ունենալ): Դե, հո պատահաբար չի ստացվել, որ հին հունական դիցաբանության մեջ գիտության եւ արվեստի հովանավորը հենց կին է… Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա, բոլոր նրանք, ովքեր շատ թե քիչ ծանոթ են իմ գրքերին, լսել են իմ խոսքերով ծնված երգերը, այդ հարցին ինձնից լավ կարող են պատասխանել: Ամենաառաջին բանաստեղծություններս սիրային թոթովանքներ են եղել: Առաջին գրքույկս կոչվում է «Քեզ սերն է ծնել», երկրորդը՝ «Համբույրի ծաղիկ»… Տասներորդ ժողովածուս վերնագրված էր հենց «Գիրք սիրո» եւ ամփոփում էր նախորդ գրքերիցս ի մի բերված լավագույն սիրային բանաստեղծությունները, իմ խոսքերով ծնված առավել հայտնի սիրային երգերը: Ավելորդ է ասել, չէ՞, որ այդ ամենի առանցքում կինն է: Իմ մի բանաստեղծության առաջին քառատողն այսպիսին է.
Թե չլինեիք դուք հանկարծ, կանայք,
Կյանքն այս կլիներ պարզապես…անկյանք.
Ո՞վ պիտի լցներ մեր հոգին երգով,
Սրտերն՝ արարման լույս ու բերկրանքով:
– Դուք նաեւ թարգմանիչ եք։ Բանաստեղծն ու թարգմանիչը չե՞ն խանգարում իրար։
– Նրանք օգնում ու լրացնում են իրար, եւ ես միայն բարեբախտություն եմ համարում այն, որ արդեն չորս տասնամյակից ավելի իմ ստեղծագործության անբաժան մասն է կազմում նաեւ գեղարվեստական թարգմանությունը, քանզի թարգմանելիս գրեթե նույն վայելքն եմ ապրում, ոնց սեփական ստեղծագործություններիս վրա աշխատելիս: Իհարկե, հատկապես այն դեպքերում, երբ «քեզ մոտիկ» հեղինակի ես թարգմանում:
– Բայց եթե հիշենք Ձեր իսկ թարգմանած, ասենք, երկու համաշխարհային անունների՝ Օմար Խայամ եւ Աննա Ախմատովա, նրանք շատ տարբեր հեղինակներ են…
– Չեմ առարկի: Ես հենց պատրաստվում էի նաեւ ավելացնել, որ ինձ համար ոչ պակաս հաճելի է նաեւ թարգմանական դժվարություններ, տեսանելի ու թաքուն արգելքներ հաղթահարելը: Լինում է, երբ հեղինակը կարծես այնքան էլ «քոնը» չէ, բայց մի տեսակ ձգում, գրավում է` ե՛ւ քեզանից տարբեր ոճ ու մտածողությամբ հենց, ե՛ւ դեռեւս ոչ լիովին հասկանալի ինչ-որ հարազատությամբ, որն աշխատանքի ընթացքում է միայն բացահայտվում: Ախմատովայի առումով հենց այս տարբերակն էր, իսկ Խայամը ի սկզբանե ինձ շատ հոգեհարազատ էր ու սիրելի: Առհասարակ, թարգմանական արվեստն ինչ-որ տեղ դերասանական արվեստի հետ կարելի է համեմատել. ինչպես լավ դերասանը, իսկական պրոֆեսիոնալը պիտի կարողանա, պարտավո՛ր է ստեղծագործական իր ողջ զինանոցն առած՝ մտնել հերթական հերոսի «մաշկի տակ» նրա ներաշխարհ, հոգու գաղտնարանները թափանցել, այդպես էլ թարգմանիչը ողջ աշխատանքի ընթացքում պիտի «վերամարմնավորի», բացահայտի ա՛յն hեղինակին, ում թարգմանում է: Եթե անկեղծ՝ ե՛ւ հաճելի, ե՛ւ տանջալի մի ընթացք է դա, ավելի ճիշտ` բերկրալի տանջանք: Իսկ երբ որոշ դեպքերում քեզ հուսահատության մատնող արգելքներ ես կարողանում հաղթահարել, վայելքը բազմապատկվում է, կարծես նորից ու կրկին սիրահարվում ես ոսկեղենիկ հայոց լեզվին:
– Ի՞նչ զգացում են հարուցում Ձեր մեջ Ձեր տողերով բեմից կամ եթերից հնչող երգերը…
– Այն, որ իմ խոսքերով շատ երգեր կան ու դրանցում քիչ չեն սիրված, ընդունված երգերը, իհարկե, միայն հաճելի է: Մանավանդ ներկայիս իրականության մեջ, երբ հստակապես պոեզիա ընթերցողների թիվը շատ է կրճատվել, ու գրքերը երկար ժամանակ մնում են գրախանութներում՝ երգերն ինչ-որ տեղ «բացը լրացնում» են ու նաեւ առիթ դառնում ունկնդիրների ուշադրությունը նաեւ բանաստեղծություններիս վրա հրավիրելու (տարբեր առիթներով նման խոստովանություններ լսել եմ իմ ընթերցողներից): Անշուշտ, առանձնահատուկ հաճելի է այն դեպքերում, երբ անակնկալ ես իմանում երգի մասին. երգահանը նկատել, հավանել-առանձնացրել է քո բանաստեղծությունը եւ, ինչպես ասում են, հայտնաբերել տողերում ապրող, հաճախ խորքերում թաքնված մեղեդին: Ափսոս միայն, որ հիմա մեզանում (եւ ոչ միայն մեզանում) գրեթե մոռացվել է հրաշալի այդ ավանդույթը, երբ երգահանները գեղեցիկ, հոգեհույզ, ազգայինով շնչող երգեր էին ստեղծում իրենց նախընտրած բանաստեղծությունների հիման վրա: Քչերը ու հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են դա կարողանում անել, շատերը գնում են հեշտ ճանապարհով, նախընտրում երգ դարձնել արդեն պատրաստի մեղեդիները: Այդ տարբերակն էլ, իհարկե, ընդունելի է. բայց միայն այն դեպքում, եթե խոսքերը գրում են ոչ թե պատահական, պոեզիայից հեռու մարդիկ, այլ իսկապես օժտված, այդ գործում հմուտ ստեղծագործողներ:
– Ձեզ գնահատված զգո՞ւմ եք. ի՞նչ գրական մրցանակներ ունեք ու ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
– Պարգեւ-մրցանակներ, այո, կան, երեւի առանձնապես դժգոհելու իրավունք չունեմ. բոլոր այն ոլորտներում, որտեղ ինձ կարողացել եմ դրսեւորել՝ որոշակի գնահատանք եղել է, որն, իհարկե, թե ոգեւորել, թե պարտավորեցրել է: Պատիվ եմ համարում, որ Հայաստանի գրողների միության թե պոեզիայի՝ «Ավետիք Իսահակյան» մրցանակի, թե «Կանթեղ», «Հովհաննես Մասեհյան» երկու հեղինակավոր թարգմանական մրցանակների դափնեկիր եմ, իսկ հրապարակախոսության ոլորտում արժանացել եմ Համահայկական գրական հիմնադրամի հատուկ մրցանակի: Իմ խոսքերով մի շարք երգեր եւս հաղթող են ճանաչվել տարբեր մրցույթ-փառատոներում: Ու երեւի այս ամենի ու չնշված մի քանի այլ պարգեւների հավաքական արդյունքն է այն, որ ստեղծագործական իմ գործունեությունն ընդհանրապես արժեւորվել է Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար», մեդալներովով, նաեւ նրանով, որ հայրենի Գավառ քաղաքի Պատվավոր քաղաքացի եմ, Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալակիր: Բոլորից խորապես շնորհակալ եմ գնահատանքի համար: Մնում է հետագա իմ գործունեությամբ եւս կարողանամ արդարացնել այդ ուշադրությունը …
Աթթա ԴԵՐԳԱՄ
Հ. Գ. Աթթա Դերգամի զրույցը բանաստեղծի հետ հրապարակում ենք որոշ կրճատումներով՝ իհարկե մենք էլ շնորհավորելով, ստեղծագործական հաջողություններ մաղթելով հոբելյարին:
«Առավոտ» օրաթերթ
11.07.2024