Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուղերձներ Շուշիից. «Թյուրքական աշխարհը», Ադրբեջանի «պատմական հաղթանակը» եւ Մոսկվայի շահը

Հուլիս 12,2024 12:00

Պուտինն` Ալիեւին. Մոսկվան պետք է մնա «մրցավարը»

Անցյալ շաբաթ Աստանայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հավաստիացրեց, թե Մոսկվան միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության օրակարգի առաջ մղմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահին տեղեկություններ է փոխանցել հայ-ադրբեջանական կարգավորման մասին։ Այլ մանրամասներ չհաղորդվեցին։

Հայաստանից եւ Ադրբեջանից վերջերս նշում էին, թե հայ-ադրբեջանական բանակցություններն առանց միջնորդների են ընթանում, որն առավելապես գոհացնում էր Բաքվին: Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ հաղորդագրություններից հստակ չէր, թե արդյոք Պուտինն Ալիեւին կոնկրետ առաջարկներ է արել։ Սակայն, այնուամենայնիվ, նա հարկ է համարել նշել, որ Մոսկվան պատրաստ է «ներգրավել» գործընթացում:

Հիշեցնենք, Պուտինն ու Ալիեւը մասնակցեցին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հանդիպման հրապարակային հատվածում նրանք հայ-ադրբեջանական հարաբերություններին չանդրադարձան, սակայն գոհունակությամբ խոսեցին երկու դաշնակցային երկրների ակտիվորեն զարգացող եւ խորացող հարաբերությունների մասին։ «Մենք միմյանց հետ հանդիպում ենք գրեթե ամեն ամիս, միշտ շատ բան ունենք քննարկելու: Առանցքային առեւտրատնտեսական համագործակցության հարցում մենք խնդիրներ չունենք: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 4 միլիարդից ավելի է եւ աճել է 13 տոկոսով», – ասաց Պուտինը: Ալիեւն էլ իր հերթին շեշտեց. «2022-ին Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակցային հռչակագիր ստորագրեցին, որի բոլոր կետերն արտացոլված են իրական կյանքում: Արդեն երկու տարի է՝ մենք արդյունավետ համագործակցում ենք որպես դաշնակիցներ»:

Ղազախստանի մայրաքաղաքում, գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցող ՌԴ նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ։ Պուտին-Էրդողան հանդիպումը մոտ մեկ ժամ էր տեւել։ Հիշեցնենք, հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինը մեղմորեն քննադատեց Անկարային` Կիեւին ռազմական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաեւ այն փաստի համար, որ թուրքական իշխանությունները հետեւողականորեն խորացնում են համագործակցությունն արեւմտյան ֆինանսական կառույցների հետ` ներդրումներ ու վարկեր ստանալով։ Միեւնույն ժամանակ, արդեն մի քանի ամիս է, ինչ հետաձգվում է Պուտինի այցը Թուրքիա:

Այդուհանդերձ, Աստանայում Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինն ընդգծեց, որ չնայած աշխարհում առկա բոլոր խնդիրներին՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են: Էրդողանն էլ Պուտինին հրավիրեց Թուրքիա, ՌԴ նախագահը պատասխանեց, որ անպայման կայցելի, սակայն ժամկետներ չնշեց: Էրդողանը հայտնեց, որ Անկարան եւ Մոսկվան բանակցում են Թուրքիայում մեկ այլ՝ Սինոպ ատոմակայանի կառուցման շուրջ. «Ես հավատում եմ, որ մենք կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Նպատակ ունենք ՌԴ-ի հետ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի։ Վստահ ենք, որ այս նպատակին հասնելու ներուժ ունենք»:

Պուտինի ու Էրդողանի հետ հանդիպումներից հետո Ալիեւը ժամանեց Ստեփանակերտ: Հուլիսի 5-6-ը Շուշիում հավաք էր: Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում եւ Հայաստանի դաշնակիցները, այնտեղ էին շտապում մասնակցելու` Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ երկրների շարքում էին` Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, նաեւ` Հունգարիայի առաջնորդները, բացի Թուրքիայի նախագահից (Էրդողանը նախընտրեց մեկնել Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդեռլանդներ հանդիպմանը)։ Շուշի էր ժամանել նաեւ կազմակերպության մեկ այլ դիտորդ, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը՝ Էրսին Թաթարը։

Էրդողանին գագաթնաժողովում փոխարինեց արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Շուշիում Ֆիդանի հետ առանձնազրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ են խոսել բոլոր ոլորտներում «եղբայրական, բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման մասին»։ Ալիեւն ու Ֆիդանը քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական, հայ – թուրքական հարաբերությունները, այլ մանրամասներ չէին հաղորդվում։

2009-ին Նախիջեւանում ստեղծված թյուրքախոս պետություններին միավորող կազմակերպության հավաքի օրակարգից մեկ հարց էր հայտնի, մասնակիցները հավաքվել էին` «Ղարաբաղյան հռչակագիր» ընդունելու, որը ներկայացվում էր որպես «պատմական հայտարարություն՝ կազմակերպության զարգացման եւ նպատակների իրականացման տեսանկյունից»։

Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին բավական մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացրեց: Օրբանը դարձավ Եվրամիության անդամ երկրի առաջին առաջնորդը, որն այցելեց Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ Շուշի այցելությունից եւ ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից

Հունգարիան հուլիսի 1-ից վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը: Վիկտոր Օրբանը համարվում է Ռուսաստանի հետ սերտ կապերով հայտնի պետության ղեկավար։ 2010-ից Հունգարիան ղեկավարող Օրբանը հանդես է գալիս Կրեմլի հետ բարեկամական հարաբերությունների օգտին, պարբերաբար խնդիրներ է ստեղծել Եվրամիության համար՝ դեմ արտահայտվելով ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այնպես էլ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։

Ահա հուլիսի 5-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանեց Ադրբեջան՝ մասնակցելու Շուշիում մեկնարկող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Օրբանի օդանավը վայրէջք էր կատարել Ֆիզուլիի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել էր Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, դժգոհության նոր ալիք է առաջացրել Բրյուսելում՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր չհամաձայնեցված մասնակցությամբ, գրեց dw.com-ը: Աղբյուրը նշում էր, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Շեշտվում էր, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի եւ այդ կազմակերպության միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Հունգարիան ԵՄ խորհրդի կողմից թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետ հարաբերություններ զարգացնելու մանդատ չի ստացել։ «Վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդից մանդատ չի ստացել ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում», – գրել էր Բորելը։

«ԵՄ-ն մերժում է Թյուրքական պետությունների կազմակերպության փորձերը՝ օրինականացնել անջատողական կիպրական թուրքական միավորումը, այսպես կոչված, միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ… ԵՄ-ն բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակներում, հստակ հայտարարել է, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին համապատասխան», – նշված է Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում, ամոթ է Հունգարիայի համար եւ սկանդալ՝ Եվրոպայի համար։ Մի՞թե Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», X սոցիալական հարթակի իր էջում գրել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:

Պահանջներ ու ակնարկներ Հայաստանին` Շուշիից

Թուրքիան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի համատեքստում դժգոհ է արեւմտյան մի շարք երկրների դիրքորոշումից, Շուշիում նման հայտարարություն արեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ներկա բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ «Այս համատեքստում հատկապես բարձր ենք գնահատում Ադրբեջանի ամուր վճռականությունը եւ համաձայնագրի կնքման հարցում նրա դրական մոտեցումը։ Բայց մեզ չի բավարարում արեւմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին եւ անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ իբրեւ թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հաջողության հանգեցնի», ասել էր Ֆիդանը։ Նա նաեւ ընդգծել էր, որ պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար, ինչը տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային լոգիստիկ կարողությունների վրա դրական ազդեցություն կունենա։

Իսկ Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազն ասել է, որ Թուրքիայից Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային նախագծի՝ Կենտրոնական միջանցքի զարգացման վրա աշխատանքը կօգնի ամրապնդել թյուրքական պետությունների միջեւ համագործակցությունը եւ ընդգծել է թյուրքական աշխարհի գլոբալ դերը: Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի վաղ ստորագրումը կվերացնի Հարավային Կովկասի տարածաշրջանային համապարփակ լուծման ամենամեծ խոչընդոտը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հաստատումը մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ համաշխարհային անվտանգության եւ կապի համար, քանի որ վերջապես կբացվեն տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Սա մեծ օգուտներ կստեղծի ողջ թյուրքական աշխարհի համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Սեւ ծովի եւ Կասպից ծովի ավազանների համար՝ շնորհիվ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման եւ նոր հնարավորություններ կբացի: Մենք ասում ենք՝ Ղարաբաղը Ադրբեջան է, միշտ կլինի Ադրբեջան։ Պատմական հնարավորություն կա. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շուտով խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար», նշել է Թուրքիայի փոխնախագահը:

«Որպես Կազմակերպությունում մեր նախագահության մաս՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հաշտարարության» սկզբունքին։ Այս առումով ես կցանկանայի ընդգծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման դրական միտումները», սա էլ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հայտարարությունն է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում։ Տոկաեւը հավաստիացրել է, որ Ղազախստանը միշտ աջակցում է խաղաղապահ ջանքերին. «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի տրամադրել մեր հարթակը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների համար»։

Իսկ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը Ադրբեջանի կողմից հայկական Շուշի քաղաքի բռնազավթումն` «ադրբեջանական ժողովրդի պատմական հաղթանակի խորհրդանիշ» է անվանել։ Նա Ալիեւի կողմից Արցախում պատմական ժառանգության ոչնչացումը որակել է որպես «վիթխարի ստեղծագործական աշխատանք»։ Ուզբեկստանի նախագահն արցախահայության դեմ Բաքվի ագրեսիան ընդդեմ Արցախի, փաստորեն, «պատմական արդարության վերականգնում» է համարել։

Դե իսկ Ալիեւը հավաքի մասնակիցներին հայտնել է, որ նախատեսում է Արցախում մինչեւ տարեվերջ բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու:

«Բոլոր երկրների թուրքերը միավորվեցին» Շուշիում, փաստեցին, որ Մոսկվայի շահերն էլ են այնտեղ պաշտպանվում

Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ադրբեջանական իշխանական քարոզչական գործիքներից մեկն անդրադարձել էր կազմակերպությունում ռուսական շահերի թեմային:

Ընդհանուր պատկերն այսպիսին էր` չնայած Ռուսաստանը պաշտոնապես դիտորդ չէ այս կազմակերպությունում, սակայն «Մոսկվայի շահերն այս կառույցում ակնհայտորեն առկա են` բազմաթիվ ուղղություններով»։ Որպես հիմնավորում բերվում էր այն հանգամանքը, որ նախկինում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հաճոյախոսություններ են արել Թյուրքական խորհրդի վերաբերյալ:

Ավելին, ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան նույնիսկ բխեցրել էր, որ կառույցի զարգացումը կարող է խրախուսել ռուսական ռազմավարական պլանավորումը՝ փոփոխելու հետխորհրդային այնպիսի ձեւաչափերն, ինչպիսիք են` ԱՊՀ-ն ու ԵԱՏՄ-ն, ու նախաձեռնել նոր կառույցի ձեւավորում՝ մասնակիցների լայն շրջանակով, որոնք պատրաստ են համատեղ գործել եւ իրենց շահերը հավասարակշռել Ռուսաստանի շահերի հետ. «Հայեցակարգային առումով սա պետք է նմանվի նոր հարթակի, որը միավորում է թյուրքական եւ, հնարավոր է, արաբական երկրները` Իրանի հետ մեկ աշխարհաքաղաքական ամբողջության մեջ»։ Ըստ ադրբեջանական քարոզիչների՝ բոլոր ուղղություններով թյուրքական միավորումը Ռուսաստանի եւ Բելառուսի համար ամենամոտ հարթակն է եւ, մեծապես համընկնում է հետխորհրդային ԱՊՀ-ԵԱՏՄ ձեւաչափերի շահերի հետ։

Այսինքն, փաստը, որ Թյուրքական պետությունների կազմակերպության յուրաքանչյուր անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնության կամ գործընկերն է, կամ դաշնակիցը, քաղաքական ու տնտեսական տեսանկյունից ՌԴ-ի շահերից բխում է ներկայացված լինել այդ կառույցում, համարում են Բաքվում: «Այսպիսով, թյուրքական գաղափարը կարող է դառնալ ոչ միայն էթնոմշակութային եղբայրության խորհրդանիշ, այլեւ խթանել համատեղ սոցիալ-տնտեսական դինամիկան, զարգացնել գիտատեխնիկական առաջընթացը եւ լինել արտատարածաշրջանային ինտեգրման եվրասիական խոշոր նախագծերի անբաժանելի մասը», եզրակացրել էր ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան ներկայացնող լրատվամիջոցն իր առաջնորդողում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031