Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման եւ հանրահռչակման կարեւորագույն կենտրոն է»

Հուլիս 12,2024 13:30

Հարցազրույց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հետ

– Հարգարժան տիկին Քոչար, այս տարի հանճարեղ նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը համընկավ թանգարանի բացման 40-րդ տարվա հետ։ Այժմյան թանգարանը մաեստրոյի համար ոչ միայն արվեստանոց էր, այլեւ երկար տարիներ նրա բնակվելու միակ վայրը։ Հունիսի 21-ին ազդարարվեց մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Ընդ որում, միջոցառումներ են կայանում ոչ միայն Երեւանում, ՀՀ մարզերում, այլեւ արտասահմանում։

Մեզ հետաքրքրում է մեծանուն արվեստագետի թանգարանի հետ կապված ցանկացած դրվագ՝ ստեղծումից մինչեւ…

– Այստեղ՝ Քոչար ընտանիքի հյուրընկալ հարկի տակ հավաքվում էին ժամանակի մեծերը՝ Ավետիք  Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Կոստան Զարյանը, Արմենակ Շահմուրադյանը…, նաեւ 50-60-ականների արվեստով ոգեւորված եւ ճշմարտության ծարավի երիտասարդներ, որոնց համար Քոչարը մեծագույն արվեստագետ լինելուց զատ՝ ուսուցիչ էր, մարդ, որ նույնիսկ ստալինյան բռնապետության տարիներին չէր կորցրել ներքին անկախությունը եւ կարող էր  առանց հետեւանքների մասին խորհելու ասել ինչ մտածում էր:

Թանգարանի ստեղծման գործում անգնահատելի է հիմնադիր տնօրենի՝  Քոչարի տիկնոջ՝  Մանիկ Մկրտչյանի դերը։  Առհասարակ, խոսելով Քոչարի երեւանյան շրջանի մասին, հնարավոր չէ չհիշել, որ մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման, անհատական ցուցահանդեսների կազմակերպման, մոնումենտալ քանդակների տեղադրման հետ կապված բոլոր բարդություններն ու դժվարությունները հաղթահարվել են միայն տիկին Մանիկի կազմակերպչական տաղանդի եւ անսպառ եռանդի շնորհիվ: Ցավոք, Մանիկ Մկրտչյանը վախճանվեց թանգարանի բացումից 3 ամիս անց: Եվ թանգարանի հաջորդ տնօրենը դարձավ իմ  մայրը՝ Լալա Քոչարը՝ մաեստրոյի որդու՝ Հայկազ Քոչարի կինը: Նրա գործունեության տարիներին տեղադրվեցին Մելանխոլիա արձանը ՆՓԱԿ-ի առջեւ, Բիբլիական Դավթի քանդակը՝ Ազգային ժողովի բակում, Էրեբունի-Երեւան տարածանկարի 1.5 անգամ մեծացված օրինակը Մատենադարանի նորակառույց մասնաշենքում, կազմակերպվել են նշանակալի ցուցադրություններ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, տպագրվել են գրքեր, ալբոմներ:

– Քոչարը ներկայացված է աշխարհի բազմաթիվ թանգարաններում։

– Այո, այսօր Երվանդ Քոչարը ներկայացված  է  աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու հավաքածուներում՝ Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների թանգարանում, Բախրուշինի անվան թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Պուշկինի անվան թանգարանում, նաեւ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում՝ Պոմպիդու կենտրոնում:

– Համակարծիք կլինե՞ք, որ միայն այստեղ է հնարավոր ամբողջությամբ ճանաչել մեծանուն արվեստագետին։

– Իրավացի եք։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել  արվեստագետի  անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են թիֆլիսյան, փարիզյան, երեւանյան շրջանների գեղանկար, գրաֆիկ,  քանդակ աշխատանքները, տարածական  նկարներ,  սեղմումով գործեր,  անձնական իրեր, պատմական  ավանգարդի մեծերի՝  Պիկասոյի, Ռոբերտ Դելոնեի, Օզանֆանի, Հերբինի, Ցադկինի, Լ. Ռոզենբերգի, Վ. Ժորժի եւ մյուսների հետ Քոչարի առնչությունների մասին պատմող փաստաթղթեր, ցուցահանդեսային գործունեությունը ներկայացնող վավերագրեր, լուսանկարներ  եւ  այլ հազվագյուտ վկայություններ: Նշեմ, որ աշխարհի միայն 2 թանգարանում կան Քոչարի տարածական նկարներից. այստեղ՝ երեւանյան թանգարանում  եւ Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում` Պոմպիդու կենտրոնում:

– Թանգարանի դերը մեծ է նաեւ տարածաշրջանում։

– Այո, թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման եւ հանրահռչակման կարեւորագույն կենտրոն է: Ի դեպ, մեր օրերում թանգարանները եզակի հնարավորություն ունեն ներազդելու մարդու ողջ զգայական համակարգի վրա՝ տեսողության, լսողության, հպազգայության,  հոտի, անգամ համի  եւ տարածությունում կողմնորոշվելու հատկության հետ: Եվ ժամանակակից թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կազմակերպել նորատիպ ցուցադրություններ՝ ներկայացված ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելով նաեւ նորագույն եղանակներով  եւ ոգեշնչող մթնոլորտ ստեղծելով: Առաջնորդվելով այս մոտեցումներով, այսօր մեր թանգարանի կազմակերպած մշակութային գործունեության բոլոր ձեւերը նպատակաուղղված են ստեղծել էսթետիկ հանգստի լիարժեք պայմաններ:

– Գաղտնիք չէ, որ հենց Քոչարը Հայաստան բերեց ժամանակակից արվեստ…

– Ավելին՝ նա կոտրեց սոցիալիստական ռեալիզմի կաղապարները եւ հաստատեց արվեստագետի ազատ ու անկաշկանդ ստեղծագործելու իրավունքը: Երվանդ  Քոչար  արվեստագետը  Հայաստանի  մշակութային  բրենդներից է:  Եվ կարծում եմ, մեր եւ պետության համատեղ ջանքերի, գրագետ ռազմավարության արդյունքում աշխարհը նորովի կբացահայտի Երվանդ Քոչար արվեստագետին եւ նորարարին, ով  Հայաստանին ու աշխարհին  է նվիրել քարի, մետաղի կամ կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ: Քոչար արվեստագետի ստեղծագործական ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենաուշագրավ դրսեւորումներից է՝ նկարիչ, քանդակագործ, արձանագործ, որը Փարիզում 1923-1936 թթ. եռանդուն մասնակցել է ավանգարդ արվեստի կերտմանը:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031